
Գյուղատնտեսական աշխատանքները սկսելուց առաջ կամ բերքահավաքից հետո հողագործները հաճախ այրում են ցանքատարածքները վարելահողերն ավելորդ խոտածածկույթից մաքրելու նպատակով: Գյուղատնտեսները, սակայն, զգուշացնում են՝ բուսածածկույթի այրումն անդառնալի վնաս է հասցնում հողի արտաքին շերտի կենսաբազմազանությանը: Հողի վրա բացասաբար են ազդում նաև պոլիէթիլենային թաղանթները, որոնք վերջին երկու տասնամյակներում լայնորեն կիրառվում են գյուղատնտեսության մեջ:
Տարվա ցուրտ եղանակին շուկայում բանջարեղենի պահանջարկը լրացնում են ջերմոցային տնտեսությունները: Արմավիրի մարզի գյուղերի մեծ մասում վարելահողերը ծածկված են տարբեր չափերի ու մեծության ջերմոցներով, որտեղ աճեցնում են բանջարեղեն, կանաչի ու հատապտուղներ: Եթե նախկինում գյուղացիական տնտեսությունները կառուցում էին ապակեպատ մեծ ջերմոցներ, ապա վերջին տարիներին դրանք փոխարինվել են պոլիէթիլենայիններով: Այդ թաղանթները հաճախ օգտագործում են նաև որպես մոլախոտերի դեմ պայքարի միջոց:

«Ցելոֆանը փռում են մարգերի մեջ, կողքերը փակում հողով, որ օդ չանցնի: Սածիլը դնում են ու նորից սածիլի բնիկները հողով մշակում են: Թե չէ 5000 քմ, 1.5 հա, 2-3 հա տարածքներ են, ով կարող է այդքան քաղհան անել»:
Ֆերմերներից շատերն են այս եղանակն օգտագործում բույսերը մոլախոտերից պաշտպանելու համար: Համոզված են՝ սա ավելի էժան ու արդյունավետ միջոց է, քան անհայտ ծագման թունաքիմիկատներն ու թանկ աշխատուժը:
«Քաղհանչիներին առաջ տալիս էինք 2000-3000 դրամ, գալիս աշխատում էին, իսկ հիմա 10000 դրամով էլ չես կարող քաղհանչի ճարել»:

Պոլիէթիլենային թաղանթներն այժմ օգտագործում են նաև նորատունկ այգիներ հիմնելիս. տնկիները սածիլների պես հողն են դնում թաղանթի վրա բացված անցքերի միջով: Բերքահավաքից հետո պոլիէթիլենային թաղանթների մի մասն է հավաքվում․ դրանց քայքայված մասը մնում է հողի տակ, մյուս մասը քամին տարածում է դաշտերում: Պոլիէթիլենային թաղանթները հողի մեջ չեն քայքայվում ու բացասաբար են ազդում հողի կենսունակության վրա՝ բացատրում է գյուղատնտես Սանասար Բաղդասարյանը։
«Դա շատ վտանգավոր երևույթ է: Ճիշտ է, օգնում է գյուղացուն, արտադրողին բերքի արագ կազմավորման և մոլախոտերի դեմ պայքարի համար, բայց պետք է հավաքել, չի կարելի հողում թողնել: Դա երկար ժամանակ մնում է հողում, չի քայքայվում, իսկ քայքայվելիս թունավոր նյութեր է առաջացնում: Վերին աստիճանի աղտոտում է շրջակա միջավայրը, բացասական հետևանքները գնալով ավելի ցայտուն են արտահայտվում»:

Պոլիէթիլենային թաղանթների քայքայումից առաջացած թունավոր նյութերը հողի միջոցով անցնում են բույսին, սննդամթերքի միջոցով՝ մարդուն, ինչն էլ տարբեր հիվանդությունների պատճառ է դառնում:
Գյուղատնտեսական սեզոնին ֆերմերները հաճախ այրում են խոտածածկ ցանքատարածքները՝ մաքրելով մոլախոտերից ու բերքահավաքի մնացորդներից, ապա նախապատրաստվում հաջորդ ցանքսին: Այդ երևույթը նկատելի է հատկապես հացահատիկի բերքահավաքից հետո:
«Ծղոտը վառում ենք, որպեսզի դաշտը մաքրվի, որ վարվի: Ցորենից հետո դաշտը մաքրում ենք մնացած ծղոտից, վառում ենք: Դա հնարավոր չէ վարելու միջոցով հեռացնել, շատ է, չենք կարող: Այրելն այնքանով է արդյունավետ, որ եթե քամին փշերի սերմեր բերած լինի, դրանք կվառվեն»:
«Կոմբայնից է կախված, եթե կոմբայնը քաղում է, թափում է հողին, մարդ կա դրանք հակավորում է, մարդ կա՝ չէ, վառում է, որ դաշտը մաքրվի, հողից վերացնում վարակը: Հիմնականում վառում են: Երբեմն ցորենը վարակված է լինում, վառում են, որ դաշտը չվարակվի»:

Գյուղատնտես Սանասար Բաղդասարյանը երևույթը բացասական է համարում․ հողի մշակներն այդ կերպ ոչնչացնում են հողի կենսաբազմազանությունը, անդառնալի կորուստ հասցնում բնությանը:
«Ծղոտի այրումից ջերմաստիճանը 100 աստիճանից բարձր է լինում: Հողն իր մեջ օրգանական նյութեր է պարունակում, որոնք բարձր ջերմաստիճանի տակ նույնպես այրվում են: Հողի մեջ կան բազմաթիվ միկրոօրգանիզմներ. 1 սմ խորանարդ հողի մեջ հաշվվում են մինչև միլիարդի հասնող միկրոօրգանիզմներ, որոնց կենսագործունեությամբ է պայմանավորված հողի բերրիությունը, բերք տալու ունակությունը»:

Այրելով հողի ծածկույթը՝ ֆերմերները մեծ վնաս են հասցնում բնությանն ու շրջակա միջավայրին: Հողն աստիճանաբար դեգրատացվում է, վերածվում անապատի: Բացի դրանից՝ ծխի միջոցով վտանգավոր նյութեր են արտանետվում մթնոլորտ:
«Առանց այդ էլ մեր մթնոլորտը շատ ծանր վիճակում է, հատկապես մեր հանրապետությունում: Վտանգավոր երևույթներ են մարդու առողջության համար, բուսական ու կենդանական աշխարհի համար: Այդ օրգանական նյութերը կարելի է հավաքել, հորել, ծածկել, մեկ տարի հետո այն դառնում է հողի համար սննդանյութ: Օրգանական նյութն աստիճանաբար վերածվում է հումուսի»:
Փորձառու գյուղատնտեսը խորհուրդ է տալիս հոգատարությամբ վերաբերվել հողին ու առողջ սնունդ արտադրել:




