
Մայիսի 9- ը նաև մեր հաղթանակն է, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես է բացատրել վարչապետ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու որոշումը։
«Այդ հաղթանակը նաև մեր հաղթանակն է, 300 հազար հայ մարդ զոհվել է, դա մեր հպարտության օրերից մեկն է, և ես կարծում եմ՝ վարչապետի մասնակցությունը չի կարող կապ ունենալ ԵՄ-ի և այլ բաների հետ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ալեն Սիմոնյանը։
Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։
ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը նախազգուշացրել էր եվրոպացի առաջնորդներին մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին մասնակցելու հետևանքների մասին, գրել է Politico-ն։
«Մենք քննարկել և շատ հստակ հասկացրել ենք, որ ցանկացած մասնակցություն Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին կամ տոնակատարություններին անլուրջ չի ընկալվի Եվրոպայի կողմից՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը լայնամասշտաբ պատերազմ է մղում Եվրոպայում», — Լյուքսեմբուրգում արտգործնախարարների հանդիպումից հետո լրագրողներին ասել էր Կայա Կալասը։
Կալասը հավելել է, որ ԵՄ-ն չի ցանկանում Մոսկվայի տոնակատարությունների մասնակիցների թվում տեսնել դաշինքի պոտենցիալ անդամ երկրներից որևէ մեկին։




