ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ի՞նչ է կատարվում Անաստաս Միկոյան 64 հասցեում․ համալիրի բնակիչները կառուցապատողին մեղադրում են ապօրինությունների մեջ

Երևանի Անաստաս Միկոյան փողոցի նորակառույց համալիրի բնակարանների սեփականատերը անելանելի վիճակում են հայտնվել։ Կառուցապատող N&S Construction ընկերությունը համալիրի կանաչապատման ու բարեկարգման համար նախատեսված հատվածն առանձնացրել է նախագծից, ապա վաճառել KR Construction ընկերությանը։ Բնակարանների սեփականատերերն այդ գործարքն ապօրինի են համարում և պահանջում են վերականգնել այդ տարածքների նկատմամբ իրենց իրավունքները։

Վեց բազմաբնակարան շենքից բաղկացած համալիրի բնակիչները դեռ 2022 թվականին պետք է ստանային իրենց բնակարանների սեփականության վկայականները։ Սակայն N&S Construction–ը ավարտական ակտը ստանալուց հետո 2024 թ․դեկտեմբերին սնանկ ճանաչվեց։ Անաստաս Միկոյան 64 հասցեի համալիրի բնակիչները սնանկության որոշման հետ համաձայն չեն։ «Ռադիոլուրի» հետ զրույցում իրավիճակը ներկայացնում է համալիրի բնակիչ Հայկ Ստեփանյանը․

«Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ սա միտումնավոր կեղծ սնանկության որոշում է, քանի որ այս կառուցապատողը, փաստացի սեփականատերը՝ նախկինում «Տեխնոպրոֆ» ՍՊԸ, որը Կոմիտաս 15 հասցեում նույնպես կառուցապատում է իրականացրել, նույն սխեմայով այդտեղ նույնպես գնացել է սնանկության։ Եվ ինչ զուգադիպություն է, որ մեր և այդ հասցեւոմ սնանկության գործով դատավորը նույն մարդն է»։

Ընկերության մեկ այլ, ըստ իրենց՝ ապօրինի գործարքի մասին էլ են բարձրաձայնում բնակիչները։ Համալիրում բնակարան գնած 1000 բնակչի համար տարածքի ընդհանուր մակերեսից 3.37 հեկտար է նախատեսված եղել նախագծով։ Սակայն հետո այդ տարածքից 4000 ք/մ օտարվել է KR Construction ընկերությանը։ Բնակիչ Հայկ Ստեփանյանը պնդում է, որ դրանով խախտվել են բոլոր գնորդների իրավունքները։

«Որովհետև, գնման իրավունքը ձեռք բերելիս, Քաղաքացիական օրենսգրքի 224/1 հոդվածով գնորդը ձեռք է բերում սպասարկող հողամասում իր բնակարանի համապատասխան բաժնեմասային սեփականության գնման իրավունք։ Հիմա ստացվում է՝ այդ ապօրինությունները իրականացվել են, բայց  ոչ ոք դրա դեմը չի առել»։

Կառուցապատողի՝ սնանկ ճանաչվելուց հետո բնակիչները սեփականության վկայականներ չեն կարողանում ստանալ։ ԱՄԻՕ բանկից շահառուներին տեղեկացրել են, որ հիփոթեքային վարկով ձեռք բերած բնակարանների սեփականության վկայականները հնարավոր է ստանալ միայն կառուցապատողի պարտքը վճարելուց ու տները գրավից հանելու դեպքում։ Բանկը հաշվարկել է, թե առաջնային գրավից գույքը հանելու համար որքան գումար պետք է վճարեն բնակիչները։

«Եթե ուզում եք գրավից ազատ գույք ստանալ , ապա ԱՄԻՕ բանկը հաշվարկել է, որ յուրաքանչյուր քմ –ի դիմաց 206.000 դրամ լրացուցիչ գումար պետք է ուղղվի վարկային պարտավորությունների մարմանը, որպեսզի տվյալ գույքը ազատվի առաջնային գրավից»։

2024 թվականին սեպտեմբերին համալիրի բնակիչները կառավարության մոտ բողոքի ակցիա են իրականացրել, դիմումներ են ներկայացրել վարչապետին, գլխավոր դատախազին ու Քննչական կոմիտեի նախագահին։ Պահանջել են պարզել, թե ինչ գործարքներ են կատարել քաղաքապետարանը, կառուցապատող ընկերությունը և պատկան մարմինները։ Դատախազությունից ու Քննչական կոմիտեից պատասխան չեն ստացել, իսկ վարչապետին ուղղված նամակը հասցեագրվել է Երևանի քաղաքապետարան։

«Քաղաքապետարանի պաշտոնյան պատասխանել է՝ ակնհայտ ապատեղակատվություն ներկայացնելով։ Պաշտոնյան պատասխանել է, որ համաձայն հաստատված նախագծի՝ հողատարածքը նախատեսված է բարեկարգման և կանաչապատ գոտու համար։ Ռացիոնալ ու տրամաբանող մարդու մոտ հարց է առաջանում, այդ դեպքում իմատսը ո՞րն է եղել, որ առանձին հասցե տրամադրվի։ Մենք ձեռք ենք բերում գույքը և հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնեմասային սեփականությունը։ Իսկ եթե հասցե է ստացել այդ հողամասը, ապա մենք դրա նկատմամբ մեր օրինական իրավունքից զրկվում ենք, չհաշված, որ մենք դրա համար արդեն վճարել ենք»։

 «Ռադիոլուրը» փորձեց պարզաբանում ստանալ Գլխավոր դատախազությունից։ Մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ դատախազի կողմից գործարքի օրինականությունը ստուգվել է և վարույթ չի նախաձեռնվել։ Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակիչները ապրիլի 16-ին հանդիպել են Երևանի քաղաքապետի հետ։ Տիգրան Ավինյանը բնակիչներին վստահեցրել է, որ բացառում է բնակելի համալիրից առանձնացված 4000 քմ մակերեսով հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը։ Նա ներկայացրել է դրա օրենսդրական հիմնավորումները, այդ թվում` Երևանի գլխավոր հատակագծով առկա սահմանափակումները:

Քաղաքապետը նաև պատրաստակամություն է հայտնել օրենքի ընձեռած լիազորությունների շրջանակում օժանդակելու բնակելի համալիրի և դրանից առանձնացված տարածքի բարեկարգման հարցում: Սակայն բնակիչները պահանջել են առանձնացված 4000 քմ հողամասը վերակցել համալիրի տարածքին։

Բնակիչների մյուս պահանջն է՝ հստակ երաշխիքներ տրամադրել շահագործման  թույլտվության համար, հաշվի առնելով, որ կառուցապատողը սնանկ է ճանաչվել, իսկ թաղամասում բազմաթիվ աշխատանքներ դեռ չեն ավարտվել։

Որևէ մեկը երաշխավորված չէ սնանկությունից՝ «Ռադիոլուրին» ասում է Կառուցապատողների ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։ Կառուցապատման ծրագրերը ռիսկային են, ուստի ասոցիացիան անհրաժեշտ է համարում, որ կառուցապատման ծրագրերի նկատմամբ հատուկ կարգավորումներ սահմանվեն և կառուցապատողների վարքագիծը կանոնակարգող օրենք ընդունվի։

«Ցանկացած անձ մեր օրենսդրությամբ կարող է իրականացնել բնակելի շենքերի կառուցապատում։ Եվ որևէ հսկողական լծակ չկա։ Այսօր մեր հայկական շուկայում կան բազմաթիվ կառուցապատողներ, որոնք մի դեպքում ունենում են ֆինանսական բնույթի խնդիրներ, որովհետև սխալ հաշվարկներ են կատարում, մեկ այլ դեպքում օրենսդրությունն է փոփոխվում և վնասում է բիզնեսին, մեկ այլ դեպքում էլ հանգամանքներն են դասավորվում այնպես, որ բիզնեսը ձախողվում է»։

Եթե ընկերությունն ավարտել է քաղաքաշինական ծրագիրը և ավարտական ակտ ունի, ապա սնանկության կառավարիչը նրա հետ պետք է սեփականության իրավունքի փոխանցման ակտ կնքի։ Միկոյան 64 հասցեում ծագած խնդրի դեպքում, ըստ Գուրգեն Գրիգորյանի, անհրաժեշտ է պետություն–մասնավոր հատված համագործակցություն։

«Տվյալ քաղաքաշինական ծրագրի խնդիրները պետք է վերհանել և դրանց տալ արդարացի լուծում, այն տրամաբանությամբ, որ սպառողները չտուժեն»։

N&S Construction–ը կառուցապատողների ասոցիացիայի անդամ չէ։ Ասոցիացիայի նախագահը քաղաքացիներին հորդորում է մինչև այս կամ այն կառուցապատողի հետ իրավահարաբերությունների մեջ մտնելը, ուսումնասիրել այդ ընկերության անցած ուղին, բիզնես գործունեությունը, իրականացրած քաղաքաշինական ծրագրերը, ֆինանսական ռեսուրսները և այլն։

Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակիչներն ասում են, որ իրենց հուզող հարցերին քաղաքապետարանից պատասխան են սպասում ողջամիտ ժամկետում։ Հակառակ պարագայում շարունակելու են պայքարել իրենց իրավունքների համար։

Կարդացեք նաև

Back to top button