ԿարևորՔաղաքական

Հայաստանը մտահոգություն ունի Ադրբեջանի Սահմանադրության որոշ դրույթների վերաբերյալ․ Արարատ Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հայտարարել է, որ Հայաստանն իրական մտահոգություն ունի Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված՝ ընդգծելով, որ այդ հարցը չի բարձրացվում պարզապես պատասխան կամ հավասարակշռության սկզբունքով։

«Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի խոսում է ՀՀ Սահմանադրության դրույթների մասին, լավ, եթե ցանկանում եք՝ կասեմ․ այո՛, մենք մտահոգություն ունենք Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված։ Դա ոչ թե պարզապես հայելային արձագանքի համար է, այլ հիմնավոր պատճառով։ Հայաստանի Սահմանադրությունը հղում է կատարում Անկախության Հռչակագրին՝ այն փաստաթղթին, որով ներկայիս Ադրբեջանն իրեն հայտարարում է Առաջին Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը»,-նշել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ այս հարցը հիմնավոր և փաստարկված մտահոգություն է Հայաստանի համար, քանի որ Ադրբեջանի Սահմանադրությունը և դրա որոշ իրավական հղումներ կարող են վտանգել տարածաշրջանային կայունությունն ու հետագա խաղաղության գործընթացը։

«Սա քաղաքական դիրքորոշում չէ ձևականության համար։ Սա լուրջ հարց է, որի շուրջ մենք պատրաստ ենք բաց ու անկեղծ քննարկումների՝ խաղաղության գործընթացի տրամաբանության շրջանակում», -ընդգծել է ՀՀ արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ այս հարցը Հայաստանը չի բարձրացնում միայն պատասխանի կամ հավասարակշռության սկզբունքով, այլ որովհետև իրական հիմքեր ունի նման մտահոգության համար։

Նրա խոսքով՝ բոլորը գիտեն, որ Առաջին Ադրբեջանի Հանրապետությունն իր ինքնիշխանությունը հռչակել էր շատ ավելի մեծ տարածքների վրա, քան ներկայիս Ադրբեջանի Հանրապետության սահմաններն են՝ ներառյալ Հայաստանի շուրջ 60%-ը կամ ավելի։

«Սա պարզապես պատմական փաստ է։ Եվ բնական է, որ նման դրույթները մտահոգություններ են առաջացնում Հայաստանի Հանրապետության համար»,-նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։

Միրզոյանն ընդգծել է, որ այս հարցերի քննարկումը պետք է լինի բաց և ուղիղ ձևով՝ առանց հակադրության կամ խուսափելու քաղաքականությունից՝ հանուն տարածաշրջանային կայունության և խաղաղության։

Ըստ նրա՝ այսօր Հայաստանը և Ադրբեջանը կանգնած են կարևորագույն որոշման առաջ՝ շարունակելու կառուցել այն ձեռքբերումների վրա, որոնք արդեն արձանագրված են, թե՞ նորից գնալ «ամեն ինչ զրոյից սկսելու ճանապարհով»։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված է աննախադեպ իրավիճակ, քանի որ կողմերը համաձայնության են եկել պայմանագրի տեքստի շուրջ, որտեղ հստակ նշված է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը՝ այն սահմաններում, որոնք եղել են Խորհրդային Միության փլուզման պահին։

«Պատկերացրեք՝ սա մի նախադասություն է, որն իր մեջ պարունակում է շատ հարցերի և մտահոգությունների պատասխան։ Հարցն այն է՝ մենք պատրաստվո՞ւմ ենք կառուցել այս ձեռքբերումների վրա, թե՞ պատրաստվում ենք խարխլել այն կոնկրետ, շոշափելի արդյունքը, որին արդեն հասել ենք»,-նշել է Միրզոյանը։

Նա ընդգծել է, որ բնական է, որ բոլոր հնարավոր հարցերին պատասխան տալուց հետո միայն հարաբերություններ հաստատել հնարավոր չէ։

«Մենք պետք է աշխատենք այն բանի վրա, ինչ արդեն ձեռք ենք բերել, և զարգացնենք այդ հիմքը՝ խաղաղության և տարածաշրջանային համագործակցության համար», -հավելել է ՀՀ ԱԳ նախարարը։

Կարդացեք նաև

Back to top button