
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այս շաբաթավերջին Իրանի միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ կվարի Իրանի հետ։
ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի բանակցությունները նախատեսված են շաբաթ օրը Օմանում։
«Հուսով ենք, որ բանակցությունները խաղաղության համար ճանապարհ կբացեն: Շատ հստակ ենք եղել , որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, և կարծում եմ, որ դա էլ հանգեցրել է այս հանդիպմանը», — ասել է Ռուբիոն:
Երկուշաբթի Թրամփն անակնկալ հայտարարություն էր արել, որ Միացյալ Նահանգները և Իրանը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ պատրաստվում են շաբաթ օրն ուղիղ բանակցություններ սկսել՝ զգուշացնելով, որ Իրանը «մեծ վտանգի» մեջ կհայտնվի, եթե բանակցությունները անհաջող ելք ունենան:
Հայտարարությունը որոշակի շփոթություն էր առաջացրել, քանի որ Իրանը հայտարարել էր՝ բանակցություններն անուղղակի են, և միջնորդն օմանցիներն են:
Ինչպես Reuters-ն է գրում, ամերիկացի պաշտոնյան, որը ծանոթ է բանակցությունների պլանավորման ընթացքին, ասել է, որ բանակցությունների համար երկու պատվիրակությունները կլինեն նույն սենյակում:
Չորեքշաբթի Թրամփը կրկնել է ռազմական ուժ կիրառելու իր սպառնալիքը, եթե Իրանը չհամաձայնի դադարեցնել իր միջուկային ծրագիրը։




