ԿարևորՀասարակություն

Գյումրիում կայացել է նորընտիր համայնքապետի երդմնակալությունը․ ինչե՞ր է խոստանում Վարդան Ղուկասյանը

Ալեքսան Սարգսյան
«Ռադիոլուրի» համար

Այսօր տեղի է ունեցել Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը, որին, սակայն, ներկա չեն եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամները։ Արդեն հինգերորդ անգամ Վարդան Ղուկասյանը ստանձնել է համայնքի ղեկավարի պաշտոնն ու իր աշխատասենյակում լրագրողների հետ խոսել առաջիկա ծրագրերի և անելիքների մասին:

Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճը, ինչպես նորընտիր ավագանու առաջին նիստի ժամանակ, այնպես էլ համայնքապետի երդմնակալության օրը՝ ապրիլի 19-ին, լեփ-լեցուն էր: Ներկա էին ԱԺ նախկին ու ներկա պատգամավորներ,Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ, գյումրեցի հայտնի մարզիկներ, նորընտիր ավագանու երեք խմբակցությունների անդամներ: Արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ձեռքը դնելով Աստվածաշնչի և ՀՀ Սահմանադրության վրա, հինգերորդ անգամ երդվեց Գյումրի համայնքի նորընտիր ղեկավար Վարդան Ղուկասյանը:

Երդմնակալության արարողությանը քսանամյա ընդմիջումից հետո ներկա էր նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։  Իր շնորհավորական ելույթում նա խոսեց ոչ միայն Վարդան Ղուկասյանի հետ անցած ճանապարհի մասին, այլև պարզաբանեց, թե երկարատև դադարից հետո ինչու է որոշել ներկա գտնվել երդմնակալության արարողությանը:

«Ես 20 տարի է չեմ մասնակցել երդմնակալության արարողությանը: Ինչո՞ւ եմ այսօր մասնակցում․էս հարցը պիտի հնչի: Վերջին անգամ մասնակցել եմ 2005 թվականին, մյուս երդմնակալության արարողություններին չեմ մասնակցել, չեմ մասնակցել շատ հասկանալի պատճառներով՝ այն ժամանակվա և նաև իմ մոտեցումների, որոնք ես քաղաքապետարանի առջև դրել եմ, և քաղաքապետարանի այն ժամանակվա ղեկավարները իմ մոտեցումները հարգել են: Այս անգամ ոչ մի մոտեցում չեմ ցուցաբերում։ Ինչո՞ւ, որովհետև այս պայմաններում, հայրենիքի էս վիճակում գտնվելու և մեր քաղաքի, առավելևս հայրենական այս պայմաններում գտնվելու վիճակում, բարոյական չեմ համարել թեմի առաջնորդի կողմից որևէ պայման առաջ  քաշելը, և երբ ինձ հրավեր է եղել նորընտիր քաղաքապետի կողմից ներկա լինելու, ոչ մի պայման առաջ չեմ քաշել ու ասել եմ՝ կգամ»։

Երդմնակալության արարողությանը ներկա չէին ոչ միայն ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 14 անդամները, այլև «Մեր քաղաքը» դաշինքի անդամները: Երդմնակալությունից հետո Վարդան Ղուկասյանին շնորհավորեցին ավագանու՝ արարողությանը ներկա խմբակցությունների ղեկավարները։

«Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյան․

«Հարգելի գյումրեցիներ, նախ՝ ուզում եմ մեր քաղաքապետին մաղթեմ մոտակա աշխատանքի ժամանակ դրսևորել սկզբունքայնություն էն բոլոր հարցերի շուրջ, որի մասին խոսում է, ուժ, համբերատարություն, իմաստնություն և քրիստոնեական բարություն: Մեր Գյումրիի երիտասարդներին ցանկանում եմ, որ էս տարիների ընթացքում իրենք զգան, որ իրենք ապրում են ժամանակակից ու զարգացող քաղաքում: Մեր քաղաքի տարեցներին ցանկանում եմ, որ իրենք զգան, որ ապրում են անվտանգ ու հոգատար քաղաքում, մեր անմահացած հերոսների մայրերին ցանկանում եմ, որ իրենք զգան, որ անտեսված չեն, իրենց որդիների և ամուսինների գերեզմանները հարգված են, խնամված են և շատ կարևոր արժեք են մեզ համար»։

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյան․

«Ես մեր խմբակցության անունից, «Մայր Հայաստան» դաշինքի անունից շնորհավորում եմ Կոմունիստական կուսակցությանը քաղաքի կառավարումը ստանձնելու կապակցությամբ և բոլոր ընդդիմադիր խմբակցություններին ձայն տված քաղաքացիներին։ Վստահությունը պարտավորեցնող է, որ յուրաքանչյուրս մեր մասով զերծ մնանք անձնական ամբիցիաներից և լծվենք քաղաքի զարգացման ծրագրերը իրագործելուն: Մեր օրինակով մենք ցույց ենք տվել, որ չենք ուզում որևէ պաշտոն, որպեսզի օգուտ բերենք քաղաքին»։

Պաշտոնական մասի ավարտից ու ելույթներից հետո,Գյումրի համայնքի ղեկավարին փոխանցեցին համայնքի զինանշանով լանջաշղթան ու քաղաքի խորհրդանշական բանալին, երդմնակալության տեքստը ստորագվեց ու ի պահ հանձնվեց քաղաքի պատմության թանգարանին:

Վարդան Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց քաղաքական ուժերին՝ վստահության համար և խոսեց Գյումրիի այն խնդիրներից, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն․

«Դա աշխատատեղերի ստեղծումն է, որ կաղում է ամբողջ ՀՀ-ում և նամանավանդ Գյումրի քաղաքում: Համար առաջինը՝ Գյումրուն պետք է աշխատատեղ,երկրորդը դա բնակարաններն է, որ 37 տարի մարդիկ մնացել են էդ բնակարանների մեջ»։

Երդմնակալությունից հետո Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ առաջիկա անելիքներին, նշելով, որ որակյալ կադրերի պակաս իր թիմում չկա:

«Երկուշաբթի օրվանից որ եկա, արագ կարգով նայելու եմ կադրային քաղաքականությունը, թե ում հետ ենք աշխատելու: Ինչքան լուրջ մասնագետներ կան, պետք է մնան աշխատելու, եթե մասնագետներ են, եթե ուղղակի քաղաքական առումով եկել են, որ իրանք գործ ունենան, մենք դե իհարկե, իրենց կասենք, որ ձեր քաղաքական մտածելակերպը այլ է, մերը այլ է: Դրանից հետո անցնելու ենք աշխատավարձերի բարձրացման խնդրին, արագ մտածելու ենք՝ ոնց ենք անելու և բյուջեի հաստատմանն ենք անցնելու: 13 տարի աշխատած քաղաքապետը ոնց կարող է կադրեր չունենա»։

Վարդան Ղուկասյանն անդրադարձավ նաև իր դեմ հարուցված քրեական գործերին, պնդելով, որ դրանք շինծու են և անհիմն: Իսկ Շիրակի մարզպետի և իշխանության հետ հետագա համագործակցության մասին հարցին ի պատասխան, Վարդան Ղուկասյանը նշեց, որ պահպանելու է օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը, իսկ խնդիրներ նկատելու դեպքում, դրանց մասին բարձրաձայնելու է:

Կարդացեք նաև

Back to top button