ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ի՞նչ տեղի կունենա Գյումրիում վաղը

Վաղը տեղի կունանա Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում պետք է քաղաքապետ ընտրվի։ Իրավիաճակը միանշանակ չէ․ քաղաքական ուժերից որևէ մեկը բավարար թվով մանդատներ չի ստացել, որպեսզի միայնակ ընտրի քաղաքապետ։ Մինչև այս պահը կանխատեսումները տարաբնույթ են, հավանական սցենարները՝ մի քանիսը՝ ընդդիմության թեկնածուի՝ Վարդան Ղուկասյանի ընտրությունից մինչև ընդդիմադիր շարքերից որոշ անդամների՝ ՔՊ-ին ձայն տալու հավանականություն ու նիստերի բոյկոտ։

Վաղը՝ ժամը 10-ին, Վարդան Ղուկասյանը, տարիքով ամենամեծի իրավունքով, կվարի Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում կորոշվի, թե ով է առաջիկա տարիներին ղեկավարելու հանրապետության երկրորդ քաղաքը։ Աղմկոտ ընտրություններից, հետընտրական լռությունից հետո և վճռորոշ ընտրությունից առաջ քննարկվում են այն բազմաթիվ տարբերակներ, որոնցով կարող են ընթանալ իրադարձությունները։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի՝ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանի հետ քննարկել ենք դրանցից մի քանիսը։

Տարբերակ առաջին՝ առաջադրվում են երկու թեկնածուներ՝ ընդդիմության միասնական թեկնածու Վարդան Ղուկասյանը և իշխանության թեկնածու Սարիկ Մինասյանը․

«Եթե երկու թեկածուներ են, ապա եթե ինչ-որ մեկը ստանա 17-ից ավելի ձայն, դառնում է համայքնապետ։ Եթե չդառնա համայանքապետ, ու երկրորդ փուլ լինի,  կարևոր կլինի՝ ով է իրենցից մեծամասնություն ստացել (ոչ թե ամբողջ ավագանու թվի մեծամասնություն, ուղղակի ավելի շատ ձայներ)։ Եթե կլինեն հավասար ձայներ, այդ դեպքում արդեն հաշվի կառնվի, թե ընտրողները ում են քվեարկել։ Այսինքն՝ եթե պատկերացնենք ըստ համաձայնությունների, կընտրվի Վարդան Ղուկասյանը, բայց եթե խմբակցությունից ավագանու որոշ անհատ անդամներ քվերակեն այլ թեկնածուի օգտին կամ չքվերակեն, կունենանք այլ իրավիճակ։ Եթե ունենանք հավասար ձայներ, այդ դեպքում կընտրվի Սարիկ Մինասյանը այն հիմքով, որ կուսակցությունը ընտրություններից ստացել է ավելի շատ ձայներ»։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին՝ ընտրության արդյունքների ամփոփումից հետո պարզ դարձավ, որ որևէ ուժ չի կարողանալու միայնակ ընտրել համայնքապետ։ Ավագանու 33 տեղերից 14–ը բաժին հասավ «Քաղաքացիական պայմանագրին», 8-ը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությանը, 6-ը՝ «Մեր քաղաքը» դաշինքին, 3-ը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությանը և 2-ը՝ «Մայր Հայաստան» դաշինքին։ Քաղաքապետ ընտրելու համար 17 ձայն է անհրաժեշտ։

Այս պայմաններում էր, որ վերջին 4-ը միավորվեցին՝ ունենալով 19 ձայն և հայտարարելով՝ իրենց միասնական թեկնածուն Կոմունիստական կուսակցությունը ներկայացնող Վարդան Ղուկասյանն է։ Վճռորոշը Մարտուն Գրիգորյանի որոշումն էր, որը հնգօրյա լռությունից հետո միայն հայտարարեց այս միասնության հնարավոր լինելու մասին՝ ներողություն խնդրելով իր ընտրողներից ու շեշտելով, որ սա իր ողջ քաղաքական կյանքի ամենածանր որոշումն է եղել։

Եթե նախնական այս պայմանավորվածությունը մնա ուժի մեջ, ապա ընդդիմությունը կարող է առաջադրել Վարդան Ղուկասյանի թեկնածությունն ու ընտրել նրան։ «Անակնկալներ կարո՞ղ են լինել» լրագրողների հարցին պատասխանել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը․

«Էդ անակնկալները․․․ չգիտեմ։ Էնտեղ տեղից անակնկալ են, էլի, հիմա ինձնից ի՞նչ եք հարցնում: Օրինակ՝ Մարտուն Գրիգորյանից անակնկալները հարցրեք, ինքը էդ գծով ոնց որ արդեն խիստ պրոֆեսիոնալ է դարձել՝ Վարդան Ղուկասյանին իր միանալ խիստ մեծ անակնկալ էր, սենց մեծ կինդեր սյուրպրիզ էր, էլի, Գյումրու համար»:

Անակնկալ էր նաև Մարտուն Գրիգորյանի՝ մանդատից հրաժարվելու որոշումը։ Ապրիլի 14-ին՝ ավագանու մանդատները բաշխելու ժամանակ պարզ դարձավ, որ վերջինս մանդատը չի վերցրել։ Նա պիտի ընտրեր՝ ավագանու անդամի մանդատն է ուզում, թե ԱԺ պատգամավորինը։ Ընտրությունը կատարվեց հօգուտ վերջինի։  

Վարդինե Գրիգորյանի հետ քննարկում ենք մեկ այլ տարբերակ ևս․ ի՞նչ տեղի կունենա, եթե, օրինակ, ընդդիմությունը որոշի բոյկոտել նիստը և ընտրություն չկատարվի․

«Նիստը տեղի կունենա, եթե 17 ավագանու անդամ մասնակցի։ ՔՊ-ն, մենակ ինքն իրենով բոյկոտելով, իր համար ոչ մի խնդիր չի լուծի։ Դա կլինի մոտավորապես նույն ձևով, ոնց ունեցանք Երևանում, երբ ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին, բայց «Հանրային ձայն»-ի մասնակցության շնորհիվ նիստը տեղի ունեցավ։ Այստեղ այլ հարց է, որ ապագայում՝ ավագանու գործունեության ընթացքում, իրենց ինչպես կդրսևորեն խմբնակցությունները, կմասնակցեն նիստերին, կմասնակցեն քվեարկությանը, թե ոչ»։

Այնուամենայնիվ, եթե ավագանու 17 անդամ բոյկոտի ու 20 օրերի ընթացքում չգումարվի առաջին նիստըկամ գումարվի, բայց 2 շաբաթ համայնքի ղեկավար չընտրվի, ապա նորընտիր ավագանու լիազորությունները վաղաժամ կդադարեցվեն, կկազմակերպվի նոր արտահերթ ընտրություն։ Այս դեպքում կառավարությունը կարող է նշանակել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար․

«ԺՊ-ն շատ արագ է նշանակվում, ու ընտրությունները նշանակվում են ցանկացած օր, պարտադիր չէ, որ դրանք լինեն ԿԸՀ–ի նշանակած օրերին։ Բայց, ենթադրաբար, հաշվի առենլով զուտ քարոզարշավի, ընդհանուր ընտրությունների կամզակերպման համար անհրաժեշտ ժամանակը, եթե էս փուլում նիստերը տեղի չունենան, հունիսին կարող է նոր ընտրություններ նշանակվեն։ Բայց կա հավանականություն, որ նիստը տեղի ունենա, ընտրվի Վարդան Ղուկասյանը, բայց բոյկոտի կամ միասնաբար չմասնակցելու, որոշումներ կայացնելու անկարողության կամ նիստեր գումարելու անհնարինության հիմքով մեկ նստաշրջան նիստեր տեղի չունեցան, դրանից հետո լիազորությունները դադարեցվեն, էս դեպքում խոսում ենք աշնան մասին»։

Ամենաքննարկվող հարցերից մեկը նաև հետևյալն է․ Գյումրիում կարո՞ղ է կրկնվել Վանաձորի նախադեպը։ Վարդինե Գրիգորյանը կարծում է, որ ոչ։  Արտահերթ ընտրությունները ֆինանսապես ձեռնտու չեն հենց քաղաքական ուժերին։ Դա ցանկալի հեռանկար չէ նաև քաղաքի համար։ Նորընտիր ավագանու նիստը պիտի գումարվի, որ հաստատվի համայնքի բյուջեն, ու քաղաքը կարողանա բնականոն կերպով իրականացնել իր ծրագրերը, կատարել ծախսերը։ Իշխանությունն արդո՞ք պատրաստ կլինի համագործակցության՝ Գյումրու կառավարման ճգնաժամը բացառելու համար․ լրագրողներն այս հարցը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին են ուղղել․

«Ո՞ւմ հետ կոմպրոմիսի․ էն 2, 3, 4 հոգին, որոնք միավորվել են ու, ի հեճուկս իրենց նախկինում արած հայտարարություների, իրենց անցած ճանապարհին որոշել են այնուամենայնիվ ապահովել, որ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, գնացե՛ք, իրե՛նց էդ հարցը տվեք»։

Գյումրիում ՔՊ-ն չի պարտվել՝ պնդում է ԱԺ նախագահը և առաջարկում սպասել քաղաքապետի ընտրությանը՝ վերահաստատելով իրենց թիմի՝ քաղաքի համար պատասխանատվություն կրելու պատրաստակամությունը։

Կարդացեք նաև

Back to top button