
Մարտի 27-ին կառավարությունը հաստատել է Էկոնոմիկայի նախարարության առաջարկած բուսաբուծության աջակցության 2025թ ծրագիրը, որի շրջանակում հացահատիկային, հատիկաընդեղենային ու կերային մշակաբույսերի հավաստագրված սերմեր ձեռք բերելու և ցանք կատարելու դեպքում պետությունը սուբսիդավորելու է գյուղացու ծախսի 50 տոկոսը: Սակայն գյուղացիները խնդրի առաջ են կանգնել․ նախալեռնային գոտիների որոշ գյուղերում նրանք արդեն ցանքը սկսել են՝ չհասցնելով օգտվել պետական ծրագրից, որը հաստատվել է սեզոնի մեկնարկից հետո։
Կլիմայի փոփոխության պատճառով Արագածոտնի մարզի նախալեռնային բնակավայրերի գյուղացիներն ավելի վաղ են սկսում գարնանային գյուղաշխատանքները՝ հացահատիկային ու կերային մշակաբույսերի վար ու ցանքը: Հենց եղանակն արևոտ ու չոր է լինում, գյուղացիները գործի են անցնում՝ ասում է Թալին համայնքի Արտենի բնակավայրի բնակիչ Անդրանիկ Հովհաննիսյանը: Նա «Ռադիոլուրին» ասում է՝ կառավարությունը սուբսիդավորման ծրագրերը հաստատում է աշխատանքների մեկնարկից ավելի ուշ։
«Գյուղատնտեսական սեզոնը կոնկրետ մեր համայնքում սկսվում է մարտի 1-ից, իսկ ապրիլի 2-ին նոր մեզ տեղեկացնում են, որ կարելի է գարնանացանի հետ կապված սուբսիդիայի ծրագրից օգտվել»:
Արտենի համայնքում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու այգեգործությամբ: Գյուղում հացահատիկի ցանքսը 80-100 հա է: Գարնանացան գարին արդեն ծիլ է տվել, դրա սերմը ձեռք են բերել երկրորդային շուկայից՝ 1կգ-ը 130-150 դրամով: Բուսաբուծության աջակցության 2025թ-ի ծրագրով գյուղացիներին փոխհատուցելու են հացահատիկային, կերային ու հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքի ծախսի 50 տոկոսը, եթե սերմերը հավաստագրված են: Մեկնաբանում է Էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության վարչության պետ Վարսիկ Մարտիրոսյանը.

«Ծրագիրը նախատեսված է հացահատիկային, հատիկաընդեղենային մշակաբույսերի և կերային մշակաբույսերի արտադրողականության բարձրացման, պարենային անվտանգության և մշակվող հողատարածքների ավելացման նպատակով: Ծրագրով նախատեսվում է խթանել ցանքը՝ փոխհատուցելով հիմնական ծախսերի և սերմի արժեքի 50 տոկոսը՝ 1 հա-ի հաշվով»:
Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչն ասում է, որ սերմերի գնման հարցում ֆերմերներն ազատ են, կարող են ձեռք բերել տեղական արտադրողից կամ ներկրողից, սակայն պարտադիր պահանջ է, որ սերմերը լաբորատոր հետազոտության ենթարկված լինեն ՀՀ-ում և ունենան հավաստագրեր: Սերմակայաններից ձեռք բերված հավաստագրված սերմերն ավելի թանկ են շուկայականից:
Արտենի բնակավայրի բնակիչ Անդրանիկ Հովհաննիսյանն ասում է, որ ծրագիրը շուտ սկսելու դեպքում իրենք պատրաստ կլինին դրանք գնել:
«Գարու սերմը սերմակայաններում 200-250 դրամ է: Եթե մենք ժամանակին իմանայինք, որ մեզ սուբսիդավորելու էին, չէինք նայի այդ բարձր արժեքին՝ հասկանալով, որ արժեքի կեսը կառավարությունը տալու է: Մենք կբերեինք ու կցանեինք, բայց այս պահին արդեն տեղական սերմերը ցանել ենք: Ենթադրվում է, որ էլ չենք կարող օգտվել այդ ծրագրից, երկրորդ՝ մեր հողերն այնքան էլ բերրի չեն, որ լավ բերք տան ու մենք շատ գոհ լինենք, մանավանդ, գարին ցածր բերքատվություն ունի»:
Ինչու՞ է ուշ մեկնարկել ծրագիրը՝ «Ռադիոլուրի» հարցին պատասխանում է Էկոնոմիկայի նախարարության բուրսաբուծության վարչության պետ Վարսիկ Մարտիրոսյանը.

«Գուցե մի փոքր ժամկետների խնդիր կա, բայց այս պահին էլ ակտիվ ընթանում են աշխատանքները: Վերջին եղանակային պայմանները մի փոքր ուշացրին ցանքի աշխատանքները, բայց, ամեն դեպքում, այս պահին մեծ թափով ընթանում են: Ընդհանուր կապը, որ կա համայնքների ու մարզպետարանների հետ, փաստում է, որ դիմողներ կան, ու հետաքրքվածությունը բավականին մեծ է»:
Արտենի բնակավայրի վարչական ղեկավար Մանուշակ Շատոյանի խոսքով՝ վերջին շաբաթ գյուղացիներն արդեն ձեռք են բերել հավաստագրված սերմերն ու ցանել:
«Միասին գնացել են, մի մեքենայով սերմերը բերել ու մոտ 30 հա ցանել են այս երկու օրվա ընթացքում: Եթե մի տարի հացահատիկ են անում, հաջորդ տարի առվույտ են ցանում: Առվույտը բազմամյա բույս է ու ավելի հարմար է դրա մշակությունը, որպեսզի անընդհատ հողը չվարեն ու ծախսեր չանեն: Մոտ 10-15 շահառու դիմել են»:
Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրում հացահատիկի ցանքատարածքներն ավելի քիչ են: Վարչական ղեկավար Վահրամ Խոսրովյանն ասում է, որ ծրագրի մասին մի քանի օր առաջ են իրազեկել, բայց դեռ դիմողներ չկան:
«Մեզ մոտ մարդիկ այս տարի պլանավորել են գարի ցանել շուրջ 5 հա-ի վրա: Հիմա սպասում ենք, որ ճշտենք, թե ինչ սերմակայաններից են ձեռք բերելու հավաստագրված սերմերը: Երբ ցանկը ներկայացնեն՝ մարդիկ կորոշեն, թե որտեղից օգտվեն: Քարակերտում գարի շատ քիչ են ցանում, անցած տարի մոտ 10 հա էր»:
Քարակերտում առանձին գարու ցանք չի կատարվում: Վարչական ղեկավարը բացատրում է պատճառը:
«Առվույտ ցանողներն են հիմնականում գարի ցանում, որ առվույտը շոգին դիմանա: Դե, որ այստեղ կլիման մի քիչ շոգ է անում, գարին հովություն է պահում, և ընթացքում էլ աճում է ավելի շուտ»:
Բուսաբուծության աջակցության 2025թ ծրագրից չօգտված արտենցիները պատրաստվում են դիմել կառավարություն և Էկոնոմիկայի նախարարություն՝ ծրագիրն ուշ մեկնարկելու համար:




