ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Խոշտանգումների կանխարգելման որևէ անկախ մարմին հնարավորություն չունի Բաքվի բանտեր մտնել․ իրավապաշտպան  

Ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիները ենթարկվում են խոշտանգումների, նրանց նկատմամբ շինծու, մտացածին մեղադրանքներով դատավարություն է իրականացվում՝ ահազանգում են իրավապաշտպանները։ Նրանց մյուս մտահոգությունն այն է, որ  դատավարությունների ողջ ժամանակահատվածում խոշտանգումների կանխարգելման որևէ արտաքին անկախ մարմին հնարավորություն չի ունեցել մտնել բանտեր ու տեսակցել հայ գերիներին։ Միջազգային իրավական պաշտպանություն ապահովելու ջանքերը բախվում են Ադրբեջանի մերժողական և փակ դռների քաղաքականությանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանի տվյալներով՝ պատերազմից հետո  առնվազն 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման, 23–ը շարունակում է պահվել ադրբեջանական բանտերում՝ կյանքի իրական սպառնալիքի ներքո։

«Մենք արձանագրել ենք դեպքեր, երբ հայերը սպանվել են հենց գերեվարման ընթացքում»։ 

Իրավապաշտպանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է շահարկել գերիների հարցը՝ խախտելով միջազգային պարտավորությունները։ Այս մարտավարությամբ Բաքուն փորձում է նաև քաղաքական հարցեր լուծել։

«Այս պահին ադրբեջանական իշխանությունների կողմից ճանաչված 23 հայերից 7-ի դատավարությունն  ավարտվել է։ Նրանց նկատմամբ կիրառվել են կեղծ մեղադրանքներ, այդ թվում՝ «ցեղասպանության» և պատերազմական հանցագործությունների»:

Իրավապաշտպանների մյուս մտահոգությունն այն է, որ դատավարությունների ողջ ժամանակահատվածում խոշտանգումների կանխարգելման որևէ արտաքին անկախ մարմին հնարավորություն չի ունեցել մտնել բանտեր ու տեսակցել հայ գերիներին։

«Մենք մի քանի անգամ փորձել ենք միջազգային փաստաբանների միջոցով տեսակցել գերիներին։ Բայց կա միասնական պետական քաղաքականություն՝  արգելափակելու օտարերկրյա փաստաբանների մուտքը և տեսակցությունները հայ պատանդներին»։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին օրերս հայտարարել էր, որ հայ գերիների խնդիրն իր գործունեության առաջնահերթություններից է։ Նա արդեն երկու անգամ դիմել է Բաքու այցելելու թույլտվության համար և պատրաստ է փորձել նաև երրորդ, չորրորդ անգամ, եթե անհրաժեշտ լինի։ Օ՛Ֆլահերթին ընդունել է նաև Արցախից գերեվարված Ռուբեն Վարդանյանի պաշտպանի նամակը։

Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը ԵԽԽՎ լիագումար նիստում դատապարտել է Բաքվում ընթացող դատավարությունները՝ դրանք որակելով «էթնիկ հայերի նկատմամբ ամոթալի գործընթաց»։

Նա հիշեցրել է, որ միջազգային կազմակերպությունները բազմիցս արձանագրել են խոշտանգումների, դաժան վերաբերմունքի և անմարդկային պայմանների փաստերը, դրան ի պատասխան Ադրբեջանը հայտարարել է Կարմիր Խաչի գործունեությունը դադարեցնելու մտադրության մասին։ 

Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ խաղաղության գործընթացն ու գերիների վերադարձը փոխկապակցված են։

«Մեր հասարակությունների միջև որևէ վստահություն գոյություն չունի, իսկ վստահության վերականգնման առաջնահերթ միջոցը, կարծում եմ, հենց գերիների վերադարձն է։ Առանց այդ միջոցառման մենք չենք կարող վստահել որևէ խաղաղության»։

Իրավապաշտպանի խոսքով՝ եթե ՀՀ միջպետական հայցերը հետ կանչվեն, անհատական գանգատների մասով աշխատանքը կշարունակվի, իսկ 23 գերիներից 22-ի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացված են միջպետական գանգատի միջոցով։

Կարդացեք նաև

Back to top button