Գերմանիան այլևս Եվրամիության առաջատարը չէ ապաստան ստանալու դիմումների առումով: 2025 թվականի առաջին եռամսյակում Գերմանիայից ապաստան խնդրողների թիվը կտրուկ նվազել է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ հայտնում է գերմանական Welt am Sonntag պարբերականը։ Միգրացիոն քաղաքականությունը խստացրել է նաև Միացյալ Նահանգները։ Այս թեմայով Reuters-ի պատրաստած ռեպորտաժում նաև հայ միգրանտներ են խոսում։
Միգրանտներին ապաստան տալու առումով Գերմանիան այլևս առաջատարը չէ ԵՄ երկրների շարքում։ Welt am Sonntag-ը գրում է, որ Գերմանիայում ապաստան ստանալու դիմումների թիվը այս տարվա առաջին եռամսյակում նվազել է մոտ 40%-ով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ դա զգալիորեն քիչ է։ Պարբերականը, վկայակոչելով ԵՄ-ում և երրորդ երկրներում միգրացիոն իրավիճակի մասին Եվրահանձնաժողովի զեկույցը, նշում է, որ այդ հարցում այժմ առաջատարը Ֆրանսիան և Իսպանիան են։ Երկար տարիներ ի վեր՝ առաջին անգամ, փախստականների դիմումների մեծ մասը ոչ թե Գերմանիային է հասցեագրված, այլ Ֆրանսիային։ Ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը Ֆրանսիայում ապաստան ստանալու համար դիմել է 40․880 միգրանտ։
Երկրորդ տեղում Իսպանիան է՝ ավելի քան 39․300 դիմումներով։ Հաջորդը Գերմանիան է, որը 2025 թվականի առաջին եռամսյակում մոտ 37․400 դիմում է ստացել։ Ցուցակի վերջին տեղերում են Սլովակիան՝ 37, և Հունգարիան՝ 22 դիմումով։ Այս երկրներում իշխանությունները բավական խիստ միգրացիոն քաղաքականություն են որդեգրել։
Եվրահանձնաժողովի զեկույցի համաձայն՝ 2025-ի առաջին եռամսյակում Գերմանիայից ամենաշատը ապաստան են խնդրել Սիրիայի, Աֆղանստանի և Թուրքիայի քաղաքացիները։ Ֆրանսիա դիմողների հիմնական մասը ուկրաինացիներն են։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ում, Շվեյցարիայում և Նորվեգիայում հայտերը նվազել են 19 տոկոսով։ Այդ երկրներից ապաստան հայցողների մեծ մասը Վենեսուելայից է՝ 25․400 դիմում։ Ընդ որում՝ այս երկրի քաղաքացիների դիմումների թիվն աճել է 44%-ով։ Վենեսուելացիներին հաջորդում են Աֆղանստանից և Սիրիայից փախստականները։
Բացի այդ՝ 84 %-ով կտրուկ աճել է ուկրաինացիների, 87%-ով չինացիների և 56 %-ով հնդիկների դիմումների թիվը։ Միաժամանակ սիրիացիները, կոլումբիացիներն ու թուրքերը զգալիորեն ավելի քիչ հայտեր են ներկայացրել, քան մեկ տարի առաջ։ Ընդհանուր առմամբ առաջին եռամսյակում ԵՄ-ում՝ Շվեյցարիայում և Նորվեգիայում, ապաստան է խնդրել 210․640 մարդ՝ 19 տոկոսով պակաս, քան մեկ տարի առաջ էր:
Միգրացիոն քաղաքականությունը խստացնելու գործողություններով աչքի է ընկնում նաև Միացյալ Նահանգները։ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման հենց սկզբում հայտարարեց միգրացիոն քաղաքականությունը փոփոխելու մասին, ինչին հետևեցին դատական որոշ գործընթացներ, որոնք արգելք դրեցին ապօրինի միգրանտներին արտաքսելու որոշման դեմ։ Սակայն ԱՄՆ գերագույն դատարանը բավարարել է վարչակազմի պահանջը և չեղարկել է միգրանտների զանգվածային արտաքսման արգելքը։ Այդ որոշումը հնարավորություն կտա անարգել արտաքսելու միգրանտներին ԱՄՆ-ից՝ տեղեկացնում է The Associated Press-ը:
Գերագույն դատարանը, այնուամենայնիվ, գործադիր իշխանությանը պարտավորեցրել է «ողջամիտ ժամանակ» տրամադրել միգրանտներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան դատարանում վիճարկելու իրենց արտաքսումը:
Գերագույն դատարանը որոշել է նաև դատական քննություններն անցկացնել ոչ թե Վաշինգտոնում, այլ Տեխասում, որտեղ հիմնականում պահվում են ապօրինի միգրանտները։
Թրամփի պաշտոնավարման առաջին իսկ ամսում Միացյալ Նահանգներից շուրջ 200 անօրինական միգրանտներ ինքնաթիռով տեղափոխվել են Կոստա Ռիկա։ Ըստ Reuters-ի՝ արտաքսվածները գլխավորապես ասիական երկրներից են։ Նրանց տեղավորել են ժամանակավոր կացարաններում։ Գործակալությունը տեղեկացնում է, որ արտաքսվածների թվում են Ուզբեկստանի, Չինաստանի, Հայաստանի, Թուրքիայի, Աֆղանստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Վիետնամի, Ադրբեջանի, Իրանի, Հորդանանի, Ղազախստանի քաղաքացիներ։
Ուզբեկստանի քաղաքացի Զաֆար Մամատկովը անորոշ վիճակում է, չգիտի՝ ինչ է լինելու վաղը․
«Այստեղ ամեն ինչ լավ է, բայց ո՞վ է որոշելու մեր ճակատագիրը, մենք դեռ երկա՞ր ենք այստեղ ապրելու»։
Կոստա Ռիկայի միգրացիայի և օտարերկրյա քաղաքացիների գլխավոր տնօրինությունը ներկայումս ուսումնասիրում է անօրինական միգրանտների դիմումները:
Ըստ այդ երկրի օրենքների՝ նրանք, ովքեր դիմում են ապաստանի համար, իրավունք ունեն լքելու ներգաղթյալների ժամանակավոր կացարանը և աշխատելու Կոստա Ռիկայում։
Արտաքսվածների մոտավորապես կեսն արդեն վերադարձել է, մյուս մասը շարունակում է մնալ Կոստա Ռիկայի կացարանում։




