ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Բնակչության մի մասը չի վճարի աղբահանության համար, մյուս մասն ավելի շատ կվճարի․ քաղաքապետարանը սահմանել է արտոնություններ որոշ խմբերի համար

Երևանի քաղաքապետարանն այսօր աղբահանության վճարի արտոնություն է սահմանել որոշակի խմբերի քաղաքացիների համար։ Որոշումը կտարածվի 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագող իրավահարաբերությունների վրա։ Ըստ նախագծի՝ աղբահանության համար նախատեսվածից ավելի վճարած քաղաքացիները ևս կօգտվեն արտոնությունից։ Այդ գումարը գերավճարի տեսքով կմնա տվյալ  քաղաքացու հաշվին կամ կմարվի նրա հետագա պարտավորություններից։ Քաղաքացու ցանկությամբ ավելի վճարած գումարը հնարավոր է նաև հետ ստանալ։  

Հունվարի 1–ից մայրաքաղաքում աղբահանության վարձավճարի մեթոդաբանության փոփոխությունից հետո Երևանի քաղաքապետարանը որոշեց ֆինանսական լրացուցիչ բեռը մեղմելու համար աղբահանության վճարի արտոնություն սահմանել որոշակի խմբերի քաղաքացիների համար։ Բացի նրանցից՝ այդ արտոնությունից կօգտվեն ամսական մինչև 10 կՎտ էլեկտրաէներգիա սպառող,  մեծ մակերեսով շենքերի և շինությունների սեփականատերերը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանի խոսքով՝ աղբահանության վճարի նկատմամբ կկիրառվի 100 տոկոս արտոնություն։ Աղբավճարից կազատվեն հետևյալ խմբերի քաղաքացիները․

«Մասնավորապես՝ առաջարկվում է արցախյան պատերազմների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական  հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ  զոհված, գերեվարված կամ անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ  մահացած ճանաչված անձանց կամ նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև  ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող կամ առաջին, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին պատկանող բնակելի նպատակային նշանակության շինություններում աղբահանության վճարի նկատմամբ կիրառել արտոնություն տեղական վճարի  դրույքաչափի նկատմամբ  զրոյական  դրույքաչափի կիրառմամբ՝ տրամադրելով 100 տոկոս արտոնություն»։

Արտոնություններից կօգտվեն նաև չաշխատող միայնակ կենսաթոշակառուները։ Այլ արտոնություններ են սահմանվել բազմաբնակարան շենքերում 65 քմ մակերեսը գերազանցող բնակարանների և 75 քմ–ը գերազանցող առանձնատների համար։

«Բնակելի մակերեսի մեծացմանը զուգընթաց՝ բնակվող անձանց թիվը չի ավելանում նույն համաչափությամբ։ Դրանից ելնելով՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի 65 քմ գերազանցող յուրաքանչյուր քմ մակերեսի համար նախատեսվում է սահմանել 50 տոկոսի չափով արտոնություն, իսկ անհատական բնակելի տների համար 75քմ գերազանցող յուրաքանչյուր քմ–ի համար սահմանել 75 տոկոս արտոնություն»։

Մինչև 90 քմ մակերես ունեցող բնակարանները կազմում են ընդհանուր բնակարանային ֆոնդի մոտ 90 տոկոսը։ Բնակարանների սեփականատերերի շուրջ 90 տոկոսի  համար աղբահանության վճարը կտատանվի 300–ից 1․000 դրամի սահմաններում, իսկ առանձնատների  սեփականատերերի համար՝ 500–ից  1․300 դրամի սահմաններում։

100 տոկոս արտոնություն կսահմանվի նաև առանձին կառուցված ավտոտնակների համար։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության  անդամ  Գրիգոր Իսկանդարյանն այս առումով առարկություններ ուներ։

«Ստացվում է ի՞նչ, որ երեք ամիս առաջ  միայնակ կանգնած ավտոտնակները աղբ էին գեներցնում, հիմա՝ ոչ, չե՞ն գեներացնում։ Ի՞նչ պատահեց այս ընթացքում․ ծանոթ–բարեկամի ավտոտնակներ կան, որոնք պետք է ազատվեն վարձերից»։

Նախագիծը ներկայացնող պաշտոնյան տեղեկացրեց, որ 2025 թվականից առաջ էլ  այն ավտոտնակները, որոնցում որևէ տնտեսական գործունեություն չէր իրականացվում, աղբահանության վճարից ազատված էին։

Աղբահանության վճարը բարձրացնելուց հետո 2025 թվականին որքա՞ն գումար եք կանխատեսում հավաքագրել՝ հետաքրքրվեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը։ Մոտավորապես 8-9.000 մլն դրամի չափ՝ ասում է Դավիթ Հակոբյանը․

«Այսինքն՝ եթե 4 մլրդ էր հավաքվել նախորդ տարի, ապա  մոտ 8-900 մլն–ի չափով պոտենցիալի ավելացում ենք նախատեսում։  Ու դա ոչ թե  վճարող քաղաքացիների համար էական  ավելացմամբ է գոյանալու, այլ այն անձանց մասով, ովքեր որ  նախկին  մեթոդով կիրառման դեպքում, երբ որ փաստացի  բնակվող անձինք արդյունքում ավելի  պակաս էին վճարում,  այդ մարդիկ, երբ  որ սկսեն վճարումները կատարել, դրա հետևանքով է դա ավելանալու»։

Աղբահանության վարձը բարձրացնելուց առաջ պետք էր լուծել աղբավայրերի հարցը՝ ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության  անդամ Զարուհի Փոստանջյանը։

«Եթե մենք չենք լուծում աղբի հարցը, իսկ մենք դա տարիներ ի վեր չենք լուծել, և մենք ունենք երկու խոշոր աղբավայր Երևանում՝ մեկը նուբարաշենի աղբավայրը, մյուսը Աջափնյակինը, ինչու ենք բարձրացնում աղբի վարձը»։

 Նա կարծում է, որ Երևանում առկա աղբավայրերը չեն համապատասխանում սանիտարահիգինեիկ պայմաններին և շահագործվում են չհամակարգված կերպով։ Նոր աղբավայրի կառուցման համար 3 ուղղությամբ ուսումնասիրվող ծրագրեր կան՝ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Մեկը Համաշխարհային բանկի հետ է։ Մյուսով կմասնակցեն Սոֆիայում՝ աղբի վերամշակմանը նվիրված գիտաժողովին։

«Ունենք երկրորդ ծրագիրը, որը ՎԶԵԲ-ի հետ է. որոշակի աշխատանք է տարվել շատ երկար ժամանակ՝ 10 տարուց ավելի: Մենք այդ ծրագիրը չեղարկեցինք, որովհետև հասկացանք, որ հեռանկար չունի, որովհետև տրամաբանությունն ի սկզբանե սխալ էր դրված այդ ծրագրում: Եվ ունենք երրորդ տարբերակը, որը ամենահավանականն եմ համարում, այն է՝ երկփուլ մրցույթի տրամաբանությամբ, քաղաքապետարան-մասնավոր միջազգային որևէ գործընկերության տրամաբանությամբ իրականացվելիք ծրագիրը, որն իր մեջ կներառի աղբավայրի փակում և նոր վերամշակման կայանի կառուցում: Ամենահավանական տաբերակը երրորդն է»:

Քաղաքապետարանը դեռ վերջնական պատասխան չի տվել ո՛չ ՎԶԵԲ-ին, ո՛չ Համաշխարհային բանկին։ Առաջարկների փաթեթների հիման վրա երկփուլ մրցույթ են հայտարարել։

Աղբավճարների համար սահմանված արտոնություններով  համակարգը եկող շաբաթվանից լիարժեքորեն կգործի։ Բանկային համակարգերի և  վճարահաշվարկային կազմակերպությունների  միջոցով  վճարումներ կատարել  հնարավոր կլինի մայիս–հունիս ամիսներին։ Մինչև այդ  քաղաքացիները կարող են վճարել թաղապետարաններում։ Մինչև մայիսի մեկը չվճարած քաղաքացիների նկատմամբ տույժ–տուգանքներ չեն սահմանվի։

Կարդացեք նաև

Back to top button