ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Վարչապետը խորհրդարանին ներկայացրեց կառավարության գործունեության հաշվետվությունը

2018 թվականից հետո ավելի քան 4 մլրդ դոլար է ավելացել պետական բյուջեին։ Վարչապետը, Ազգային ժողովում ներկայացնելով  կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման հաշվետվությունը, անդրադարձել է մի շարք տնտեսական հարցերի։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 2024-ին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները ավելացել են ավելի քան 1 տրիլիոն դրամով։ Կառավարության ղեկավարն ասել է, որ այսօրվա փոխարժեքով այն ավելի քան 3,3 միլիարդ դոլար է կազմում։

2018-2024 թվականներին Հայաստանի պետական բյուջեն 1 տրիլիոն 684 միլիարդ դրամ կամ 4,2 միլիարդ դոլար լրացուցիչ մուտք է ունեցել։ Այս թվերը Հայաստանի վարչապետն է ներկայացրել խորհրդարանում։ Նիկոլ Փաշինյանը ապօրինի գույքի վերադարձի, դրանց մի մասի՝ կալանքի տակ դրված լինելու օրինակներ է բերել, նշելով, թե վերադարձված ապօրինի եկամուտները ում են պատկանել․

«530 մլն դոլարի գույքն ու դրամական միջոցները արդեն իսկ վերադարձված են ՀՀ–ին։ Ապօրինի գույքը տիրապետողների կողմից ցաքուցրիվ անելու ռիսկերը առավելագույս կառավարվում են, որովհետև շուրջ 1,7 մլրդ դոլարի գույք այսօր գտնվում է կալանքի կամ արգելանքի տակ։ Վերը նշված գույքը պատկանում է նախկին նախագահների, նախարարների, համայնքների ղեկավարների․ դրանք հատիկ առ հատիկ վերադարձվել ու վերադարձվելու են ՀՀ–ին ու նրա ժողովրդին»։

Այս պահին ավելի քան 600 միլիարդ դրամի կամ 1,5 միլիարդ դոլարի ապօրինաբար ձեռք բերված գույքի առնչվող գործեր են քննվում դատարաններում։

ՀՀ–ն  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում  21,8 տոկոս մասնաբաժին ունի։ Կառավարության ղեկավարը հիշեցրեց խոստումը՝ նշելով, որ 2018-2024 թվականներին ԶՊՄԿ-ն ավելի քան կրկնապատկել է իր հարկերը նախորդող յոթ տարվա, այսինքն՝ 2011-2017 թվականների հետ համեմատած:

«2024-ին ԶՊՄԿ-ն 33 մլրդ 249 մլն դրամի շահաբաժին է վճարել պետբյուջե, այսինքն՝ միայն ԶՊՄԿ-ի շուրջ  մեր համբերատար, հետևողական գործողությունների շնորհիվ (որը, ընդ որում, միանգամից տեղի չունեցավ, այլ տևեց 3 տարի), միայն ԶՊՄԿ-ի մասով մենք 1 մլրդ դոլար գումար և գույք ենք վերադարձրել ՀՀ-ին, միայն ԶՊՄԿ-ով՝ 1 մլրդ դոլար»:

Կառավարությունը նման ակնկալիք ունի նաև Ամուլսարի շահագործումից։ Այստեղ էլ պետության բաժնեմասը 12,5 տոկոս է։ 20 տոկոս էլ «Վիվա Արմենիա»–ում ունի։ Կառավարության ղեկավարը Ամուլսարի խնդրի հանգուցալուծումը բարեհաջող է համարում։ Նա հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության՝ 12,5 տոկոս փայաբաժին ձեռքբերելուց բացի՝ ազդակիր համայնքներին տարեկան 7 միլիոն դոլար հավելյալ գումար վճարելու պարտավորություն կա։ Հավաքված գումարի մի մասն ուղղվում է սոցիալական պաշտպանության ոլորտին։ Ավելի քան 234 մլրդ դրամ է հատկացվել կենսաթոշակներին։ 2018 թվականից մինչև օրս թոշակառուների թիվն ավելացել է 125 հազարով։ Սոցիալական պաշտպանության այլ ոլորտներում նույնպես ծախսերն ավելացել են։ Կենսաթոշակառուների թվի ավելացմանը զուգահեռ՝ Հայաստանում ժողովրդագրական խնդիրներն են սրվում։  Ռազմավարությունը հաստատված է, բայց նախանշված քայլերը, ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի, բավարար չեն․

«2024 թվականին ծնվել է 33․648 երեխա, ինչը 2942–ով կամ շուրջ 8 տոկոսով պակաս է 2023–ի ցուցանիշից։ Սա անհանգստացնող է․ պետք է իրավիճակը փոխենք։ Լավ է, որ պտղաբերության ցուցանիշը (վերարտադրողականության տարիքում գտնվող մեկ կինը քանի երեխա է ունենում) աճել է»։

Պատգամավորը տարբեր երկրների փորձն է ներկայացնում։ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է՝ պետք է հասկանալ՝ որքանով են այդ մոդելները կիրառելի Հայաստանում։

Իսկ մինչև այդ, վարչապետը շեշտում է, որ համայնքների բյուջեներն աճել են շուրջ 276 տոկոսով կամ 18 միլիարդ դրամով, այլ եկամուտներն աճել են շուրջ 344 տոկոսով կամ 8 միլիարդ 386 միլիոն դրամով։ Մասնակցային բյուջետավորման ծրագիրը կընդլայնվի՝ 2024 թվականին 4 համայնքի համար նախատեսված 500 միլիոն դրամի փոխարեն 2025 թվականին 21 համայնքներին պետական բյուջեից հատկացվել է մեկ միլիարդ դրամ։

Կարդացեք նաև

Back to top button