ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

ՎԶԵԲ-ը խոշոր վարկ է տրամադրում Հայաստանին․ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց վարկային համաձայնագրին

Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիրն իրականացնելու համար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին 102 մլն եվրոյի վարկ կտրամադրի։ Ծրագրի նպատակն է բարելավել առաջնային առողջապահության որակը, բարձրացնել առողջապահության պետական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները: Ծրագիրը գործելու է մինչև 2029 թվականի սեպտեմբերի 30-ը:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին 102 մլն եվրոյի վարկ կտրամադրի։ Այդ գումարը հիմնականում ծախսվելու է առողջության համապարփակ ապահովագրության համակարգ ներդնելու համար։ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է, որ վարկը կօգտագործվի նաև երկու այլ բաղադրիչով։ Առաջինը՝ բարելավել բժշկական օգնության որակը առողջության առաջնային պահպանման օղակում, և երկրորդը՝ բարձրացնել վարկառուի առողջապահական ծախսերի արդյունավետությունը։

«Այստեղ հիմնական ուղղվածությունն առողջության համապարփակ ապահովագրության ծրագրի ներդրման հետ կապված աշխատանքների կատարումն է։ Այն պետք է ներառի և՛ պետական բյուջեից ֆինանսավորման ավելացում, և՛ այդ գումարների կառավարման աշխատանքներ։ Վարկային ծրագիրը արդյունքահենք ծրագիր է։ Սա առողջապահական համակարագում առաջին անգամ իրականացվող ծրագիր է, ինչը նշանակում է, որ, ըստ բարեփոխումների ուղղությունների, սահմանված են ցուցանիշներ ըստ տարիների։ Եվ այդ ցուցանիշներին հասնելու դեպքում  նոր վարկից մասնահանում է կատարվում պետական բյուջե»։

Վարկային պայմանագրում նշված է, որ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսում, պետք է առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ ստեղծվի, սակայն, ըստ Լենա Նանուշյանի՝ նոր գրասենյակ չի լինելու։ Փոխարենը կգործի 2010 թվականին ստեղծված առողջապահական  ծրագրերի իրականացման գրասենյակը։ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Լուսինե Բադալյանը գործող գրասենյակի վերաբերյալ վերապահումներ ուներ։

Լ․ Բադալյան․ «Գործող գրասենյակը չի կարող հաստատվել Համաշխարհային բանկի կողմից , որովհետև ըստ ծրագրի՝ այն պետք է ունենա անկախ ստուգող մարմին։ Իսկ կառավարության որոշմամբ ստեղծված գրասենյակի կանոնադրության մեջ նման մարմին նախատեսված չէ»։  

Լ․ Նանուշյան․ «Անկախ ստուգող մարմինը, ըստ Համաշխարհային բանկի պահանջի, պետք է լինի անկախ և չի կարող լինել ծրագրերի իրականացման գրասենյակը։ Եվ այդ մարմինը վերիֆիկացիա է անելու անընդհատ, թե մենք իրականացրել ենք, չենք իրականացրել այդ ցուցանիշները։ Ի վերջո, դրանք ներկայացնելուց հետո Համաշխարհային բանկի պահանջն է, որ լինի անկախ մարմին՝ ոչ ծրագրերի իրականացման գրասենյակը, ո՛չ ԱՆ, ո՛չ կառավարության որևէ մարմին, որը կհավաստի, վերիֆիկիացիա կանի, թե արդյո՞ք մենք հասել ենք այդ ցուցանիշներին, թե ոչ, և դրանից հետո տվյալ ցուցանիշի չափով գումար կտրամադրի»։

Առողջապահության նախարարության տեղեկանքում գրված է, որ վարկային միջոցները նախատեսվում են ուղղել առողջության համապարփակ ապահովագրության շրջանակում պետությունից սուբսիդավորվող շահառու խմբերի ապահովագրավճարներին։ Եթե դեռ չկա համապարփակ ապահովագրության մասին օրենքը, արդյո՞ք վաղաժամ չէ նման վարկ վերցնելը՝ հարցնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը։

«Մենք չգիտենք՝ երբ ենք օրենքն ընդունելու, գիտենք, որ այս երկու-երեք տարի է՝ փորձում ենք, ու չի ստացվում։ Էլի երկարելու է այդ ժամկետը։ Մենք հիմիկվանից վերցնում ենք վարկը, թեկուզ մայր գումարը վճարելու են 40-50 թվականներին, բայց մենք տոկոսներ ենք վճարելու։ Միանվագ, բայց միջնորդավճար ենք վճարելու և չգիտենք՝ երբ է ընդունվելու օրենքը»։

Փոխնախարարը պարզաբանում է, որ ապահովագրության մասին օրենքի ընդունումը ևս նշված է որպես ցուցանիշ։ Իսկ այդ ցուցանիշներին հասնելու համար անելու են ամեն ինչ։ Արմենուհի Կյուրեղյանին հետաքրքրում էր նաև, թե 102 մլն եվրոյի հաշվարկն ինչպե՞ս է կատարվել։ Պատգամավորը հիշեցնում է, որ 2024 թվականին առողջապահության նախարարությանն այս համակարգի ներդրման համար 18 մլրդ դրամ էր տրամադրվել։ Բայց քանի որ համակարգը չներդրվեց, գումարը հետ կանչվեց։

Քննարկմանը ներկա՝ ֆինանսների նախարարության փորձագետ Աշոտ Համբարձումյանն ասաց, որ վարկային միջոցներն ուղղվելու են հիմնականում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նախապատրաստական աշխատանքներին։ Սա Համաշխարհային բանկի առաջարկած վերին սահմանաչափն է։

«Եթե համապարփակ ապահովագրության համակարգը ներդրվի, գումարներն այդտեղ շատ մեծ են լինելու, որի հիմնական ծանրաբեռնվածությունը պետական բյուջեի վրա է։ Այս վարկը ներգրավվում է, որպեսզի նախապատրաստի որոշ չափով առողջապահական համակարգը համապարփակ ապահովագրությանը»։  

Մայր գումարը մարվելու է 2039 թվականի հուլիսից մինչև 2049 թվականի հունվարը՝ վարկի գումարի 5 տոկոս հավասարաչափ չափաբաժիններով։ 102 մլն եվրո վարկի տոկոսադրույքը լողացող է, վարկի մարման ժամկետը՝ 25 տարի, որից 15 տարին՝ արտոնյալ պայմաններով:

Կարդացեք նաև

Back to top button