
Հյուսիսային պողոտայում տեղադրվել է կարատեի երևանյան Եվրոպայի առաջնության հետհաշվարկի ժամատախտակը, հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը:
Մրցաշարի մեկնարկից 15 օր առաջ հետհաշվարկը պաշտոնապես ազդարարել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը:
Ողջունելով ներկաներին՝ Ավագյանը շնորհավորել է Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնության առթիվ: Նա նաև հաջողություն է մաղթել մրցաշարի մասնակիցներին և կազմակերպիչներին` նշելով.
«Կարատեի Եվրոպայի մեծահասակների հոբելյանական՝ 60-րդ առաջնության անցկացումը վստահվել է Հայաստանին, ինչը մեծ պատիվ է: Հերթական անգամ մեր երկիրը մարզական խոշոր միջոցառում կանցկացնի, որը կնպաստի աշխարհի սպորտային քարտեզում Հայաստանի տեսանելիության բարձրացմանը»:
Վազգեն Հարությունյանի խոսքով՝ այն մեծ փորձառություն կլինի 2027 թվականին Հայաստանում կայանալիք կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությանն ընդառաջ, որն իր ծավալով և մասնակիցների քանակով շուրջ երկու անգամ գերազանցելու է մեծահասակների առաջնությանը:
Կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մայիսի 7-11-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:




