
ԱՄՆ կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախմբի 25 անդամներ հանդես են եկել հայ գերիներին ազատելու և Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու կոչով։ Նախաձեռնությունը Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներինն է։
Նամակն ուղղվել է ԱՄՆ պետքարտուղարին և նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդականին՝ Հարավային Կովկասում ամերիկյան ներգրավվածությունն ընդլայնելու կոչով։
Մինչ միջազգային դերակատարները կոչեր են անում ու հորդորում, Բաքուն շարունակում է հայտարարություններ անել, որոնք դուրս են Խաղաղության պայմանագրի համաձայնեցված օրակարգից։
ԱՄՆ կոնգրեսականները նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին՝ կոչ անելով ապահովելու Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակումը և ուժեղացնելու ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար։
Նամակում կոնգրեսականներն ընդգծել են ԱՄՆ-ի ներգրավվածության անհրաժեշտությունը՝ կանխելու հետընթացը խաղաղության գործընթացում և ճնշում գործադրելու, որ Ադրբեջանն ազատ արձակի հայ գերիներին։ Նրանք շեշտել են, որ համաձայն են պետքարտուղար Ռուբիոյի այն հայտարարությանը, թե Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ժամանակն է, և Մայքլ Ուոլցի այն գնահատականին, որ հարկավոր է վերջնակետին հասցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, ազատ արձակել գերիներին և միասնական ջանքեր գործադրել տարածաշրջանն ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ։
Այս հայտարարություններին ավելացել է նաև ԱՄՆ պետդեպարտամենտի՝ էներգետիկ ռեսուրսների պետական բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսի ուղերձը։ Օրերս Բաքվում նա հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբեր սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված Խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ շեշտելով, որ այն կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։
Փաստաթղթի ստորագրումն արագացնելու միջազգային կոչերն անտեսելով՝ Ադրբեջանը շարունակում է առաջ շարժվել իր մարտավարությամբ՝ մի կողմից՝ նոր նախապայամններ առաջ քաշելով, մյուս կողմից՝ հայտարարելով, թե Խաղաղության պայմանագրի հարցում, այսպես ասած, «գնդակը Հայաստանի դաշտում է»։ Մարտի 13-ից հետո, երբ կողմերը հայտարարեցին պայմանագրի տեքստն ամբողջությամբ համաձայնեցնելու մասին, Հայաստանը Ադրբեջանին առաջարկեց քննարկումներ սկսել փաստաթղթի ստորագրման վայրի և ժամկետի մասին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքից պարզ է դառնում, որ այս հարցի շուրջ ուղիղ քննարկում Ադրբեջանի հետ դեռ չի ծավալվում․
«Դրա շուրջ խոսակցությունները շարունակվում են հետաքրքրված կողմերի մասնակցությամբ, ինչպես նաև հայտարարությունների մակարդակով, տեսնում ենք՝ տարբեր երկրներ տարբեր գնահատականներ և հայտարարություններ են հնչեցնում։ Խոսակցությունները շարունակվում են, բայց այս պահի դրությամբ կոնկրետ պատասխան, ո՛չ, հայկական կողմը այս պահին չունի»։
Ադրբեջանի նախագահը Բաքվում անցկացվող միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, թե պատրաստ են քայլեր անելու վստահության ձևավորման ուղղությամբ, բայց հավելել է, որ չեն պատկերացնում Հայաստանի հետ անմիջապես բարեկամներ դառնալու հեռանկարը։ Ալիևը վաղ է համարել անգամ տնտեսական ինտեգրման որևէ քայլի մասին խոսելը։
Անդրադառնալով Խաղաղության պայմանագրին՝ նա դարձյալ խոսել է փաստաթղթի ստորագրման ադրբեջանական նախապայմանների մասին։ Խոսքը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու մասին է։
Դրանց իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ առաջ քաշվող թեմաներում կան քննարկելի և ոչ քննարկելի հարցեր։
«ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելը քննարկելի և օրակարգային հարց է։ Մենք ինքներս կնախաձեռնենք առաջիկայում այդ հարցի քննարկումը։ Մենք պատրաստ ենք արձանագրելու և արձանագրում ենք, որ այդ կոնֆլիկտային իրավիճակը չկա, բայց ուզում ենք լրացուցիչ կերպով համոզվել նաև, որ Ադրբեջանի նպատակադրումն այն չէ, որ սեփական տարածքում կոնֆլիկտային իրավիճակի հասցեագրումն ամփոփելով՝ կոնֆլիկտային իրավիճակ ստեղծի ՀՀ ինքնիշխան տարածքում, և սա կարևոր նրբություն է։ Ի՞նչը քննարկելի չէ։ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի ներքո որևէ բան մեզ համար քնարկելի չէ, որովհետև երբ մեր երկրի 60 տոկոսը անվանում են, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջան», դա մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ուղիղ խախտում է»։
Ինչ վերաբերում է Սահմանադրությունը փոխելու նախապայմանին, ապա Երևանը բազմիցս հայտարարել է, որ հարցը ներպետական կարգավորումների շրջանակում է։
Ներհայաստանյան քննարկումների տիրույթում նաև այն հարցն է, որ փաստաթղթի բովանդակությունից ամբողջովին դուրս է մնացել ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի խնդիրը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորում է այս հարցում իրատես լինել և սպասել։
«Դրա մասին հարյուր անգամ խոսել ենք։ Այն ժամանակ, երբ այդ վերադարձը ֆիզիկապես հնարավոր կլինի, անվտանգային առումով հնարավոր կլինի, բնական է, դրա մասին կխոսենք։ Բայց ես կրկնում եմ՝ մենք մոտակա, չեմ կարծում, տարիների ընթացքում նման իրավիճակ կունենանք, երբ հայ մարդը կարողանա բնակվել այնտեղ, որտեղից ինքը 1-2 օրվա ընթացքում, անվտանգային սպառնալիքից ելնելով, դուրս եկավ։ Ի՞նչ է փոխվել այդ օրերից մինչև հիմա։ Ոչ մի բան չի փոխվել դեռ, ցավոք սրտի»։
Վերլուծաբանների մի մասը Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո նախապայմաններ առաջ քաշելը միայն Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներով չի պայմանավորում։ Ենթադրություններ կան, որ փաստաթղթի ստորագրումը ներքաղաքական խնդիրներ է հարուցելու։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ աշխարհն այս փուլում ավելի լրջորեն պետք է արձագանքի Բաքվի գործողություններին, եթե իրապես կարևորում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումն ու կայունությունը։ Պատգամավորն այս դիտարկումն արել է իբր հայկական կողմից խախտվող հրադադարի ռեժիմի մասին ապատեղեկատվության մասին խոսելիս։
«Հիմա Ադրբեջանն անցել է պահանջների երկրորդ խմբին, և սա ուղեկցվում է առաջնագծի որոշակի տաքացմամբ։ Սրանով հայաստանյան իշխանություններին հասկացնում են, որ Ադրբեջանն օրակարգում է պահում ուժի կիրառման միջոցը։ Կարծում եմ, որ վերջին 1-1,5 ամիսը Ադրբեջանի համար եղել են միջազգային տրամադրությունների շոշափման ժամանակահատված։ Բաքուն, ըստ էության, ստուգատես է կազմակերպում՝ հասկանալու, թե իր այս կամ այն գործողությունը միջազգային ինչպիսի հակազդեցության կարող է բերել»։
Պատգամավորը միջազգային արձագանքն այս պայմաններում ոչ բավարար և ոչ համարժեք է որակում։




