ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հրապարակվել են սպառազինության ծավալների միջազգային տվյալները․ Ադրբեջանն առաջատար դիրքերում է

Աշխարհի երկրների սպառազինությունն ուսումնասիրող կազմակերպություններն ամփոփել են 2024-ի տվյալները։ Ուսումնասիրություններում անդրադարձ կա նաև հարավկովկասյան երկրներին, մասնավորապես՝ Հայաստանին և Ադրբեջանին։ Խաղաղության օրակարգի շուրջ բանակցող երկրներից մեկը՝ Ադրբեջանը, աշխարհի երկրների ցանկում բավականին բարձր հորիզոնական է զբաղեցրել սպառազինության ձեռք բերման ծավալներով։

Սակայն հենց այս համատեքստում էլ, անտեսելով իր թվերը, Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է Հայաստանին ներկայացվող նախապայմաններոից մեկով անդրադառնալ նաև սպառազինության թեմային և փորձում է առաջ քաշել Հայաստանի ապառազմականացման պահանջը։

Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի վարկանիշային աղյուսակում Ադրբեջանը 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում 2024 թվականին ձեռք բերած  սպառազինության ծավալներով։ Երևանից արձագանքում են՝ Ադրբեջանը, որը պարբերաբար կեղծ մեղադրանքներ է հնչեցնում, թե Հայաստանն ակտիվ սպառազինություն է ձեռք բերում և իբր պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, հենց ինքն է նախորդ տարի զենք ձեռք բերելու նպատակով ծախսել 2 միլիարդ 220 միլիոն դոլար։ Սա այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում Հայաստանը սպառազինություն ձեռք բերելու համար ծախսել է շեշտակի  պակաս գումար։
Ռազմական վերլուծաբանների գնահատականներով՝ Ադրբեջանը հակված չէ տարածաշրջանում սպառազինության հավասարակշռությանը, հակառակը՝ ամրապնդում է սեփական ռազմական դիրքերը։   

APRI Armenia-ի ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանն ընդգծում է՝ Հայաստանը պաշտպանական տեխնիկայի ակտիվ գնումներ սկսել է 2022-ից հետո, այսինքն՝ պատերազմից 2 տարի անց միայն։

«Կարևոր է նշել, որ Ադրբեջանը չի ուզում, որ էդ իրավիճակը փոխվի, ու իրենք ավելի մեծ գումարներ են ծախսում ռազմական գնումների համար, քան Հայաստանը։ Իրենց ռազմական բյուջեն գերազանցում է հայկականին։ Հայկականը 2024-ին 1.4 միլիարդ դոլարին է մոտ, իսկ Ադրբեջանինը կրկնակի ավելին է»։

Վերլուծաբանների կարծիքով՝ ակտիվորեն սպառազինվելով՝ Ադրբեջանը հետապնդում է մի քանի նպատակ։ Սպառազինության ձեռքբերումը նախ դիտարկում է որպես էական ռեսուրս, որով ժամանակակից աշխարհում փորձում է լուծել նաև քաղաքական խնդիրներ, նաև ձգտում է հնարավորինս խորացնել ուժերի՝ իր համար բարենպաստ հարաբերակցությունը, որը ստեղծվեց 44–օրյա պատերազմից հետո։ Վերլուծաբանները չեն բացառում, որ սպառազինության ծավալները մեծացնելու նպատակներից մեկն էլ նոր ագրեսիայի, ռազմական կոնֆլիկտի պատրաստվելն է։

Այստեղ է, որ Հայաստանը վկայակոչում է միջազգային իրավունքն ու կոնվենցիաները, որ ամեն երկիր պաշտպանվելու իրավունք ունի, և այդ իրավունքը որևէ կերպ չի կարող վիճարկվել։

Խաղաղության միջազգային խնդիրների հետազոտության ստոկհոլմյան ինստիտուտի տվյալներով՝ 2022-2024 թվականներին Հայաստան ներկրված պաշտպանական տեխնիկայի  43%-ը մատակարարել է Հնդկաստանը։ Վերջին տարիներին այդ երկիրը դարձել է Հայաստանի զինված ուժերին տեխնիկայի հիմնական մատակարարը։ Պայմանագրերով Նյու Դելին արդեն փոխանցել է կամ պատրաստվում է Հայաստանին փոխանցել, մասնավորապես, հակաօդային պաշտպանության համակարգեր։ Պաշտոնական Երևանը մեկ անգամ չէ, որ ընդգծել է, որ Հայաստանի ձեռք բերածը գերազանցապես պաշտպանական զինատեսակներ են։

Այս թեմայով շահարկումներին օրերս ԱԺ-ում անդրադարձել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Այո՛, մեծ ծավալով տեղի են ունենում բանակի բարեփոխումներ, բայց ուզում եմ ընդգծել, որ այն ամենը, որ փորձ է արվում ներկայացնել, որ ՀՀ-ն բանակը զարգացնում է, սպառազինվում է, որ հարձակվի այս կամ այն ուղղությամբ, ես պաշտոնապես ասել եմ և ասում եմ, որ ՀՀ բանակը Հայաստանի ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս խնդիր չունի և չի ունենալու։ Նույնիսկ Հայաստանից  օկուպացրած ավելի քան 200 ք/կմ ինքնիշխան տարածքների առումով բանակի առաջ խնդիր չի դրվելու։ Սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը երկու երկրներում վավերացվել է, մեխանիզմներ է ստեղծում, որ այդ հարցերը խաղաղ ճանապարհով լուծվեն։ Վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ, և ՀՀ-ն պատրաստ է քննելու մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները»։

Հայաստանի որդեգրած այս սկզբունքները տեղավորվում են խաղաղության օրակարգի շրջանակում, որի շուրջ Ադրբեջանը մի կողմից բանակցում է Հայաստանի հետ, մյուս կողմից, սակայն, փորձում լարել իրավիճակը սահմանին։

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպումներից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել էր․

«Մենք պատրաստ ենք օր առաջ ստորագրել այդ համաձայնագիրը, այսինքն՝ վարչապետը պատրաստ է դա անել, և մենք առաջարկել ենք Ադրբեջանին սկսել խորհրդակցություններ դրա ստորագրման վայրի և ժամկետի շուրջ։ Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանը աշխարհի ամենակառուցողական երկիրը չէ։ Մեր դիրքորոշումը ես հայտնեցի, մնացածն արդեն Ադրբեջանի դաշտում է»։

ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը պնդում է, որ վերջին տարիներին Հայաստանը սահմաններին տարվող աշխատանքների ընթացքում կենտրոնացած է բացառապես պաշտպանության ամրապնդման վրա։ Անվտանգային հարցերում ևս Հայաստանը հիմնվում է միջազգային իրավունքի վրա։

«Մենք այսօր աննախադեպ մեծ ծավալի աշխատանք ենք տանում։ Երևի Հայաստանի 30 տարվա պատմության մեջ վերջին մի երկու-երեք տարվա արդյունքները չենք  ունեցել։ Ամրաշինական կառույցներ ենք սարքում ողջ սահմանների երկայնքով։ Այս մասին շատ չենք խոսում, բայց զինվորն  այսօր ունի բարձր պաշտպանվածություն, և պաշտպանվածության նման մակարդակ երբևէ չի եղել»։

Հայաստանի անվտանգային համակարգերի մասին խոսելիս ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահն առանձնացնում է նաև ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմական ակադեմիայի աշխատանքը, արտաքին հետախուզական ծառայության հիմնումը։

«Հիմա մեր ռազմարդյունաբերության բնագավառում այնպիսի նվաճումներ ունենք, որ այդ մասին էլ ցավոք սրտի, չենք կարող խոսել, բայց լավագույն ինժեներներ, լավագույն պրոֆեսիոնալներ, այսօր կառուցվում են լավագույն գործարաններ և դրա արդյունքները մենք կտեսնենք տարիներ հետո։ Իհարկե, դա շատ տեսանելի է լինելու»։

Խաղաղության օրակարգի շուրջ բանակցությունների որոշ փուլերում Ադրբեջանը փորձում է առաջ քաշել Հայաստանի ապառազմականացման  նախապայմանը։ Սակայն այստեղ էլ հավասար իրավունքների հարց է առաջանում, ինչի մասին Հայաստանի վարչապետը խոսել էր իր ասուլիսներից մեկի ժամանակ․  

«Ասում են, որ Եվրամիությունը, Արևմուտքը զինում է Հայաստանին, Ադրբեջանը զենք է ձեռք բերում Սլովակիայից, Սերբիայից, Բուլղարիայից, Իտալիայից։ Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, Հայաստանը չի կարող ձեռք բերել Ֆրանսիայից: Եվրամիության առնվազն երեք անդամ երկրներ ռազմատեխնիկական համագործակցություն ունեն Ադրբեջանի հետ: Ադրբեջանը զենք է ձեռք բերում, օրինակ, Պակիստանից: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Պակիստանից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Հնդկաստանից: Մենք ամեն օր էդ տվյալների մասին չենք բարձրաձայնում, բայց մենք այդ բոլոր տվյալները գիտենք, ստանում ենք հետախուզական ճանապարհներով»։  

Ինչ վերաբերում է սպառազինությունների վերահսկման միջազգային մեխանիզմներին, ապա, վերլուծաբանների կարծիքով, դրանք այսօրվա պայմաններում չեն գործում, արդյունավետ չեն եղել նաև նախկինում։ Տևական ժամանակ է՝ բանակցային սեղանին է Հայաստանի առաջարկներից մեկը՝ ստեղծել սպառազինության վերահսկման համատեղ մեխանիզմներ։ Պաշտոնական բաքվից այս հարցում կառուցողական մոտեցում չկա։

Կարդացեք նաև

Back to top button