
Իսրայելը կարող է սահմանափակ հարվածներ հասցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքին առաջիկա ամիսների ընթացքում, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ Իսրայելը հարձակման մի քանի տարբերակ է առաջարկել ԱՄՆ-ին, այդ թվում՝ օդային հարվածներ և հատուկ գործողություններ։ Հարվածները կարող են տեղի ունենալ 2025 թվականի գարնան վերջին կամ ամռանը: Ակնկալվում է, որ այդպիսով Թեհրանը մի քանի ամսից մինչև մեկ տարի ժամկետով կզրկվի միջուկային էներգիայի ռազմական օգտագործմանն անցնելու հնարավորությունից, հավելել են գործակալության զրուցակիցները:
Ապրիլի 17-ին The New York Times-ը, վկայակոչելով որոշ աղբյուրներ, հայտնել էր, որ Իսրայելը պատրաստվում է մայիսին հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին: Իսրայելը համոզված էր, որ ԱՄՆ-ն ակտիվորեն կմասնակցի հարձակման նախապատրաստմանը և հրեական պետությանը կպաշտպանի Իրանի հնարավոր պատասխան հարվածից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի սկզբին հայտնել էր Իսրայելին, որ չի աջակցի նման ռազմական գործողությանը, և որ պարտավորվել է դիվանագիտական լուծում տալ Իրանի հետ վեճին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 12-ին Օմանի Մասկատ քաղաքում Իրանի և ԱՄՆ պաշտոնյաների միջև կայացած բանակցություններում ասել է, որ Թեհրանը պատրաստ է համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ որպես երաշխիք, որ իր միջուկային գործունեությունը խաղաղ է, հաղորդում է Reuters-ը: Սակայն Արաղչին պարզաբանել է, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե պատժամիջոցները հանվեն Իրանի նավթային և ֆինանսական հատվածներից։




