ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Խայծը՝ բոնուս, հետևանքը՝ դրամաշորթություն․ ՔԿ-ն և ԿԲ-ն կոչ են անում չլինել դյուրահավատ

Անձնական հափշտակված տվյալների պատճառով ֆինանսական կորուստներ կրած 286 քաղաքացի դիմել է «Հանրային վերահսկողություն» հասարակական կազմակերպությանը՝ իրավական աջակցության համար։  Զեղծարարներին հաջողվել է նրանց մի մասի անունով հայաստանյան բանկերում օնլայն ակնթարթային վարկ ձևակերպել և գումարը փոխանցել անհայտ ուղղությամբ։

Արման Միքայելյանը «գումարը՝ մեզ, պարտքը՝ քեզ» սխեմայով կատարված դրամաշորթության տուժողներից է։ Նրա անունով անհայտ զեղծարարը 2024թ.-ի դեկտեմբերի 21-ին ավելի քան 8 մլն 500 հազար դրամ վարկ է ձևակերպել։ Դրամաշորթն անձնական տվյալներին տիրացել է Ֆեյսբուք սոցցանցի միջոցով։ Իր կամքից անկախ վարկառու դառնալու մասին Արմանն իմացել է՝ բանկից հաղորդագրություն ստանալով։

«Էլեկտրոնային հաղորդագրություն եմ ստացել, որ իմ անունով վարկ է ձևակերպված բանկում։ Ես չէի դիմել բանկին ու բանկից ճշտում պահանջելու նպատակով զանգեցի աշխատակցին։ Աշխատակիցը պատասխանեց, որ եթե անձամբ չեք դիմել վարկի, դա նշանակում է, որ զեղծարարության զոհ եք»։

Արմանը հաղորդագրությունը ստանալուն պես պարզել է՝ հաշվեհամարին առկա է 5 մլն 900 հազար դրամ վարկային մնացորդ։ Մինչև հաշիվը սառեցնելը հաշվեհամարի տվյալներին տիրացած զեղծարարը հոգուտ իրեն ևս մեկ փոխանցում է կատարել։ Արդյունքում բլոկավորելուց հետո տուժողի հաշվեհամարին մնացել է փոխառու միջոցի 1/3-րդից էլ պակաս մասը։

«8 մլն 500 հազարից մնացել էր 2 մլն 500 հազարը, չէր փոխանցվել, որը ես 2 օր հետո բանկի աշխատակցի հորդորով ուղղել եմ մայր գումարի փակմանը»։

«Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան կազմակերպության  ղեկավար Մհեր Կարագոզյանը դրամաշորթների թակարդում հայտնված քաղաքացիներից բանկերի պահանջները ոչ օրինաչափ է համարում։ Ասում է՝ ֆինանսները պաշտպանելու մասին քաղաքացիների գիտելիքները կարևոր են, բայց բանկերն էլ ունեն պարտավորություն։

«Քաղաքացիների անձնական տվյալներն օգտագործվել են, բայց նաև  բանկին են ծուղակը գցել․ բանկը չի կարողացել նույնականացնել՝ արդյո՞ք տվյալ քաղաքացին է վարկի համար դիմել իրենց, թե՞ ինչ–որ զեղծարար։ Բանկերի խոցելիության պատճառով քաղաքացին չպետք է ֆինանսական կոլապսի մեջ հայտնվի»։

Քննչական կոմիտեում այս պահին  օնլայն զեղծարարության 300-ից ավելի դեպք է քննվում, բազմաթիվ գործեր էլ տարածքային ստորաբաժանումներում են։

Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ավագ քննիչ Գոհար Արասխանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  մանրամասնում է՝ քրեական վարույթներով տուժող են ճանաչվում տարբեր կողմերը:

«Դա կախված է նրանից, թե ում դրամական միջոցներն են հափշտակվել: Եթե քաղաքացու բանկային քարտերին առկա, անձին պատկանող հաշիվներին են՝ տուժող հանդիսանում են քաղաքացիները: Այն դեպքերում, երբ քաղաքացիները տեղեկություն չեն ունեցել վարկերի մասին, վարկ ստանալու համար որևէ գործողություն չեն իրականացրել՝ տուժող ճանաչվում է բանկը, որովհետև  դրամական միջոցները բանկի ֆոնդից են դուրս եկել»:

Կիբեռհանցագործությունների քննության վարչության ավագ քննիչը հստակեցնում է՝ քաղաքացու զրոյական միջամտությամբ անձնական տվյալ հափշտակելը գրեթե անհնար է:

«Նման դեպքեր գրեթե չեն լինում: Դրանք կարող են լինել պատահականության սկզբունքով, ոչ դժվար գաղտնաբառի առկայության դեպքում: Բանկային համակարգը կոտրելու կամ արտահոսքի քննվող դեպքեր չունենք»:

Հիմնականում մարդիկ սեփական տվյալները լրացնում են սոցցանցերում՝  հարցմանը մասնակցելու դիմաց էլեկտրոնային դրամապանակին կամ բանկային հաշվեհամարին բոնուս ստանալու ակնկալիքով՝ նշում է քննիչ Արասխանյանը:

«Մտածելով, որ կարող են որևէ գումար շահել, մարդիկ անցնում են հղումով, որը հանցագործների կողմից ստեղծված էջ է, լրացնում են անձնական տվյալներ՝ գաղտնաբառ, մուտքանուն, անգամ PIN-կոդ»:

«Հեշտ փողերի սիրահարները», սակայն, անորսալի չեն: Քննչական կոմիտեն 100-ավոր դեպքեր է բացահայտել՝ ասում է կիբեռհանցագործությունների քննության վարչության ներկայացուցիչը:

«Հիմնականում այն հանցագործություններն են դատարան ուղարկվում, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում են կատարվում, իսկ անդրազգային հանցավոր կազմակերպությունների կողմից կատարվող հանցագործությունների քննությունը մի փոքր ավելի բարդ է ընթանում, թեև ունենք օտարերկրացի մեղադրյալներ։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, հետախուզման մեջ են»:

Որպեսզի գործն իրավապահ մարմիններին չհասնի, Կենտրոնական բանկի զեղծարարությունների կանխարգելման բաժնի պետ Մարիամ Թովմասյանը ևս մեկ անգամ  հորդորում է՝ չլինել դյուրահավատ. անձնական ու բանկային տվյալը  հասանելի չդարձնել խարդախներին:

«Այս հարցերը մշտապես են Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում: Դեպքերը հատ առ հատ ուսումնասիրվում են: Կենտրոնական բանկը աշխատում է նաև բանկերի հետ, քննարկում, թե  ինչ լուծումներ է հնարավոր տրամադրել այդ քաղաքացիներին»:

Կենտրոնական բանկի ներկայացուցիչը «Ռադիոլուրին» փոխանցում է՝ առաջիկա օրերին Քննչական կոմիտեում քննվող գործերով զեղծարարության ծուղակում հայտնվածների հետ կապ կհաստատեն համապատասխան բանկերից և կառաջարկեն լուծումներ:

Առևտրային բանկերի հետ քննարկվում է նաև անվտանգության ավելի խիստ չափանիշների անցնելու հարցը:

Կարդացեք նաև

Back to top button