
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Վաղը լրանում է ՀՀ առաջին ռազմական միավորման՝ առաջին հատուկ գնդի հիմնադրման 24-րդ տարեդարձը: Այդ առթիվ այսօր լրագրողների հետ էին հանդիպել Հատուկ գնդի մի խումբ ազատամարտիկներ՝ փոխհրամանատար, գնդապետ Վաչագան Չիբուխչյանի եւ փոխգնդապետ Միքայել Ապրեսյանի գլխավորությամբ: Նրանք ներկայացրել են ծանր պայմաններում ու դժվարությամբ հիմնադրված առաջին ռազմական միավորման ստեղծման պատմությունը, որ հիմք դրեց հայոց բանակի կազմավորման, գնահատել են մեր զինուժի ներկայիս մարտունակությունը եւ ցանկություն հայտնել, որ զինվորները լինեն միասնական:
1990 թվականի սեպտեմբերի 20-ին ստեղծված Հատուկ գունդը դարձավ այն հիմնաքարը, որը սկիզբ դրեց հայոց բանակի կազմավորման: Խոսելով Հատուկ գնդի 28 վաշտերի կազմավորման դժվարությունների, նրանց անցած մարտական ուղու եւ դրված խնդիրների իրականացման մասին՝ Հատուկ գնդի փոխհրամանատար, գնդապետ Վաչագան Չիբուխչյանը հորդորեց, որ հասարակությունը չմոռանա այդ ամենի մասին. «ՀՀ ամբողջ ժողովուրդը կարողացավ ստեղծել առաջին ռազմական միավորումը: Հատուկ գունդը կարողացավ իր 2750 տղաների միջոցով պաշտպանել մեր հայրենիքի սահմանները: իրոք այդ տղաներն արել են ամեն ինչ՝ հայ ժողովրդի համար: Մենք մեր առաջադրանքը, որը ժողովուրդը դրել էր մեզ վրա, մենք կատարել ենք»:
Հատուկ գնդի իրավահաջորդ, փոխգնդապետ Միքայել Ապրեսյանը խոսեց Հատուկ գնդի անցած մարտական ուղու մասին՝ կանգ առնելով մղած ամենածանր ու անհավասար մարտերի վրա, որոնց արդյունքում՝ մեկ ազգային հերոս՝ Ջիվան Աբրահամյան եւ 174 զոհ:
«Այնտեղ, որտեղ հատուկ գունդն էր լինում, միշտ թշնամին կենտրոնացնում էր ավելի շատ ուժեր՝ իմանալով, որ Հատուկ գունդն ունի մեծ կարողություններ եւ լավ պատրաստված ազատամարտիկներ»:
Միքայել Ապրեսյանը նաեւ կարեւորեց, որ հենց հատուկ գնդի վաշտերի հիման վրա հնարավոր եղավ կազմավորել հայոց բանակը: Առաջին հատուկ գնդի վետերաններն ասացին, որ գործում է իրենց կազմակերպությունը եւ սերտորեն համագործակցում ՊՆ-ի հետ: Միքայել Ապրեսյանի խոսքով՝ սոցիալական խնդիրներ կան, օրինակ ինքը մինչ օրս ապրում է հանրակացարանում, սակայն, կան նաեւ ավելի բարձր արժեքներ, որոնք, բնականաբար, երկրորդ պլան են մղում սոցիալական խնդիրները:
«Արյան գնով սարքած պետությունը մենք թույլ չենք տա, որ որեւէ մեկը ոտնահարի կամ մեր պետության հեղինակության հետ խաղա»:




