
Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին մաքսատուրքերի հարցը չարաշահելու մեջ և նախազգուշացրել է բոլոր երկրներին՝ իր հաշվին ԱՄՆ-ի հետ տնտեսական գործարքների ծավալները չընդլայնել։
Պեկինը կտրականապես դեմ կլինի Չինաստանի հաշվին գործարքներին և «վճռական հակաքայլեր կձեռնարկի», հայտնել են երկրի առևտրի նախարարությունից:
Bloomberg-ը հայտնել էր՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, որ Թրամփի վարչակազմը պատրաստվում է ճնշում գործադրել այն երկրների վրա, որոնք ձգտում են նվազեցնել ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը, որպեսզի նրանք սահմանափակեն իրենց առևտուրը Չինաստանի հետ:
«Միացյալ Նահանգները օգտագործում է մաքսատուրքերի հարցը, այսպես կոչված «համարժեքության» կարգախոսի ներքո, բոլոր առևտրային գործընկերներին ստիպելով իր հետ «փոխադարձ մաքսատուրքերի» բանակցություններ սկսել»,- ասել է նախարարության խոսնակը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստում՝ Պեկինն այս շաբաթ պատրաստվում է Վաշինգտոնին մեղադրել մաքսատուրքեր կիրառելով ահաբեկելու և «խաղաղության և զարգացման համար համաշխարհային ջանքերի վրա ստվեր գցելու» մեջ:
Այս ամսվա սկզբին ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրն ասել էր, որ շուրջ 50 երկրներ դիմել են իրեն՝ քննարկելու Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի հարցը:
Դրանից հետո մի քանի երկկողմ բանակցություններ են տեղի ունեցել մաքսատուրքերի վերաբերյալ, որոնց ընթացքում ԱՄՆ-ի հետ բանակցությունների շրջանակում Ճապոնիան դիտարկում է սոյայի և բրնձի ներմուծման ծավալների ավելացումը, իսկ Ինդոնեզիան ծրագրում է ավելացնել ԱՄՆ-ից սննդամթերքի և ապրանքների ներմուծումը՝ նվազեցնելով այլ երկրներից պատվերները:




