ՀասարակությունՌեպորտաժներ

Արդարադատությունը ուշանո՞ւմ է, թե՞ տեղ չի հասնում․ քննարկել են դատաիրավական ոլորտի պատասխանատուները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արդարադատության նախարարության կազմակերպած «Ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը» պանելային քննարկմանը։ Օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ղեկավարները քննարկել են դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման, ընթացիկ բարեփոխումների ազդեցության, արդարության և արդարադատության միջև առաջացած խզումներին առնչվող հարցեր։

Վարչապետն ասել է, որ հարցի թիվ մեկ պատասխանատուն ինքն է, բայց հաճախ չգիտի՝ որտեղ է հարցի պատասխանը։ Նրա կարծիքով՝ Հայաստանում արդարադատությունը ոչ թե ուշանում է, այլ տեղ չի հասնում։

«-Ի՞նչ ենք մորթել։

-Ոչխար։

-Ի՞նչ ոչխար։

-Էն, որ մորթել, կերել եք։

-Ի՞նչ մորթել-ուտել։

-Որ 20 մարդով կերել եք։

-Ի՞նչ 20 մարդ»։ 

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը չի մտաբերում ավելի դիպուկ օրինակ, որ բացատրի արդարության և արդարադատության միջև խզված կապը։ Վստահ է, որ հավաքվածներից ոչ մեկը «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հերոսներին իբրև հանցագործ չի դիտարկել, բայց ֆորմալ առումով նրանք հանցագործներ են, որոնք չեն հասկանում իրենց ներկայացված մեղադրանքի բնույթը․

«Չեն հասկանում, թե ինչու իրենց նկատմամբ պետք է իրականացվի արդարադատություն, որովհետև ինչ իրենք արել են, դա արդար է, ընդունելի է, հասկանալի է, անհասկանալի և անարդար է այն մարդը, որ եկել է քաղաքից և փորձում է իրենց նկատմամաբ իրականացնել արդարադատություն»։ 

Արդարությունը որևէ երևույթի նկատմամբ մարդու բարոյահոգեբանական զգացումն է, արդարադատությունը՝ այն գործընթացը, որի միջոցով հասնում են արդարության՝ ասում է պատգամավորը։ Նրա խոսքով՝ «Ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը» հարցը հասցեագրման երկու ուղղություն ունի՝ օրենսդիր մարմին և իրավակիրառ պրակտիկա։

«Ինչո՞ւ է գալիս օրենսդիրից, որովհետև այն ամենը, ինչ ընդունում է խորհրդարանը՝ օրենք, որովհետև, ի վերջո, այդ օրենքը պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության վրա՝ համապատասխանի Սահմանադրությանը։ Եթե մենք ընդունում ենք օրենք, որը ի սկզբանե կիրառելի չէ, դա չի կարող որևէ եղանակով հանգեցնել արդարադատության կայացմանը»։ 

Արդարադատության նախարարությունը պատասխանատու բոլոր օղակներին մի սեղանի շուրջ է հավաքել, որ հանրությունը ստանա «Ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը» հարցի պատասխանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հարցի գլխավոր պատասխանատուն ինքն է, բայց երբեմն չգիտի, թե ինչ պատասխանի նույն հարցն իրեն տվող քաղաքացիներին․

«Ես եմ թիվ մեկ պատասխան տվողը հանրության, թե ինչի էս, մեկը այնպես, էն մեկը էսպես։ Ես էդ պատասխանը որևէ ձևով  ստանալու համար ինչ-որ ձևով դիմում եմ նաև հասկանալու համար, թե էդ հարցերի ի՞նչ պատասխաններ կարող են լինել և սա է ֆունդամենտալ պրոբլեմը։ Ես հասկանում եմ, որ ներսում էլ տարբեր օղակներում` քննչական օղակում, օպերատիվ օղակում, դատախազական օղակում, դատավորական օղակում երբեմն մենք տեսնում ենք իրադրության էլի ոչ նույնական ընկալում»։ 

Մինչ հանրությունը կոնկրետ դեպքերով իրավաբանական հստակ արձագանքի է սպասում, օպերատիվ, նախաքննական և քննական մարմինները, Փաշինյանի ձևակերպմամբ, «իրար վրա են գցում» հարցի պատասխանը․

«Սովորաբար դատավարական օղակում ասվում է, որ դատախազական օղակում է պրոբլեմը, որովհետև ընդեղ ինչ-որ բան նենց չի արվել, դատախազական օղակում ասվում է, որ գիտեք քննչական օղակում է պրոբլեմը, այնտեղ, ոնց որ ինչ-որ բան չի արվել քննչական օղակում, ոնց որ թե օպերատիվ մարմինը լավ չի աշխատել։ Այն պարագայում, երբ օրը ցերեկով ուղիղ եթերում մի բան է տեղի ունեցել, որը պետք է ստանա իրավաբանական արձագանք` օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ տեղի է ունեցել մի բան»։

Երբեմն իրավիճակն է՛լ ավելի անհասկանալի է դառնում, երբ իրավաբանները, օրինակ, ասում են, որ փորձագիտական եզրակացությունը կարող է մեկից ավելի ճիշտ պատասխան ունենալ, կամ խոսում են հանրությանն անհասկանալի լեզվով։ Ի վերջո, արդարադատությունը ոչ թե ուշանում է, այլ չի գալիս՝ ասում է վարչապետը․

«Մենք ասում ենք` ինչի է ուշանում արդարադատությունը, արդարադատությունը ոչ այնքան ուշանում է, որքան տեղ չի հասնում ինքը, անընդհատ պրոցես է, ինքը չի հանգուցալուծվում, ինքը գնում է, գնում է, գնում է, գնում է անընդհատ,  պատկերացրեք ճամփորդություն, որը չի ավարտվում, այսինքն չկա էդ վերջին կետը, որ մենք եկանք, հասանք հետևյալ եզրակացության»։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի կարծիքով՝ խնդիրն այլ է․

«Կուզենայի շատ ազնիվ և անկեղծ լինել ու ասել, որ մեր գտած հիմնական պատճառը, որը սուբյեկտիվ է, ինչ-որ առումով դա գործողության, անգործության և պատասխանատվության պատճառական կապի մեջ է»։ 

Գործողությունները և անգործությունը պատշաճ գնահատականների չեն արժանանում՝ ասում է նախարարը։ Նրա խոսքով՝ նախարարությունում հաճախ են մտածում այս մասին ու հասկացել են, որ պատասխանատվության խստացումը կարող է ունենալ հակառակ ազդեցությունը․ դատավորները կամ որոշում կայացնող այլ անձինք  կարող են ավելի զգուշավոր դառնալ ու վախենալ սխալվելուց․

«Հարցի պատասխանը՝ ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը, եթե դիտարկում ենք սուբյեկտիվ տեսանկյունից, այն է, որ շատերը և շատերս վախենում ենք որոշումներ կայացնելուց, ինչո՞ւ , որովհետև գործով ելքի որոշումը պատասխանատվության ստանձնում է, ցանկացած որոշում պատասխանատվություն է,  իսկ դրան կարող է հետևել որոշակի հետևանքներ»։ 

Նախարարն այս հանգամանքով է բացատրում նաև ձգձգվող դատաքննությունները։ Նշում է, որ նույն ծանրաբեռնվածությամբ դատավորներից մեկը գործի քննությունն ավարտում է 2-3 տարում, մյուսը՝ 9-10 տարում։ Խնդիրը լուծելու համար նախարարությունն առաջիկայում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա․ դրանով կսահմանվեն դատարաններում գործերը քննելու կոնկրետ ժամկետներ։ ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը մինչդեռ կարծում է, որ դատական գործերի ձգձգման պատճառը դատավորներների սակավությունն է․

«Եվրոպական չափանիշներով՝ դատավորների թիվը 20-ից 40 է տատանվում՝ 100․000 բնակչի հաշվարկով, օրինակ Սլովենիայում 25 թիվ է՝  100․000 բվնակչին, Խորվաթիայում 41-ը։ Եթե մենք անգամ 100․ 000 բնակչի հաշվարկով 20 ամենանվազագույնը դիտարկենք, Հայաստանում պետք է առնվազն 600 դատավոր գործի, բայց այսօր մենք ունենք ընդամենը 322 դատավորի հաստիք և դա բոլոր մասնագիտացումներով, այսինքն միջազգային ստանադարտների հետ որ համեմատում ենք, մեզ մոտ 10 դատավոր՝ 100․000 բնակչին, մոտավորապես այդ հաշվարկն է գալիս»։ 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասում է, որ արդեն 2 տարի բոլոր դատախազները գիտեն, որ դատական նիստերից բացակայել չի կարելի, դատախազությունը կարգապահական պատիժներ է սահմանել նման դեպքերի համար, ինչը կարևոր նշանակություն ունի դատական նիստերի ձգձգումները կրճատելու տեսանկյունից։ Հաջորդ կարևոր քայլը, Վարդապետյանի խոսքով, դատարան ուղարկվող գործերի մշտադիտարկումն է։

«Երբ ստորաբաժանման ղեկավարը ինձ զեկուցում է, որ այսքան վարույթ ենք ավարտել և ուղարկել դատարան, ես խնդրում եմ թվարկել, թե որքան է այդ վարույթներից ծանր կամ առանձնապես ծանր, և որոնք են այդ վարույթներից նրանք, որոնք կարելի էր ավարտել մինչդատական վարույթում, օրինակ գործում զղջալու գործիքի կիրառմամբ, արդյոք հնարավո՞ր չէր դրանք համաձայնեցված վարույթներով տանել դատարան և այս հարցադրումները մենք ինստիտուցիոնացրել ենք»։

Թեև համաժողովը ոլորտի բացերից ուղիղ խոսելու մասին էր, բանախոսները չէին շրջանցում նաև ձեռքբերումները։ Օրինակ՝ Քաղաքացիական դատարանը 80 տոկոսով բեռնաթափվել է, քանի որ մինչև 2 մլն դրամի բռնագանձման գործերով քննությունը դատավորներից անցել է նոտարներին։ Ներդրվել է քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգ, որն առաջիկայում կգործի նաև դատական համակարգի մյուս ուղղություններում։

Կարդացեք նաև

Back to top button