
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
«Հայջրմուղկոյուղի» ընկերությունն իր մասնավոր կառավարիչ՝ ՍԱՈՒՐ ֆրանսիական ընկերության հետ համատեղ այսօր լրագրողներին ներկայացրեցին իրենց նորամուծությունները, ավտոմատացման և արդիականացման ծրագրերը, որոնք ուղղված են բարելավելու ջրամատակարարման և ջրահեռացման մատուցված ծառայությունների որակը։ Այսուհետ հայկական ընկերությունը տեխնիկապես լիովին համապատասխանելու է եվրոպական չափանիշերին, հավաստիացրել են ֆրանսիացի կառավարիչները։
Հայաստանի մարզերում ջրամատակարմամբ և ջարահեռացմամբ զբաղվող «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը լայնորեն օգտվում է արդի տեղեկատվական տեխնոլոգիաներից: Յուրաքանչյուր տեսուչի տրված է խելացի հեռախոս, որի միջոցով հայտնաբերված վթարները, խախտումները կամ այլ արտառոց պատահարները նկարահանում է և ուղարկում կառավարման համակարգ:
Բացի դրանից՝ ջրացանցի անխափան աշխատանքը հնարավոր կլինի հսկել անօդաչու սարքով, որը ինֆակարմիր տեսախցիկի միջոցով կկարողանա արձանագրել մինչև մեկ մետր խորության վրա ջրագծի վթարները: Ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը հպարտությամբ է ներկայացնում ներդրված նորամուծությունները։ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունն այսօր բարձր տեխնոլոգիաների ոլորտում շատ մեծ աշխատանք է իրականացնում, որը մոտ է եվրոպական ստանդարտներին: Վստահորեն կարող ենք արձանագրել, որ ամբողջ Կովկասում միակ ջրամատակարար ընկերությունն ենք, որը այս տեսակի տեխնոլոգիաներ է կիրառում»,- ասում է։
Ընկերության արդիականացմանը նպաստել է ինքնամշտադիտարկման, վերլուծության և հաշվետվության տեխնոլոգիայի ներդրումը: Այն կիրառվում է համալիր ցուցանիշների բարելավման համար, նշեց ընկերության գործառնությունների տնօրեն Արնաուդ Բիոլայը: Մասնաավորապես, խոսքը բաժանորդներին մատուցվող ծառայությունների, ջրամատակարարման և ջրի որակի, բաժանորդների դիմումների կառավարման մասին է։ «Մենք կիրառում ենք նոր տեխնոլոգիաներ, որոնք օգտակար են մեր աշխատանքում: Հարկ է նշել, որ մենք ամենևին կախված չենք դրանցից, որոնք միայն օժանդակ դեր են խաղում: Հիմնական աշխատանքը պայմանավորված է մարդկային գործոնով։ Այդ տեխնոլոգիաները մենք օգտագործում ենք՝ ելնելով դրանց օգտակարությունից, այլ ոչ թե միայն արդիականությունից»։
Արդեն չորրոդ տարին է ինչ գործում է ընկերության մոտ 200 հազար բաժանորդների սպասարկման կենտրոնը: Անմիջական կապը ապահովվում է 1-71 և 81- 71 անվճար հեռախոսահամարներով։ Ընկերության հասույթը տարեկան 4,8 մլրդ դրամ է, իսկ չվճարող բաժանորդմների մասնաբաժինը 6 տոկոս: Մնում է հուսալ, որ կառավարման եվրոպական ստանդարտներին կհասցվեն նաև ջրամատակարման ժամկետները և տեղերում աշխատողների վարձատվությունը։




