
2025 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել ամերիկահայ հայտնի գործարար և բարերար «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը:
ՋԵՐԱՐԴ ԼԵՈՆ ԳԱՖԷՍՃԵԱՆ (1925–2013 թթ.)․ ծնվել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, Հայոց ցեղասպանությանը նախորդող տարիներին ԱՄՆ ներգաղթած հայ ընտանիքում: Ավարտելով ավագ դպրոցը՝ ծառայության է անցել ամերիկյան ռազմածովային նավատորմում, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին:
Ուսանել է Նյու Յորքի Հանթեր քոլեջում և Սենթ Ջոնս համալսարանի Իրավագիտության բարձրագույն դպրոցում: Եղել է Նյու Յորքի փաստաբանների ասոցիացիայի անդամ:
1950-ական թթ. սկսել է իր երկարամյա մասնագիտական գործունեությունը «Ուեսթ Փաբլիշինգ» հրատարակչությունում և տարիներ հետո ստանձնել ընկերության գործադիր փոխնախագահի պաշտոնը: Հասնելով բիզնես հաջողությունների՝ Գաֆէսճեանը զբաղվել է բարեգործությամբ՝ հիմնականում կենտրոնանալով Հայաստանի վրա։ Նա եղել է Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, զգալի նվիրատվություն է կատարել թանգարանին ու ցեղասպանության զոհերի հուշակոթողի կառուցմանը։
1996 թ. ստեղծել է «Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամը, որի միջոցներով իրագործվել են բազմաթիվ հայրենանպաստ ծրագրեր։ 2009 թ. Երևանի Կասկադ ճարտարապետական համալիրում բացվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որը եզակի հարթակ է՝ հանրությանը ներկայացնելու Գաֆէսճեանի մասնավոր հավաքածուի, արվեստի տարբեր ուղղությունների և հայտնի արվեստագետների բարձրաճաշակ ու յուրօրինակ գործերը: Տարեկան ավելի քան մեկ միլիոն այցելու հյուրընկալող համալիրը այսօր դարձել է Երևանի կարևորագույն մշակութային վայրերից մեկը:
Մինեսոտա նահանգում կա մշակութային և պատմական արժեք ներկայացնող կարուսել, որը կրում է Գաֆէսճեանի անունը՝ ի գնահատանք կարուսելի ապամոնտաժումն ու վաճառքը կանխելու նրա ջանքերի։
Դիմերես՝ հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր, հեղինակ՝ Ֆ. Առաքելյան), «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» և «GRATITUDE» մակագրությունները:
Դարձերես՝ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի դիմապատկերը և «Կրկեսային շքերթ Պարկ սիթիում» ոսկերչական իրի պատկերը (հեղինակ` Մ. Ռիկեր):
Էսքիզների հեղինակներ՝ Հարություն Սամուելյան (դիմերես), Վարդան Վարդանյան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
| Անվանական արժեքը | 10 000 դրամ |
| Մետաղը/հարգը | ոսկի 9000 |
| Քաշը | 8,6 գ |
| Տրամագիծը | 22,0 մմ |
| Որակը | պրուֆ |
| Դրամաշուրթը | ատամնավոր |
| Թողարկման քանակը | 300 հատ |
| Թողարկման տարեթիվը | 2025 |




