
Հայաստանում կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը: Այստեղ հավաքագրված դրամական միջոցների հաշվին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողներին դրամաշնորհներ կտրամադրվեն։
Այդ գումարը պետք է օգտագործվի մշակութային, ուսումնական, գիտակրթական, մանկական, մարզական և հանրօգուտ բովանդակությամբ տեսալսողական այլ հաղորդումներ և հաղորդաշարեր ստեղծելու համար։
Պետությունը կաջակցի հեռարձակողներին հանրօգուտ բովանդակությամբ հաղորդումներ ստեղծելու հարցում։ Դրա համար առաջիկայում կգործի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը։ Սերտորեն աշխատելով արտադրողների հետ՝ այն պետք է դրամաշնորհների միջոցով խրախուսի հանրօգուտ բովանդակություն ունեցող հաղորդումների ստեղծումն ու հեռարձակումը հանրային մուլտիպլեքսում։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել էր ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
Դեռ 2020 թ․ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքը իմպերատիվ կերպով պարտադրում էր հանրային մուլտիպլեքսում հեռարձակող մեդիաընկերություններին առնվազն 20 տոկոս հանրօգուտ բովանդակություն ապահովել հաղորդումներում:

Ներկայացնելով հիմնադրամ ստեղծելու առաջարկը՝ ԲՏԱ նախարարը ներկայացնում է միջազգային փորձը։
«Հաշվի առնելով միջազգային փորձը, նախևառաջ նկատի ունենք կրթական, գիտական, մշակութային, սպորտային, սոցիալական բովանդակությամբ այն կոնտենտը, որը կա՛մ չի կարողանում կոմերցիոն գործիքներից օգտվելով գումար գեներացնել, կա՛մ շատ բարդ է»։
Հիմնադրամը պետք է նպաստի մանկական, մշակութային, գիտակրթական թեմաներով հաղորդումների ավելացմանը, իրավական գիտելիքների բարձրացմանը։ Բացի այդ՝ հիմնադրամի օժանդակությամբ պետք է ստեղծվեն և հեռարձակվեն բացասական երևույթները քննադատող հաղորդումներ, ձեռք բերվեն ու թարգմանվեն հանրօգուտ բովանդակությամբ օտարալեզու հաղորդումներ, սերիալներ, վավերագրական ֆիլմեր և այլն։

Լսելով հիմնադրամ ստեղծելու առաջարկը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է այդ գաղափարը․
«Այդ արտադրանքը մարդու համար է, այդ թվում՝ պետության քաղաքականությունները տեղ հասցնելու համար է: Եվ, եթե դա արդյունավետ տեղի չի ունենա, մենք պետք է դրան վերադառնալու հնարավորություն ունենանք։ Պետք է կարողանան ցույց տալ՝ գումարը ծախսվել է՝ ի՞նչ է ստացվել, հանրությունը դա պետք է զգա»։

Տիգրան Հակոբյանը ներկայացրել էր հիմնադրամի կառուցվածքն ու բնույթը․
«Պետական հիմնադրամ է լինելու, որը ունենալու է հոգաբարձուների խորհուրդ՝ կազմված մեդիակազմակերպությունների ներկայացուցիչներից, ԲՏԱ, Մշակույթի նախարարություն, մեդիաիրավունքները պաշտպանող ՀԿ-ներ, մեր հանձնաժողովը։ Եվ հստակորեն սահմանված է՝ ինչ տեսակի բովանդակություն պետք է ֆինանսավորվի։ Եվ խստիվ արգելված է քաղաքական բովանդակությունը»։
Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հանրային հեռարձակողի խորհրդի նախկին անդամ Վահագն Թևոսյանը։




