ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայաստանում մեկնարկել է սոցիալ-հոգեբանական հեղափոխություն. Փաշինյանը հայտարարում է նոր պատմական շանսի մասին

Կառավարության ծրագրի 2024 թ. Ծրագրերի կատարողականի ամփոփումից առաջ խորհրդարանում այսօր և նախօրեին հնչել են բազմաթիվ հարցեր ու քննադատություններ, որոնց պատասխանել են իշխանական թևի ներկայացուցիչները։  Քննարկման ավարտին՝ եզրափակիչ իր ելույթում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերադասել է, իր ձևակերպմամբ,  արձագանքել միայն այն ելույթներին, որոնցում կամ քամահրանքով, կամ քննադատորեն, կամ որպես համաձայնություն կամ որպես աջակցություն ասվում էր, թե կառավարությունը կենտրոնացած է պետության կառուցման վրա։ Փաշինյանը շեշտել է՝ անկախ նրանից, թե ինչ տոնայնությամբ կամ ինչ երանգավորմամբ է դա ասվել, պետականության կառուցումն այսօր իսկապես բացարձակ առաջնահերթություն է։ 

ԱԺ լիագումար նիստում կառավարության 2024 թվականի ծրագրերի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման եզրափակիչ իր ելույթում վարչապետ  Փաշինյանը գերադասեց թվերի ու ծրագրերի փոխարեն քաղաքական ու պետականության կայացման հայեցակարգային հարցերից խոսել։ Փաշինյանը վերահաստատեց նախորդիվ արած հայտարարությունը, որ Ղարաբաղյան շարժումը չի շարունակելու։ 

Անդրադառնալով Հայաստանի անկախության գաղափարին՝ վարչապետը դիտարկում արեց, որ այն, ի սկզբանե, ընկալվել է ոչ թե որպես ինքնուրույն արժեք, այլ՝ Ղարաբաղի հարցի լուծման միջոց։

«Մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար։ Սա քաղաքական իրողություն է, հաստատված նաև հետազոտություններով»։ 

Փաշինյանը շեշտում է, որ դեռ 1989-ին Ղարաբաղ կոմիտեն կորցրել էր հույսը՝ հարցը ԽՍՀՄ իրավակարգի շրջանակում լուծելու, և անկախությունը դիտարկվել է որպես այլընտրանքային գործիք։ Այդ տրամաբանությունը, ըստ վարչապետի, շարունակվել է շուրջ երեք տասնամյակ։

«Շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մի մոդել, որն առավելապես նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը… Ես ինքս էլ լիարժեք հաշտ եմ եղել այդ մոդելի հետ, մինչև այն պահը, երբ, որպես ՀՀ վարչապետ, առարկայորեն հասկացել եմ՝ մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է՝ մեր անկախությունը, պետականությունը, զարգացումը, բարեկեցությունը  թույլ չտալու, ապա  և մեր պետականությանը վերջ տալու համար»։

Փաշինյանի ձևակերպմամբ՝ այդ այսպես ասած «վերջնանպատակի» իրագործումը եզրափակիչ փուլ է մտել 2020-ի սեպտեմբերին ու գագաթնակետին հասել  2021-ի մայիսին, և ունի թիմակիցներ նաև Հայաստանի ներսում։ Շարունակելով՝ Փաշինյանը վերահաստատեց նախօրեին ներկայացրած իր մոտեցումը.

«Կառավարող մեծամասնությունը, անձամբ՝ ես, ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել է և լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար»։

Վարչապետը նշում է, որ, 2018-ից սկսած, իրենց կառավարական թիմը, չնայած հարվածներին ու փորձություններին, աստիճանաբար առերեսվել է իրականությունը․

«Ղարաբաղյան շարժումն օբյեկտիվորեն վաղուց ավարտվել է, և այն շարունակելու մեր հավաքական ջանքը ընդամենը օգտագործվում է Հայաստանի՝ առանց այն էլ թուլացած անկախությանն ու պետականությանը վերջ դնելու համար»։

Փաշինյանի խոսքով՝ կառավարող մեծամասնությունը որդեգրել է նոր ռազմավարություն՝ Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը, ազատությունը,  անվտանգության ապահովումն ընկալելով որպես պետության գլխավոր առաքելություն․

«29743 քկմ տարածքով  Հայաստանի Հանրապետությունը ոչ թե ավելի մեծ հայրենիք ունենալու միջոց է, այլ մեր երազանքների հայրենիք-պետությունն է և մեր վերջնական հանգրվանը՝ որպես ժողովուրդ»։

Վարչապետ Փաշինյանի խոսքով՝  վերջին 7 տարում կառավարող թիմը ղեկավարել է երկիրը նաև ամենաբարդ պահերին, երբ թվում էր՝ առաջնորդությունը հնարավոր չէ։

«Մենք տեսել ենք պարտություն և ձախողում, մենք տեսել ենք լաց և ատամների կրճտոց, ողբերգություն և ցասում, բայց մեր հաղթանակն ու ուժը նրանում է, որ մենք առաջնորդել ենք այնտեղ, որտեղ թվում էր՝ անհնար է առաջնորդել, որտեղ սովորաբար լինում է քաոս և խուճապ, փլուզում և կործանում»։

Փաշինյանն ասում է, որ այժմ Հայաստանն ունի պատմական հնարավորություն՝ ամրապնդելու իր պետության հարատևությունը․

«Մենք մեր պատմության գագաթնակետին ենք հասել և մեր հազարամյա պատմության մեջ մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել։ Իսկ բոլոր ռիսկերը, որ գոյություն ունեն այսօր, գոյություն են ունեցել միշտ։ Այսօր տեսնում ենք, կառավարում ենք, չեզոքացնում ենք ռիսկերը»։

Վարչապետի խոսքով՝ այս համատեքստում է պետք դիտարկել Հայաստանի վերջին տարիների արտաքին քաղաքական բոլոր ուղղությունները՝

«Հարևանների հետ հարաբերությունների կարգավորման օրակարգ, սահմանազատման գործընթաց, խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացում, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ։ Այս բոլորը քայլեր են, որոնք պետությունը և նրանում ազատ, անվտանգ և բարեկեցիկ ապրելու քաղաքացու հնարավորությունը դնում են ամենակենտրոնում. ամենից բարձր և առաջնահերթ։ Սա է մեր ռազմավարությունը, ու սա մեր հարգանքի մեծագույն տուրքն է բոլոր նահատակներին»։

Այդ ամենի համախումբն էլ հենց «իրական Հայաստանի» գաղափարախոսությունն է՝ արդեն ձևակերպված բանաձև։ Այդ նպատակով էլ հիմա, Փաշինյանի ձևակերպմամբ, տեղի է ունենում սոցիալ-հոգեբանական հեղափոխություն, որի էությունը պետության ու հայրենիքի նույնականացումն է։

Կարդացեք նաև

Back to top button