ՌեպորտաժներՔաղաքական

«Նորացված» առաջարկներ Հայաստանից՝ Ադրբեջանին․ ՀՀ վարչապետը Աժ–ում էր

ԱԺ հերթական նստաշրջանը մեկնարկել է ՀՀ կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմամբ, որը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքի զգալի մասը, բացի տնտեսական ցուցանիշերից, առնչվել է արտաքին քաղաքականությանն ու խաղաղության օրակարգին։ Խորհրդարանական ընդդիմությունը քննարկմանը չի մասնակցել։

Հայաստանն Ադրբեջանին ուղղած մի քանի «նորացված» առաջարկ ունի, որոնց մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Ազգային ժողովում։

Երևանը Բաքվին  առաջարկում է սեղանին միանգամից երկու փաստաթուղթ դնել և դրանք ստորագրել միաժամանակ։ Մեկը խաղաղության պայմանագիրն է, մյուսը՝ ԵԱՀԿ ՄԽ–ն լուծարելու մասին դիմումը։ ԼՂ հակամարտությունը լուծելու համար ստեղծված միջնորդական և բանակցային ձևաչափի լուծարումը Հայաստանի համար հասկանալի օրակարգ է, սակայն «եթե»–ով վերապահումներ կան։

«Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Բայց ԵԱՀԿ ՄԽ-ն առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, և մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը ՄԽ լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը Ադրբեջանի տարածքում փակելուն և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղված քայլ։ Փարատելու համար այս մտահոգությունը մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության համաձայնագիրը և ՄԽ կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ»։

Խնդիր է նաև այն, որ շուրջ 30 տարի գործած ձևաչափը լուծարելու որոշումը, ինչպես ամեն հարց ԵԱՀԿ–ում, պետք է ընդունվի կոնսենսուսով։ Այսինքն՝ առանց դեմ ձայների։ Թեև Հայաստանն ու Ադրբեջանը որոշակի պայմանների դեպքում պատրաստ են այդ քայլին, բայց պարզ չէ, թե ինչ արձագանք կստանա դիմումը հենց ԵԱՀԿ–ում։ Վարչապետ Փաշինյանն ընդունում է, որ այս խնդիրը գոյություն ունի։

«Տրամաբանությունն այն է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են, մյուսներն էլ տրամաբանորեն պետք է համաձայնեն, չնայած չի բացառվում, որ ինչ–որ մի երկիր վերապահում հայտնի այդ որոշման նկատմամբ»։  

Խաղաղության շուրջ քննարկումների  ֆոնին պատգամավոր Դավիթ Դանիելյանը փորձում է հասկանալ, թե ինչ խնդիր է լուծում Ադրբեջանը՝ սահմանին իրավիճակը սրելով։

«Առնվազն երկու միջադեպ կա, որ քաղաքացիական շինություն են թիրախավորել։ Այդ մասով մենք ինչպիսի՞ գործիքակազմ ունենք․ միջազգային գործընկերների աջակցությամբ գոնե կանխենք նմանատիպ դեպքերը»։

Այս հարցի պատասխանն արդեն առնչվում է Հայաստանի երկրորդ առաջարկին, որը վերաբերում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննելու համատեղ մեխանիզմներին։ Փաշինյանը մանրամասնել է, որ էսկալացիայի վտանգը նվազեցնելու համար կարելի է աշխատել ամենօրյա ռեժիմով և անգամ ստուգել հրացանների փողերը․

«Այդտեղ երկու տարբերակ կա․ կա՛մ անկարգապահություն է, կա՛մ քաղաքացիական բնակչությանը դիտմամբ ահաբեկելուն ուղղված գործողություններ են։ Երկու դեպքն էլ, ակնհայտ է, որ Ադրբեջանը պետք է հետաքննի և միջոցներ ձեռնարկի դրանք դադարեցնելու համար։ Նաև իրենց մամուլում ինչ-որ հրապարակումներ կան, որ մեր կողմից չգիտեմ ինչ է տեղի ունենում, ասում եմ՝ եկե՛ք հետաքննենք։ Ամենօրյա համատեղ մեխանիզմ ստեղծենք․ ահազանգ եղավ՝ տեղում գնանք ստուգենք։ Հաջորդ օրը ստուգելը էֆեկտիվ չէ, որովհետև տեղում կարելի է գնալ ստուգել ընդհուպ՝ այդ հրազենի փողը տաք է, թե տաք չէ, դրանից կրակել են, թե չեն կրակել։ Եթե իրենք չեն հեղինակն այդ ամեն ինչի, ինչո՞ւ են հրաժարվում հետաքննելուց։ Մենք ասում ենք պարզ, թափանցիկ կերպով․ կուզեն՝ միջազգային ներգրավմամբ, կուզեն՝ առանց միջազգային ներգրավման, գնանք փաստերը արձանագրենք և անենք հետևություններ։ Սա է ճանապարհը»։

Հայաստանի վարչապետը Աժ-ում խոսել է թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս  որոշ ուժերի՝ իրավիճակը էսկալացիայի և պատերազմի տանելու ուղղությամբ տեսանելի ջանքերի մասին։ Սակայն նա հավաստիացրել է, որ Հայաստանը չի տրվելու այդ ամենին։

«Այո՛, մեծ ծավալով տեղի են ունենում բանակի բարեփոխումներ, բայց ուզում եմ ընդգծել, որ այն ամենը, որ փորձ է արվում ներկայացնելու, որ ՀՀ–ն բանակը զարգացնում է,  սպառազինվում է, որ հարձակվի այս կամ այն ուղղությամբ, ես պաշտոնապես ասել եմ և ասում եմ, որ ՀՀ բանակը Հայաստանի ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս խնդիր չունի և չի ունենալու։ Նույնիսկ Հայաստանից  օկուպացրած ավելի քան 200 ք/կմ ինքնիշխան տարածքների առումով բանակի առաջ խնդիր չի դրվելու։ Որովհետև սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը երկու երկրներում վավերացվել է, մեխանիզմները ստեղծում է, որ այդ հարցերը խաղաղ ճանապարհով լուծվեն։ Վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ, և ՀՀ–ն պատրաստ է քննելու մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները»։

Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի վերապահումներին, ապա այս դեպքում էլ, ըստ Նիկոլ Փաշինյանի, մտահոգությունները փարատելու լավագույն տարբերակը Խաղաղության պայմանագրի ստորագրումն է։ Դրանից հետո փաստաթուղթը պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան։ Մայր օրենքի հետ հակասությունների դեպքում դատարանը կարձանագրի, և դա լուծելու անհրաժեշտություն կառաջանա։

«Այդ ժամանակ ՀՀ–ն կունենա կոնկրետ իրավիճակ և անհրաժեշտություն կատարելու ընտրություն խաղաղության և հակամարտության միջև։ Բայց, եթե Հայաստանի ՍԴ–ն որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, այդ պարագայում համաձայնագիրը ԱԺ–ում վավերացնելու ոչ մի խոչընդոտ չի լինի, և հետևաբար խաղաղության համաձայնագրի հարցում իր ընթացիկ դիրքորոշմամբ Ադրբեջանը խոչընդոտում է իր իսկ առաջ քաշած խնդիրների հանգուցալուծումը, և սա է, որ շատ փորձագետների հիմք է տալիս ասելու, որ Ադրբեջանը պարզապես մտացածին պատրվակներով ձգձգում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը»։  

Վստահելով Խաղաղության պայմանագրում ամրագրված դրույթներին և ապագայում դրանց միջոցով խնդիրների լուծմանը՝ Հայաստանը նույն կերպ չի բարձրաձայնում հենց Ադրբեջանի սահմանադրության խնդիրը։ Հանուն խաղաղության՝ Հայաստանն այդ հարցում չի գնում Ադրբեջանի ճանապարհով։

«Ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների՝ կառավարությունը և անձամբ ես չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Հայաստանում և Ադրբեջանում գործող բոլոր ուժերին և անհատներին կոչ եմ անում լինելու ծայրահեղ պատասխանատու, չանելու հայտարարություններ, որոնք ուղղակի և անուղղակի կերպով հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ չդնելու այս տրամաբանությունը։ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները արժանի են խաղաղության և խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու․ լինելու է խաղաղություն»։

Ի դեպ, քննարկմանը  խորհրդարանական ընդդիմությունը չէր մասնակցում․ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները ցուցադրաբար հեռացել էին դահլիճից մինչև քննարկման մեկնարկը։

Կարդացեք նաև

Back to top button