ԿարևորՀասարակություն

Ինչպես Թումոն օգնեց «հասնել» աստղերին

Թումոն ներկայացնում է կենտրոնի հաջողության պատմություններից և հպարտանալու առիթներից։ Այսօր ներկայացվել է «Հայասաթ-1»-ի ստեղծմանը մասնակցած Վրեժի պատմությունը։

«2023 թվականի դեկտեմբերի 1-ը պատմական օր էր մեզ համար։

Այդ օրն առաջին անգամ տիեզերք բարձրացավ ամբողջությամբ Հայաստանում ստեղծված առաջին արբանյակը։ «Հայասաթ-1»-ի հաջող թռիչքը Հայաստանի համար հսկայական ձեռքբերում էր, իսկ Թումոյի համար՝ հպարտանալու մեծ առիթ։

Արբանյակի ստեղծման «մեղավորներից» մեկը մեր Վրեժն է, ով Թումոյի հետ է 12 տարեկանից։

«Ամեն ինչ սկսվել է Թումոյից», — ասում է մեր նախկին ուսանող և ներկայիս թիմակից Վրեժ Միքայելյանը՝ խոսելով հետաքրքրասեր պատանուց դեպի պահանջված ծրագրավորող անցած իր ուղու մասին։

Սովորելու մեծ քաղցով Թումո եկած Վրեժն անմիջապես հասկացավ, որ 14 ոլորտներից ամենա-իրենը ծրագրավորումն ու ռոբոտաշինությունն էին ու հաջորդող տարիները նվիրեց հենց այս ուղղությունների բացահայտմանը։

Ինժեներությունը արվեստ է։ Դու ասես աստված լինես՝ կարող ես ստեղծել ինչ ուզես։

Վրեժի այս խոսքերը շատ լավ են արտահայտում նորարարության հանդեպ նրա սերը, որը տարիների ընթացքում միայն խորացել է՝ վերածվելով շոշափելի արդյունքի՝ տեխնոլոգիայի, որ հենց այս պահին պտտվում է Երկրի շուրջ։

Իսկ հիմա հերթը նոր սերնդինն է։

Արդեն մի քանի տարի է, ինչ Վրեժը հարյուրավոր պատանիների օգնում է բացահայտել իրենց տաղանդներն ու իրականություն դարձնել անհնար թվացող երազանքները։ Թումոյի կրթությունն ավարտելուց հետո Վրեժն աշխատարաններ է վարել Երևանում, Գյումրիում և Դիլիջանում, իսկ հիմա աշխատում է մեր վեբ թիմում՝ ստեղծելով գործիքներ, որ ընդլայնում են մեր ազդեցությունը Հայաստանում և աշխարհում։

Վրեժի պատմությունը բացառիկ է, բայց այն չպետք է բացառություն լինի։

Ահա, թե ինչու է այդքան կարևոր Թումո Հայաստան արշավը, որի նպատակը կյանքեր փոխող կրթությունը Հայաստանի բոլոր՝ հատկապես հեռավոր և անտեսված համայնքներում հասանելի դարձնելն է»։

Կարդացեք նաև

Back to top button