
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրման նախաշեմին են, սակայն Բաքուն կրկին արծարծում է ականապատման քարտեզների ճշգրտության հարցը։ Հայաստանի ԱԳ նախարարությունն արձագանքել է ականապատ տարածքների քարտեզներ տրամադրելու Ադրբեջանի պահանջին։
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ արդեն տրամադրել է բոլոր տեղեկամատյանները և բացառում է «ավելի ճշգրիտ» քարտեզների գոյությունը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգելու դրանց ճշգրտությունը։
Հատկանշական է, որ այս թեմայի վերստին ակտիվացումը համընկնում է խաղաղության պայմանագրի շուրջ վերջնական քննարկումների փուլին։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ականապատ տարածքների քարտեզներ տրամադրելու Ադրբեջանի պահանջին՝ հայտարարելով, որ «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ պարզապես չկան։
Ինչպես նշել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, Հայաստանը միակողմանիորեն և առանց որևէ նախապայմանի՝ Ադրբեջանին փոխանցել է այդ տվյալները հինգ անգամ՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին։ Ըստ նրա՝ խոսքն ընդհանուր առմամբ 972 ռեգիստրի մասին է։ Բադալյանը գրել է.
«Ավելին, հավատարիմ մնալով հումանիտար հարցերում համագործակցության սկզբունքներին, հարցումների միջոցով կազմել և 2024 թվականի սկզբին ականապատ տարածքների նոր ռեգիստրներ է փոխանցվել Ադրբեջանին»։
Ադրբեջանի մեղադրանքը Հայաստանին օբյեկտիվ չէ՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը.
«Հայաստանը, իսկապես, ավելի ճշգրիտ քարտեզներ չունի. բոլորս ապրել ենք նույն իրականությունում և տեղյակ ենք, թե ժամանակին ինչպես էին կազմվում նման փաստաթղթերը, քարտեզները և այլն, և ինչպես էր «իրականացվում համաձայն այդ քարտեզների ականապատման գործընթացը»։ Ցանկանում եմ նշել, որ դեպքեր են եղել նույնիսկ, երբ Հայաստանի ԶՈՒ-ի ներկայացուցիչները, ժամանակին, երբ Արցախը դեռևս չէինք կորցրել, նույն ականների պատճառով դժբախտ պատահարի զոհ են դարձել։
Այլ հարց է, որ Բաքվում գուցե չեն հավատում, որ Հայաստանը չունի ավելի ճշգրիտ քարտեզներ, սակայն, օբյեկտիվ իրականությունը դա է»։
Բաքուն, սակայն, մշտապես կասկածի տակ է դրել քարտեզների ճշգրտությունը՝ պնդելով, որ դրանք արժանահավատ չեն։ Դրան ի պատասխան՝ Հայաստանի ԱԳՆ-ն ընդգծում է, որ նման դիրքորոշումը չի բխում իրական հումանիտար մտահոգություններից։ «Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է ստուգելու այդ քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավելով»,-նշված է ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ԱԳՆ արձագանքը հավասարակշռված է համարում․
«Իսկապես, կարելի է փորձել փորձագիտական մակարդակով քարտեզների ճշգրտության վերաբերյալ գործընթացներ իրականացնել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ համատեղ, սակայն, դրա արդյունավետությունը շատ փոքր է լինելու, որովհետև, ինչպես ասացի, ավելի լավ քարտեզներ, ուղղակի, չկան՝ գոյություն չունեն, իսկ փորձագիտական մակարդակում դրանց վրա աշխատանքը, գուցե, Ադրբեջանի նշած այդ 25 տոկոսը հասցնի 27 կամ 30 տոկոսի, ինչը, իմ գնահատմամբ, չարժե դրա վրա ծախսած ռեսուրսները»։
Հայկական կողմն ընդգծում է նաև միջազգային դատարանի արձագանքը․ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մերժել էր Ադրբեջանի այն միջանկյալ միջոցի պահանջը, որով փորձ էր արվում Հայաստանին մեղադրելու ականների միջոցով սպառնալիքներ ստեղծելու համար։
ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հավելել է. «Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու խնդրանքը, որով Ադրբեջանը մեղադրում էր Հայաստանին ականների գործունեության համար»։
Թեման, սակայն, միայն տեխնիկական կամ իրավական հարթությունում չէ։ Ականապատման քարտեզների հարցը ժամանակ առ ժամանակ ակտիվացվում է հենց բանակցային գործընթացի զգայուն փուլերում, երբ Բաքուն փորձում է լրացուցիչ ճնշում գործադրել Երևանի վրա։ Այս դիտարկումն են անում նաև քաղաքական վերլուծաբանները։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեռ 44-օրյա պատերազմից հետո նշել էր, որ քարտեզներ փոխանցելը սահմանված չէր եռակողմ հրադադարի պայմանագրով, սակայն Հայաստանը մարդասիրական հիմքով միակողմանիորեն կատարել է այն։
Ձայն – 1111 «Թեև դա նախատեսված չէր հրադադարի հաստատման եռակողմ հայտարարությամբ, այնուամենայնիվ, հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, քանի որ մենք շահագրգռված չենք մարդկանց մահվան մեջ»։
Այժմ, երբ կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը, Երևանը պարբերաբար հայտարարում է այն ստորագրելու իր պատրաստակամության մասին։ Իսկ Բաքուն, ըստ վերլուծաբանների, փորձում է օգտագործել ականապատման քարտեզների թեման որպես ճնշման և ձգձգման նոր միջոց։
Ըստ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի՝ Բաքվի այս հերթական պնդումներն ավելի շատ կարելի է դիտարկել որպես քաղաքական հռետորաբանության և ճնշման միջոց, քան իրական մարդասիրական մտահոգություն։
«Այստեղ կա երկու տրամաբանությունն էլ. մի կողմից՝ Ադրբեջանն, իսկապես, չի վստահում Հայաստանին և իսկապես չի հավատում, որ Հայաստանը չունի ավելի լավ քարտեզներ։ Մյուս կողմից՝ սա շատ լավ առիթ է Հայաստանին ևս մեկ անգամ ապակառուցողական դիրքերից ներկայացնելու և միջազգային հանրության մոտ հիմնավորելու, թե ինչո՞ւ նրանք այլևս առաջ չեն գնում և չեն համաձայնում քննարկումներ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ»։
Ռոբերտ Ղևոնդյանի ձևակերպմամբ՝ այստեղ ոչ թե խաղաղության հասնելու Ադրբեջանի ցանկության բացակայությունն է, այլ այն կարծիքը, թե հնարավոր է ապագայում ավելի լավ պայմաններով խաղաղություն ունենալ։ Այսինքն, փորձագետի կարծիքով, այն, ինչ այս պահին արդեն ստացել է Ադրբեջանը, Բաքվում կարծում են, որ ամրագրված է, և դրան ոչինչ չի սպառնում։




