
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ուկրաինական հակամարտության շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները բարդ և ժամանակատար է անվանել։
«Լարված աշխատանք է ընթանում: Մենք խոսում ենք ամերիկացիների հետ: Գործընթացը բարդ է և շատ ժամանակ է պահանջում, պետք չէ ակնկալել ակնթարթային արդյունքներ, այդ աշխատանքը չի կարող հրապարակային լինել»,- ասել է Պեսկովը բրիտանական Financial Times թերթին տված մեկնաբանությունում:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչն իր հերթին թերթին հայտնել է, որ չի կարող տեղեկատվություն տրամադրել «բանակցությունների բովանդակության մասին»։
Financial Times-ը մեջբերել է նաև անանուն ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը, որն ասել է, որ Կիևը դրական է արձագանքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա թիմի առաջարկած կարգավորման որոշ գաղափարներին։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե ամերիկյան առաջնորդի կոնկրետ որ նախաձեռնությունների մասին է խոսքը։
Ավելի վաղ New York Post-ը հայտնել էր, որ Թրամփի ծրագիրը կարող է ներառել Կիևի կողմից վերահսկվող տարածքներում եվրոպական զորքերի տեղակայման մասին կետ։ Բացի այդ, քննարկվում է «համատեղ հանձնաժողովի» ստեղծման հարցը, որում կընդգրկվեն Ռուսաստանի, Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երրորդ երկրի ներկայացուցիչներ՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար։




