
Գորիսում աղբահանության համակարգի բարելավման, աղբի տեսակավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման, վերամշակման գործընթացների կազմակերպման հարցերը լեհական փորձի ուսումնասիրման հետ զուգահեռ դրված է Գորիսի աղբահանության ռազմավարության հիմքում։


Այն մշակվել է համայնքապետարանի, լեհ գործընկերների եւ «Մաքուր Գորիս» ՀԿ համագործակցության արդյունքում։
Գորիսի համայնքապետարանից հայտնում են, որ Հայաստանի այս ինքնատիպ քաղաքում է Լեհաստանի մի շարք տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակությունը։


Նրանք Գորիս համայնքին են նվիրել նոր աղբամաններ, քաղաքի այգում տնկվել են Լեհաստանից բերված ծաղիկների սածիլներ։


Նույն այս այցի ընթացքում համայնքին է հանձնվել «Կանաչ առաջնորդի» հեղինակավոր վկայագիրը։ Այն շնորհվել է Լեհաստանի երեք առաջատար բնապահպանական կազմակերպությունների կողմից՝ «Կանաչ համայնք» ծրագրի շրջանակներում՝ գնահատելով Գորիսի՝ կանաչ քաղաքի կայուն զարգացումն ապահովելու ջանքերը։




