Վաշինգտոնի գնահատմամբ՝ կառուցողական, Մոսկվայի գնահատմամբ՝ հուսադրող․ ամերիկյան և ռուսական կողմերը զգուշավոր լավատեսությամբ են ամփոփում նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունների երկրորդ փուլը։ Կողմերը նշում են, որ շուրջ 6 ժամ տևած հանդիպման առանցքում եղել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցերը։
Այսօր արդեն Մոսկվա է մեկնել Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնացը։ Վերջին 2.5 ամսվա ընթացքում սա Սթիվ Ուիթքոֆի երրորդ այցն է Ռուսաստան։
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունն օգնում է խաթարված վստահությունը վերականգնելուն՝ ստամբուլյան բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա գնահատմամբ՝ Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը հարաբերությունների լիարժեք կարգավորման պատրանքներ չի ստեղծում, բայց նորմալացման ակնկալիք ձևավորում է։
«Սա երկրորդ նման փոխանակումն է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: Ինձ թվում է, որ այս բանակցություններն օգնում են ամրապնդելու վստահությունը, որն այդքան անհրաժեշտ է, բայց վերջնական վերականգնման համար դեռ երկար ժամանակ կպահանջվի: Այն խաթարվել, ոչնչացվել էր Բայդենի վարչակազմի շրջանում։ Հիմա էլ Միացյալ Նահանգներում՝ թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների շրջանում, կան բազմաթիվ մարդիկ, որոնք չեն ցանկանում, որ ռուս-ամերիկյան երկխոսության վերսկսման ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն: Այնպես որ, պետք չէ պատրանքներ ունենալ։ Բայց նորմալացման նպատակադրումը՝ յուրաքանչյուր երկրի ազգային շահերի փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա, միանգամայն իրատեսական է և անհրաժեշտ»:
Ռուսաստանի արտաքին քաղաքականության ղեկավարը նշել է, որ, ի թիվս այլ թեմաների, քննարկվում է «Աերոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցների վերացման և օդային հաղորդակցության վերականգնման հարցը: Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությանը նպաստում է նաև բանտարկյալների փոխանակումը՝ ասել է Լավրովը․
Ստամբուլյան հանդիպումից հետո Մոսկվա է մեկնել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը։ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից ի վեր սա Սթիվ Ուիթքոֆի երրորդ այցն է Մոսկվա։
Ամերիկացի բանագնացը ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպել էր մարտին և քննարկել ուկրաինական խնդիրը։ Իսկ փետրվարին նա Մոսկվայում էր գերիների փոխանակման գործընթացի շրջանակում։
Ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին փուլը Մոսկվան «բովանդակալից» ու «գործնական» էր գնահատել։
Հայտնի է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Մոսկվայից մեկնելու է Օման՝ հանդիպելու Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ուշադրություն է հրավիրում հենց ապրիլի 12-ին Օմանում նախատեսված հանդիպման վրա։ Նա պատահական չի համարում, որ ԱՄՆ-Իրան հանդիպումը հաջորդելու է ռուս-ամերիկյանին։
«Այն, որ նա է բանակցելու Իրանի ԱԳ նախարարի հետ Օմանում, խոսում է նաև այն բանի մասին, որ այդ բանակցությունը, ըստ էության, ռուս-ամերիկյան ավելի մեծ գործարքի համատեքստում գտնվող հարց է: Օմանում տեղի ունեցած բանակցության նախօրեին Ուիթքոֆի այցը Մոսկվա և հանդիպումը Պուտինի հետ, ըստ էության, հաստատում են այս գնահատականը»:
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բագայը ամերիկյան կողմի հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է գնահատի այն փաստը, որ Թեհրանը համաձայնել է բանակցություններին՝ հակառաակ Վաշինգտոնի շարունակական ագրեսիվ հռետորաբանությանը:
«Ամբողջ լրջությամբ և ակնհայտ զգուշավորությամբ մենք դիվանագիտությանը իրական հնարավորություն ենք տալիս: Միացյալ Նահանգները պետք է գնահատի այս որոշումը, որն ընդունվել է՝ չնայած ագրեսիվ հռետորաբանությանը»,- գրել է նա X-ում։
Իրանական կողմի հայտարարությունների համաձայն՝ բանակցությունները կանցկացվեն ոչ թե ուղիղ, այլ՝ Օմանի միջնորդությամբ։ Եթե Վաշինգտոնի միակ պահանջը վերաբերի միջուկային զենքի ստեղծման դադարեցմանը, ապա համաձայնությունը հեշտ կտրվի՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թահթ-Ռավանչին։
«Ամերիկացիներն ասում են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա: Մենք համառորեն կրկնում ենք, որ մեզ չի հետաքրքրում միջուկային զենքը: Այսպիսով, եթե ամերիկացիների միակ պահանջն այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա, մենք նոր համաձայնագիր կունենանք»։
Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսն էլ հայտարարել է, որ Օմանում ոչ թե բանակցություն, այլ հանդիպում է նախատեսված։




