ՌեպորտաժներՎերլուծական

Երևանը ԱՄՆ-ի և Իրանի միջև հավասարակշռող օղակ․ վերլուծաբանը Վաշինգտոն-Թեհրան բանակցության հնարավորությունների մասին

Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ․ դրան կնախորդեն փորձագիտական մակարդակով հանդիպումները, որոնց առանցքում, ըստ կողմերի, միջուկային համաձայնագրի հիմնական սկզբունքներն են։ Փաստաթղթի շուրջ աշխատանքը սկսելու պայմանավորվածությունը Թեհրանն ու Վաշինգտոնը ձեռք են բերել ապրիլի 19-ին Հռոմում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։

Իրանն այդ բանակցությունները «օգտակար ու կառուցողական» էր գնահատել, Միացյալ Նահանգները նշել էր, որ «հաջողվել է մեծ առաջընթաց գրանցել»։ Քաղաքական վերլուծաբաններն ու միջազգայնագետներն այս հայտարարություններում հաջողության հասնելու հնարավորություն են տեսնում՝ այդ հաջողությունը կարևոր նախադրյալ համարելով նաև Իրան-Հայաստան հարաբերությունների համար։

ԱՄՆ-Իրան միջնորդավորված բանակցությունների հաջողության հավանականությունը մեծ է՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է իրանագետ Էմմա  Բեգիջանյանը։ Լավատեսության հիմքում Վաշինգտոնից ու Թեհրանից հնչող հայտարարություններն են․ կողմերը օգտակար և կառուցողական են գնահատել ապրիլի 19-ին Հռոմում տեղի ունեցած բանակցությունները և պայմանավորվել հանդիպել նաև այս շաբաթ՝ նախ փորձագետների, ապա՝ հիմնական բանակցողների ձևաչփափով։ Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցում է նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իրանական կողմից՝ արտգործնախարար Աբաս Արաղչին։

«Քանի որ երկու կողմերն էլ համաձայնության հանգելու կամք և ցանկություն ունեն, ըստ երևույթին, կարող են նաև բանակցությունները հաջողության հասնել, որովհետև ԱՄՆ-ն, տեսեք, Ուկրաինայում չկարողացավ որևէ լուրջ ձեռքբերում ունենալ խաղաղություն հաստատելու համար, նույնը կարելի է ասել Պաղեստինի, Գազայի գոտու մասին, հետևաբար Իրանի հարցում հաջողության հասնելը շատ կարևոր է։ Բանակցությունները շարունակվում են՝ անտեսելով Նեթանյահուի այն պնդումը, որ Իրանն ընդհանրապես չպետք է կարողանա ուրան հարստացնել․ այսօր բանակցությունների սեղանին այդ հարցը չկա»։

Օմանի միջնորդությամբ նախորդ շաբաթ Հռոմում անցկացված բանակցություններից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը  պայմանավորվել են սկսել աշխատանքը միջուկային համաձայնագրի շուրջ։ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն էլ նշել էր, որ կողմերը մեծ առաջընթաց են գրանցել:

Բանակցությունները սկսվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրան ուղարկած նամակից հետո։ Առաջարկելով խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ Սպիտակ տան ղեկավարը միաժամանակ պնդել էր, որ եթե դիվանագիտությունը ձախողվի, Վաշինգտոնը պատրաստ է ռազմական գործողություններ սկսելուն:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանի միջուկային զենք ունենա»,-ասել էր Թրամփը։

Մինչև բանակցությունների մեկնարկը Վաշինգտոն էր մեկնել Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն, բայց անգամ այդ այցը ազդեցություն չունեցավ Վաշինգտոնի դիրքորոշման վրա՝ ասում է իրանագետ Էմմա Բեգիջանյանը։ Նա սա կարևոր ազդակ է համարում։

«Հիմնականում Իսրայելն է պնդում, ավելի շուտ Նեթանյահուն, որ ոչ մի դեպքում թույլ չի տա, որ Իրանն ուրան հարստացնի։ Բայց Ամերիկայի շահերը գոնե այս փուլում պահանջում են Իրանի հետ համաձայնության հանգել։ Դա շատ կարևոր է նաև մեզ համար, որովհետև Իրանում տնտեսական վիճակը վատ է և եթե բարելավվի, մեր հետ տնտեսական կապերն էլ կբարելավվեն՝ ավելի շատ ներդրումների առումով։ Կարելի է նույնիսկ հուսալ, որ Իրան-Հայաստան երկաթուղին վերջապես կկառուցվի։ Բացի դրանից՝  այդ լարվածությունը կվերանա ու, հնարավոր է, «չարաբաստիկ միջանցքի» հարցում Իրանն ավելի խիստ դիրքորոշում ունենա»։

Քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Իրանը փաստացիորեն կարողացել է հասնել միջնորդավորված բանակցությունների, ինչը, ըստ նրա, վկայում է նաև պատերազմից խուսափելու Վաշինգտոնի ձգտումը։ Վերլուծաբանը նաև դիրքորոշման մեղմացման որոշ դրսևորումներ է տեսնում։ 

«ԱՄՆ-ն այլևս չի պահանջում Իրանից միջուկային ամբողջական զինաթափում՝ պահանջելով, ըստ էության, իջեցնել ուրանի հարստացման մակարդակը մինչև 3,67% և համաձայնել միջուկային օբյեկտների նկատմամբ ավելի խիստ վերահսկողական ռեժիմի հաստատմանը։ Ըստ էության, դա նշանակում է վերադարձ 2015 թ «միջուկային գործարքի» տրամաբանությանը, որն իր առաջին պաշտոնավարման ընթացքում ձախողել էր Դոնալդ Թրամփը՝ դուրս գալով այդ պայմանագրից։ Գործարքային տրամաբանությամբ բանակցություններ վարելու՝ Թրամփի վարչակազմի նախորդ փորձից ելնելով՝ պետք է ենթադրել, որ Վաշինգտոնը Իրանից նաև որոշակի տնտեսական դիվիդենտների ակնկալիք ունի, որը կարող է քննարկելի լինել Թեհրանի համար՝ Իրանի նկատմամբ կիրառվող սանկցիաների վերացման կամ, առնվազն, էական թուլացման պարագայում»։

Իրանի շուրջ վերջին փոփոխությունների ֆոնին Աբրահամյանն ընդգծում է մոտ տասն օր առաջ Մեղրիում անցկացված Իրան-Հայաստան համատեղ զորավարժությունները և նկատում, որ դրանք, ըստ էության, տեղի ունեցան առանց Վաշինգտոնի բացահայտ դժգոհության։

Եթե Մեղրիում զորավարժություններ անցկացնելն Իրանի պատասխանն էր Ադրբեջանի, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքի» պահանջներին, սահմանային լարվածությունը մեծացնելու՝ Բաքվի փորձերին և ուղիղ ակնարկ էր Հայաստանի անվտանգության ապահովման հարցում գործնական քայլերի պատրաստ լինելու մասին, ապա զորավարժություններն առանց ամերիկյան հրապարակային քննադատության անցկացնելը ուղերձ էր Վաշինգտոնից, որ ԱՄՆ-ն ճանաչում է Թեհրանի հետ Երևանի սահմանափակ գործընկերային հարաբերությունների լեգիտիմությունը։

«ԱՄՆ-ն այդպիսով ցույց տվեց, որ չի ցանկանում խափանել հնարավոր երկխոսության ուղիները Իրանի հետ, և որ Հայաստանը, ունենալով կայուն և լավ հարաբերություններ թե՛ Վաշինգտոնի, թե՛ Թեհրանի հետ, կարող է լինել վստահելի հաղորդակցող առնվազն հարավկովկասյան օրակարգի շրջանակներում։ Այսինքն՝ եթե Հայաստանն ունենա ռազմավարական հստակ տեսլական, կարող է ԱՄՆ-Իրան առանցքում դառնալ տարածաշրջանային հանգույցներից մեկը»։

Աբրահամյանի կարծիքով՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործնականացումն այս պարագայում կարող է պլատֆորմի դեր կատարել։ Հայաստանը պետք է ընդունի, որ պարզապես «սահմանակից» չէ, այլ կարող է Հարավային Կովկասում Արևմուտքի և Իրանի շահերը հավասարկշռող օղակ դառնալ՝ եզրափակում է վերլուծաբանը։

Կարդացեք նաև

Back to top button