ԿարևորՀասարակություն

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր։

Այս առիթով Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Սուրբ Տաճարի շրջափակում տեղի է ունեցել Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ:

Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխել է Մայր Աթոռում համախբված բազում մանուկների՝ նրանց ընծայելով խաչեր, իսկ հավատավոր ժողովրդին բաշխվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը:

Հոգենորոգ տոնի կապակցությամբ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Վարդան Սրբազանը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, ընդգծել է, որ Ծաղկազարդով ավարտվում է Մեծ Պահքը և սկսվում Ավագ շաբաթվա տնօրինական խորհուրդները։

Անդրադառնալով Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հրաշափառ մուտքի ժամանակ հրեաների և ներկա բոլոր ուխտավորների սպասումներին՝ Պատարագիչ Սրբազանը նշել է․ «Քրիստոս մեզ սովորեցրեց, որ մենք ոչ միայն ուրախության, երջանկության, հաջողության ժամանակ օրհնենք Աստծուն, այլև մեր կյանքում պատահած դժվարության և փորձության պահերին։

Հիսուս մեզ ուսուցանեց, որ Տերը ցանկանում է մտնել մեր կյանք և թակում է յուրաքանչյուրիս սրտի դուռը, իսկ մեզ մնում է բացել այդ դուռը՝ Քրիստոսին ընդունելով իբրև մեր կյանքի վերափոխման աղբյուր, որպես մեր կյանքում երջանկության, համերաշխության և խաղաղության կերտողի»։

Վերջում Վարդան Սրբազանը, դիմելով ներկաներին, հորդորել է Քրիստոսով նորոգվել ու ծաղկազարդվել՝ պատրաստ լինելով Տիրոջ փառահեղ գալստյանը։

Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ, վերստին կատարվել է մանուկների օրհնության կարգ։

Կարդացեք նաև

Back to top button