ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Սիգը՝ պարենային անվտանգության կարևոր ռեսուրս․ կառավարությունն առաջարկում է ավելացնել բնօգտագործման վճարները

Շրջակա միջավայրի նախարարությունը սկսել է փուլ առ փուլ վերանայել բնօգտագործման վճարներն ու բնապահպանական հարկերը։ Կենդանական աշխարհի բնօգտագործման վճարները նախատեսվում է ավելացնել 2 անգամ՝ բացառությամբ սիգինը՝ մոտ 3 անգամ։ Մեկ կիլոգրամ սիգի համար գործող 65-ի փոխարեն սահմանվել է 200 դրամ։

Սիգը առաջիկայում կթանկանա, քանի որ ավելանալու են կենդանական աշխարհի բնօգտագործման վճարները։ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած օրենսդրական նախագծին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց։

ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյան․ «Բոլոր կենդանատեսակների դեպքում բնօգտագործման վճարը կրկնապատկում ենք, իսկ Սիգ ձկնատեսակի դեպքում եռապատկում ենք»։

Սիգի բնօգտագործման վճարը եռապատկվում է, քանի որ այդ ձկնատեսակը Սևանա լճի էկոհամակարգի պահպանության և պարենային անվտանգության կարևորագույն և արժեքավոր  ռեսուրս է։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արման Ղազարյանին հետաքրքրում էր, թե բնօգտագործման վճարի ավելացումից հետո որքան կկազմի սիգի ինքնարժեքը։

-Կոնկրետ կա՞ն հաշվարկներ՝ եռապատկելու դեպքում մեկ կգ սիգի արժեքը ինչքա՞ն է թանկանալու, և արդյո՞ք մեր բնակչությունը կարողանալու է վճարել, քանի որ սիգ ձկնատեսակից օգտվում են ցածր ֆինանսներ ունեցող մարդիկ։

-Եթե հաշվենք, որ 3 սիգը 1 կգ է, ու միջինացված ունենում ենք 800 դրամ, ապա կավելանա 150 դրամ։

«Սիգը սպիտակ միս է համարվում, իսկ դա ավելի թանկ է այլ երկրներում»,-ասում է նախարարը։ Հակոբ Սիմիդյանը համաձայն չէ պատգամավոր Արման Ղազարյանի այն դիտարկմանը, որ սիգի թանկացումը կավելացնի սոցիալական բեռը։

 «Սա թանկացում չի, ավելին, բավականին ցածր են բնօգտագործման վճարները, այս սակագները վաղուց են սահմանվել ու վերանայման անհրաժեշտություն կա։ Այս պահին բնօգտագործման վճարը 65 դրամ է, եռապատկում ենք, ու դառնում է 200 դրամ»։

Նախագծով կվերանայվի նաև կենսառեսուրսների բնօգտագործման համար վճարումների կարգը։ Առաջարկվում է այն կատարել ոչ թե փաստացիորեն օգտագործված ծավալների, այլ պայմանագրով կամ լիցենզիայով տրամադրված չափաքանակի համար։ Սիգի գարնանային որսաշրջանի չափը սահմանվել է 196 տոննա։

Իսկ ինչպե՞ս է իրականացվելու հսկողությունը ձկնագողության դեմ, արդյո՞ք կա որսագողության վիճակագրություն․ հարցը նախարարին ուղղում է «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։

Նախարարն ասում է, որ վիճակագրության համար Սևանա լճի վրա 24 ժամյա հսկողություն պետք է սահմանել։

Հակոբ Սիմիդյանը համոզված է, որ որսագողությունը հնարավոր կլինի կրճատել առաջիկայում, երբ Գեղարքունիքի մարզում ներդրվի Էկոպարեկային ծառայությունը։

Կարդացեք նաև

Back to top button