ԿարևորՄիջազգային

Մշակութային նախագիծ, որը մայրաքաղաքը կապում է մարզերի հետ

Հայկական արմատներով ռուս տաղանդավոր դաշնակահար Ռուբեն Կոզինը այսօր ելույթ կունենա Չարենցավանի երաժշտական դպրոցում։ Մինչ այդ՝ նա ելույթներ է ունեցել Հրազդանի եւ Աշտարակի երաժշտական դպրոցներում։

Մարզերի երիտասարդներն ու երաժշտասերները տաղանդավոր դաշնակահարի համերգին իրենց մարզերում եւ համայնքներում լսելու հնարավորություն են ունեցել «Հայ երաժիշտները՝ հայ համայնքներին» նախագծի շրջանակում։

Նույն այս ծրագրով Ռուբեն Կոզինը անցած տարի մեծ հաջողությամբ հանդես եկավ Սյունիքում՝ Կապան քաղաքում եւ Դավիթ-Բեկ գյուղում, Տավուշի Դիլիջան, Իջեւան, Նոյեմբերյան քաղաքներում։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, կիթառահար Վահան Սարգսյանն էլ համերգներով է հանդես եկել Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցում, Ծավ գյուղի վարչական շենքում, Եղվարդի Մշակույթի տանը։
Այս նախագծի շրջանակում Վահան Սարգսյանը նախկինում ելույթներ է ունեցել նաեւ Գյումրիում, Իջևանում, Հրազդանում, Չարենցավանում և Աշտարակում:

Այս տարի «Հայ երաժիշտները՝ հայ համայնքներին» նախագծի առաջին համերգաշարն անցկացվել է ապրիլի 7- 18-ը։

«Հայ երաժիշտները՝ հայ համայնքներին» նախագիծը հնարավորություն է տալիս մայրաքաղաքի մշակութային կյանքն ինչ-որ չափով բերել մարզեր, իսկ երաժիշտներին՝ մասնագիտական գործունեություն ծավալել, ճանաչել իրենց երկիրը, էմոցիոնալ ջերմ կապ հաստատել հեռավոր մարզերի և բնակիչների հետ:

Նախագիծը կյանքի է կոչվել Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամի կողմից։ Համերգների աշխարհագրությունը ներառել է Տավուշի, Սյունիքի, Կոտայքի մարզերը, ինչպես նաև Աշտարակը, Գյումրին և Երևանը:

2022 թվականից Հայաստանում գործող Primavera Foundation of Armenia հիմնադրամը նպատակ ունի հայ մշակույթն ու արտիստներին ինտեգրել աշխարհին, բացահայտել եւ աջակցել հայ երիտասարդ երաժիշտներին, կրթական ծրագրերի միջոցով զարգացնել հայ կատարողական արվեստն ու երաժշտական մենեջմենթը։

Երկու տարվա ընթացքում հիմնադրամի ծրագրերից օգտվել է  5000 մարդ։

Կարդացեք նաև

Back to top button