
Ալեքսան Սարգսյան
«Ռադիոլուր»
Շիրակի մարզպետի աշխատակազմում ամփոփել են 2025 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքները, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Մարզխորհրդի նիստում ոլորտային վարչությունների պատասխանատուներն ու համայնքապետերը նշել են թերացումների պատճառները, մարզպետից ստացել երկրորդ եռամսյակում ցուցանիշները բարելավելու հանձնարարականներ:
Մարզխորհրդի՝ տարվա առաջին նիստում ավանդույթի համաձայն նախ ամփոփվեցին համայնքների 2025 թվականի առաջին եռամսյակի բյուջեների կատարման ցուցանիշները: Ըստ Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի զեկույցի` մարզի վեց համայնքներում եկամուտները թերակատարվել են են․ նախատեսված մեկ միլիարդ 50 միլիոն դրամի փոխարեն հավաքվել է 865 միլիոն 759 հազար դրամ: Պլանային ցուցանիշները գերակատարել են Արթիկ և Ամասիա համայնքները:
«Ըստ համայնքների՝ ունենք հետևյալ պատկերը: Արթիկ համայնքը կատարել է 113 տոկոսով, Ամասիա համայնքը՝ 102.3 տոկոս, Անի համայնքը՝ 91,7 տոկոս, Ախուրյան համայնքը՝ 80,1 տոկոս, Աշոցք համայնքը՝ 78.2 տոկոս և Գյումրի համայնքը 74,9 տոկոս: Տոկոսային առումով, ըստ համայնքների, ամենամեծ թերակատարումը Գյումրի համայնքում է»։
Սեփական եկամուտների հավաքման ցածր ցուցանիշից բացի այս տարի Գյումրի համայնքից սուբվենցիոն ծրագրերի փաթեթներ չեն ներկայացվել Շիրակի մարզպետի աշխատակազմ: Պատճառը 2024 թվականի տարեվերջի կառավարման ճգնաժամն է և համայնքի ղեկավար ու ավագանի չունենալու հանգամանքը: Ըստ Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանի՝ ցանկության դեպքում Գյումրիի նորընտիր ավագանին կկարողանա բացը լրացնել:
«Իրականում միայն ունենք հինգ համայնքների ցուցանիշները, քանի որ Գյումրիում համայնքի ղեկավար չունենալու և ավագանու քվորում չլինելու պատճառով ծրագրերը հետաձգվել են և կառավարության որոշմամբ կա անցումային դրույթ, ըստ որի հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 25-ն է։ Հուսով ենք՝ մինչ այդ կներկայացնեն, հակառակ պարագայում Գյումրի համայնքից որևէ ծրագիր չեն կարող իրականացնել»։
2024 թվականին պետություն-համայնք համագործակցությամբ Շիրակի մարզում իրականացվել է 41 ծրագիր՝ 107 ենթածրագրերով, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 7 միլիարդ 26 միլիոն դրամ: Այս տարի մարզի համայնքներից 31 ծրագիր է ներկայացվել, որոնց ընդհանուր արժեքը 8 միլիարդ դրամ է:
«Բոլոր ցուցանիշներով 2025 թվականը գերազանցել է 2024 թվականը՝ և ծրագրերի թվի, և արժեքների առումով: Բոլոր ծրագրերն այս պահին հաստատման փուլում են, հաստատումից հետո կունենանք 8.1 միլիարդ դրամի չափով գումար»
Մարզպետ Դավիթ Առուշանյանը համայնքի ղեկավարներին հորդորեց ասֆալտապատման, համայնքային կենտրոնների, մանկապարտեզների վերանորոգման, ոռոգման և խմելու ջրացանցերի կառուցման ծրագրերին զուգահեռ ներկայացնել նաև կանաչ գոտիների ընդլայնման, պուրակների և խաղահրապարակների կառուցման ծրագրեր: Մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանն էլ ներկայացրեց մարզում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
«Մարզում 2025 թվականին կատարվել է շուրջ շուրջ 9808.7 հա աշնանացան ցորենի ցանք։ Հաստատվել է Բուսաբուծության աջակցության ծրագիրը, որը կնպաստի հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնմանը, մշակության արդյունավետության բարձրացմանը: Նշված ծրագրի շրջանակում տրամադրվելու է փոխհատուցում հետևյալ սահմանաչափերով՝ աշնանացան ցորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 80 000 դրամ, գարնանացան հացահատիկային մշակաբույսերի համար՝ 70000 դրամ, իսկ եգիպտացորենի համար՝ 85 000 դրամ»։
Պետական աջակցության ծրագրով փոխհատուցում կտրամադրվի նաև հատիկընդեղենային և կերային մշակաբույսերից առվույտի և կորնգանի ցանքերով զբաղվող տնտեսություններին: Այս ընթացքում պատասխանատու կառույցների գերխնդիրը նաև մարզի ջրամբարներում անհրաժեշտ քանկությամբ ոռոգման ջուր կուտակելն է՝ նշում է Ռոման Համայակյանը:
«Ոռոգման սեզոնի ընթացքում, ոռոգման ջրի տրամադրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով մարտի առաջին տասնօրյակից Շիրակի մայր ջրանցքով կատարվել են ջրի կուտակման աշխատանքներ Կառնուտի ջրամբարում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ Կառնուտում և մյուս ջրամբարում ունենք ավելի շատ կուտակված ջուր։ Արփիի ջրամբարում այս պահի դրությամբ ունենք 21.8 մլն խմ, Կառնուտում՝ 7.7 մլն խմ, նախորդ տարվա համեմատությամբ 0.14 միլիոնով ավելի ջուր է կուտակված, Սառնաղբյուրում՝ 0,3 մլն, Վարդաքարում՝ 1.743 մլն,նախորդ տարվա համեմատությամբ 0.3 միլիոնով ավելի»
Ըստ պատասխանատուների՝ ոռոգման սեզոնին գյուղացիները ջրի խնդիր չեն ունենա՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բարձր լեռնային բնակավայրերում ձյունն ամբողջությամբ դեռ չի հալվել, և ջրամբարներում կուտակվող ջրի ծավալը կարող է ավելանալ:




