ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

58 «խելացի» անասնաշենք ու 925 մլն դրամ փոխհատուցում․ գործադիրն ընդլայնում է ծրագիրը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել «Խելացի» անասնաշենքերի կառուցմանն աջակցող  ծրագրում ։ Մասնավորապես վերագնահատվել են շինաշխատանքների համար պահանջվող ծախսերը, բարձրացվել են ներդրվող ու փոխհատուցվող գումարների շեմերը։ Սահմանվել են նաև  արտոնություններ սահմանամերձ համայնքների, կոոպերատիվների և սոցիալական որոշ խմբերի համար։

«Խելացի» անասնաշենքեր կառուցելու համար կառավարությունը բարձրացրել է ներդրվող և փոխհատուցվող գումարների շեմը։ Եթե նախկին ծրագրով 40-45 խոշոր եղջերավոր կենդանու համար անասնաշենք կառուցելը գնահատվում էր 35 մլն դրամ, ապա նոր առաջարկով այդ շեմն արդեն  46 մլն դրամ է։ Այս գումարի 50 տոկոսը ֆերմերները կարող են հետ ստանալ։ Այսինքն՝ ներդրման փոխհատուցվող չափը 23 մլն դրամ է՝ նախկին 17.5 մլն դրամի փոխարեն՝ ասում է  էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը: Սահմանված են նաև արտոնյալ պայմաններ սահմանամերձ համայնքների, կոոպերատիվների և սոցիալական որոշ խմբերի համար։ Այս դեպքում ծախսերը կփոխհատուցվեն  70 տոկոսի չափով։

«Վերակառուցման համար փոխհատուցման չափաբաժինը սահմանվել  է  25 տոկոս, իսկ սահմանամերձ բնակավայրերի համար այն 45 տոկոս է»։

Փոփոխություններ են առաջարկվում նաև գլխաքանակի, անասնաշենքերի կառուցման և վերակառուցման մոդելների հարցում։ Մասնավորապես,  ծրագրից հանվել է 10-15 գլուխ  խոշոր եղջերավոր անասունների համար կառուցվող  անասնաշենքի մոդելը։ Նախարարությունն  առաջարկում է ավելի մեծ՝ 20-25,  40-45, 95-100 գլուխ կենդանիներ պահելու անասնաշենքներ կառուցել։ Պարտադիր պայման է նաև տոհմային կենդանիներ պահելը։  

«Ծրագիրն ունի և՛փոխհատուցման, և՛  վարկային բաղադրիչ։  Վարկային բաղադրիչով կառավարությունը սուբսիդավորում է  ներգրաված վարկի 10 տոկոսային  կետը։ Սահմանվել է արտոնյալ ժամկետ 8 ամիս նախկինում գործող 12 ամսվա փոխարեն։ Այսինքն, եթե ֆերմերը վարկ է ներգրավում խելացի անասնագոմի կառուցման համար, ապա կարող է 18 ամիս մայր գումարի վճարում չիրականացնել։ Իսկ սահմանամերձ բնակավայրերի համար վարկային  տոկոսադրույքը սուբսիդավորվում է ամբողջությամբ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր, թե ինչու է էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում հրաժարվել  փոքր անասնաշենքերից։ Փոխնախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակում ամենաքիչը հենց այդպիսի անասնաշենքեր են կառուցվել։

«Դա ակնհայտ է մեր բոլոր ծրագրերի դեպքում: 2018 թվականից սկսած՝ մենք փորձել ենք հնարավորինս բովանդակային ծրագրեր ունենալ փոքրերի համար՝ հույս ունենալով նրանց աջակցել: Բայց, ըստ էության, արձագանք չենք ստացել: Հայեցակարգային, քաղաքական, սոցիալ–հոգեբանական և սոցիալ-տնտեսական խնդիր կա: Ամենափոքր սեգմենտին աջակցելու մեր բոլոր փորձերն անհաջողության են մատնվում: Մենք պետք է հասկանանք, թե ինչ պետք է անենք: Կարծում եմ՝ սովորական լուծումների ճանապարհով չենք առաջնորդվելու»։

Տոհմային տավարաբուծության զարգացման ծրագրում ավելացվել է  աջակցման մեկ այլ մեխանիզմ ևս։ Ծրագրից օգտվող գյուղացին տոհմային կենդանիների ձեռք բերման համար կարող է ստանալ փոխհատուցում։  

Մինչև 25 գլուխ խոշոր եղջերավորների դեպքում այդ գումարը կկազմի ընդհանուր ծախսի 30, իսկ 25-ի և ավելիի դեպքում՝  40 տոկոսը։

«Շարունակվում է այս նախագծով   խոշոր եղջերավոր կենդանիների ձեռք բերելու համար վարկային տոկոսադրույքի սուբսիդավորումը 11  տոկոսային կետով , եթե Հայաստանի տոհմային տնտեսություններից ՝ ձեռք բերվում, իսկ 10 տոկոսային կետով, եթե ներմուծվող կենդանիներ են։ Այստեղ էլ արտոնյալ ժամկետը սահմանված է 12 ամիս»։ 

«Ռադիոլուրը» հետաքրքրվեց, թե ինչպիսին են ծրագրի արդյունքները Շիրակի մարզում։ Հետաքրքվածությունը մեծ չէ՝ ասում է  մարզպետարանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի  պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։  Մինչ այժմ 5 շահառու է օգտվել ծրագրից,  երկու ֆերմեր էլ  ցանկություն է հայտնել դառնալ փոփոխված ծրագրի շահառու։

«Երկու ֆերմեր արդեն դիմել է։ Բացատրական ու իրազեկման աշխատանքներ պետք է տանենք։ Մեկի դեպքում կառուցման, մյուսի դեպքում վերակառուցման ցանկություն կա»։

ֆերմերները, ըստ մարզպետարանի ներկայացուցչի, որոշ խնդիրներ բանկերի հետ են ունեցել։ Մարզում կառուցվել են երրորդ մոդելի՝ 40-45 անասունի համար նախատեսված անասնաշենքեր։

2019 թվականից մեկնարկած ծրագրի շրջանակում  58 «խելացի» անասնաշենք է կառուցվել, ներմուծվել է  2400 տոհմային կենդանի, ֆերմերներին փոխհատուցվել է 925 մլն դրամ, իսկ վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը կազմել է 587 մլն դրամ։ Ծրագրի արդյունքներից վարչապետ գոհ չէ։

«4 տարվա ընթացքում  925 մլն դրամ անասնագոմերի փոխհատուցման համար։ Սա ցույց է տալիս, որ ծրագիրը չի աշխատել։ Հիմա ինչ ենք փոխում, որ հաջորդ շրջանում  ավելի մեծ արդյունքներ ունենանք»։

Կառավարությունը շուրջ երկու տարի անասնաբուծության ոլորտում մեկ այլ ծրագիր էլ է առաջարկել։ Խոսքն այս դեպքում  խոշոր ներդրումների մասին է։ 1 մլրդ դրամ և ավելի  ներդրում իրականացնելու դեպքում կառավարությունը  փոխհատուցում է կապիտալ ծախսերի 40  տոկոսը։ Արդեն 11 կնքված պայմանագիր կա։ Մեկ տնտեսություն արդեն կառուցվել է, մյուսների կառուցումը կավարտվի 2026–ին։

Կարդացեք նաև

Back to top button