ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Հայ-իրանական զորավարժությունը պետք է վերաճի ռազմատեխնիկական համագործակցության․ փորձագետ

Ապրիլի 9-ին և 10-ին Հայաստանն ու Իրանը համատեղ զորավարժանքներ են իրականացնում, յուրաքանչյուր կողմը՝ իր տարածքում։ ՊՆ –ը հաղորդում է, որ  զորավարժությունները ենթադրում են Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ: Փորձագետներից ոմանք կարծում են, որ թեև հայ-իրանական զորավարժությունները ուշացած են, սակայն հստակ ուղերձ և քաղաքական ենթատեքստ ունեն։ Ոմանք էլ, արժևորելով նման զորավարժությունները, խորհուրդ են տալիս ավելի սթափ գնահատել դրանց նշանակությունը։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է ռազմական ուժ կիրառել Իրանի նկատմամբ, եթե Թեհրանը չբանակցի միջուկային ծրագրի շուրջ։ Իրանն էլ հայտարարում է, որ չի բանակցի սպառնալիքի ներքո։ Այս հայտարարությունների ֆոնին, կողմերն, այնուամենայնիվ, համաձայնել են ապրիլի 12-ին բանակցային սեղանի շուրջ նստել Օմանում։

Նախատեսված բանակցություններից օրեր առաջ Թեհրանը ցուցադրեց իր ստորգետնյա այսպես կոչված «հրթիռային քաղաքներից»  մեկը՝ ծանրակշիռ զինանոցով։

Ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ Հայաստանն ու Իրանը ապրիլի 9-ին և 10-ին համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Վալիոլլահ Մանին  իրանական IRNA գործակալությանը հայտնել էր, որ այդ զորավարժությունները խաղաղ բնույթ են կրում և սահմանային անվտանգությունն ապահովելու նպատակ ունեն։

«Իրանի և Հայաստանի սահմանային տարածքներում որևէ վտանգ չկա, դա արվում է մարտական ուժերի պատրաստվածությունը բարձրացնելու, ահաբեկչության դեմ պայքարի և կայուն խաղաղություն ապահովելու համար։ Երկու երկրների սահմանային տարածքները ռազմավարական նշանակություն ունեն, հաշվի առնելով տարածաշրջանում զբաղեցրած զգայուն դիրքը»։

Հայաստանի ՊՆ էլ հստակեցնում է, որ կողմերը զորավարժությունն անցկացնելու են յուրաքանչյուրն իր տարածքում։ Վարժանքները ենթադրում են գործողություններ, որոնք պետք է չեզոքացնեն Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը:

Քաղաքագետ Արա Պողոսյանը համոզված է, որ տարածաշրջանի լարված ռազմաքաղաքական իրավիճակում  անցկացվող հայ–իրանական զորավարժությունը հստակ ուղերձ և քաղաքական ենթատեքստ ունի։

«Կա բավականին լուրջ լարում, ընդ որում ՝լարումը ոչ միայն Իրանի շուրջ է, այլ նաև Հայաստանի Հանրապետության՝ պայմանավորված Ադրբեջանի վարքագծով, Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի բազմաթիվ էլեմենտների առկայությամբ, այդ թվում և տեղեկատվական բազայով։ Իրանական կողմը զորավարժությունը անցկացնում է իր կողմում, հայկական կողմը՝ Հայաստանի տարածքում։ Խորքում պարունակում է մեսիջ, որ հայ-իրանական համատեղ համագործակցություն կարող է լինել՝ ուղղված ահաբեկչական տարբեր խմբավորումների դեմ պայքարի, կամ ահաբեկչական տարբեր մարտահրավերների դեմ»։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ հորդորում է չգերագնահատել զորավարժության կարևորությունը։

Սակայն վերլուծաբանը կարևորում է հայ-իրանական համատեղ այդ միջոցառումը։ Բադալյանը գրում է․

«Հայ-իրանական պաշտպանական համատեղ գործողությունների այդօրինակ ընդլայնումը էական է նրանով, որ նվազագույնը աշխարհաքաղաքական և աշխարհագրական իմաստով առավել «գետնի վրա եղած» ձևաչափ է, հաշվի առնելով երկու երկրների սահմանակցությունն ու անվտանգության ռեգիոնալ համակարգի առնչությամբ շահերի ու հետաքրքրությունների զգալի ընդհանրությունը»:

Քաղաքագետ Արա Պողոսյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում հայկական ու իրանական զինված ուժերի, հատկապես, էլիտար ստորաբաժանումների համագործակցության մեջ։

«Իհարկե, հետաքրքիր է, թե սա հայկական ու իրանական կողմերը ինչպես կկապիտալիզացնեն՝ տեղեկատվական, իրական-գործնական համագործակցության շրջանակներում, և ինչպիսի պտուղներ կարելի է սպասել այս զորավարժություններից։ Իմ կարծիքով, այդ պտուղները խոսում են ռազմատեխնիկական համագործակցության մասին, փոխադարձ ուսումնական ծրագրերի և այլն»։

Թեհրանը բազմիցս է հայտարարել, որ հարևան  երկրների սահմանների փոփոխությունը իր համար «կարմիր գիծ» է։ Այս պարզաբանումն արվում է Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան կապ ապահովելու համատեքստում։ Սյունիքով ճանապարհ տրամադրելուն  պաշտոնական Երևանը դեմ չէ, սակայն հստակեցնում է, որ այն պետք է գործի Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան՝ մաքսային ու սահմանային հսկողության պայմաններում։ Նույնը պնդում է նաև Իրանը՝ ի հակադրություն Բաքվի այն հայտարարությունների, թե Սյունիքով անցնող ճանապարհը պետք է գործի առանց հայկական կողմի հսկողության։

Կարդացեք նաև

Back to top button