
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը բարձրացրել է ավելի շատ, քան նախկինում էր հաղորդվել. ինչպես հինգշաբթի պարզաբանել է Սպիտակ տունը, նախորդ օրը հայտարարված 125 տոկոսին պետք է ավելացվի մարտին սահմանված 20 տոկոսը։ Այսինքն, Չինաստանի համար մաքսատուրքերը կկազմեն 145 տոկոս։
Մաքսատուրքի բարձրացումը Թրամփը պատճառաբանել է Պեկինի անգործությամբ՝ կապված ֆենտանիլ թմրանյութի առևտրի հետ։ Նա նաև մեղադրել է Պեկինին համաշխարհային շուկաների նկատմամբ «բավարար հարգանք չցուցաբերելու» մեջ։
Երեկ Պեկինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը 34-ից կբարձրանան 84 տոկոսի։
Վերջին շաբաթների ընթացքում Դոնալդ Թրամփը մի շարք երկրներից, այդ թվում Եվրամիությունից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքեր է սահմանել։
Ապրիլի 9-ին երկրների մեծ մասի համար նա 90 օրով կասեցրել է մաքսատուրքերը, սակայն այս որոշումը չի ազդել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա։ Ընդհակառակը, Չինաստանի համար հայտարարվել է 125 տոկոս մաքսատուրք։




