ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Արարատ Միրզոյանին սպասում են Անթալիայում․ Հայաստանը դեռ չի հաստատում իր մասնակցությունը

Աշխարհի 148 երկրի ներկայացուցիչներ այս տարի կհավաքվեն Անթալիայում՝ մասնակցելու կայանալիք 4–րդ դիվանագիտական ֆորումին։ Պաշտոնական Անկարան ակնկալում է պետությունների և կառավարությունների 19 ղեկավարի, ԱԳ 64 նախարարի, 20 փոխնախարարի և խորհրդարանների 20 ներկայացուցիչների մասնակցություն։ Ամենամյա այս միջոցառմանը Հայաստանն ավանդաբար մասնակցել է՝ հիմնավորմամբ, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ճանապարհին շատ հարցեր կան քննարկելու։ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում  Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ մինչև այս պահը եղել են երկկողմ հանդիպումներ, պանելային քննարկումներ։ Անթալիայի 2025–ի դիվանագիտական ֆորումը տեղի կունենա ապրիլի 11–13-ին։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռ չի հստակեցնում, թե  Հայաստանի արտգործնախարարը կմեկնի՞ Անթալիա՝ մասնակցելու ապրիլի 11-ին մեկնարկելիք 4-րդ դիվանագիտական ֆորումին։ Արտգործնախարարությունից փոխանցում են՝ նախարարի այցերի մասին պատշաճ տեղեկացնում են միջոցառումների օրերին ավելի մոտ ժամկետում:

Իսկ Դիվանագիտական ֆորումի պաշտոնական կայքում արդեն տեղադրված է մասնակիցների ցանկը, որում կա նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի նկարը։ Իսկ, օրինակ, Ռուսաստանի արտգործնախարարի անունն ու նկարն այդ ցանկում բացակայում են, քանի որ դեռ հստակ չէ մասնակցությունը, թեև Անկարան դա ակնկալում է։  

Ֆորումին թերևս ամենամեծ պատվիրակությամբ մասնակցելու է Ադրբեջանը․ այդ երկրից ամրագրել են նախագահից ու նրա տիկնոջից մինչև պաշտպանության նախարարի ու փորձագետների մասնակցություն։ Հայաստանի հարևաններից Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու են նաև Վրաստանի վարչապետն ու արտգործնախարարը։ Ֆորումի մասնակիցների ցանկում է նաև Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։

Ուշագրավ է, որ դիվանագիտական ֆորումի  գովազդային 44 վայրկյանանոց  հոլովակում ներառված է նաև Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ձեռքսեղմման պահը՝ «ճգնաժամերում պարզություն չգտնելու» մասին խոսքի ներքո։   

Հաշվի առնելով Հայաստանի իշխանության տարածաշրջանային քաղաքականությունը՝ կարելի է ասել, որ դիվանագիտական ֆորումը հայկական կողմի համար առաջնային հարցերի շուրջ շփումներ ունենալու հնարավորություն է։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը քանիցս հիմնավորել է, թե ինչու է Հայաստանը մինչև այժմ  մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին․

«Ես կարծում եմ՝ սա շատ կարևոր է նաև երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և, ավելի կոնկրետ, առարկայական արդյունքների հանգեցնելու համար»։

Մոտ մեկ ամիս առաջ, ի դեպ, թուրքական մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել էր Հայաստանի արտաքին քաղաքականության մի շարք սկզբունքներ․

«Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են իրար հետ, և կողքի հայացքի համար սա գուցե կոնկրետ արդյունք չէ, բայց ինձ համար և պետական կառավարման համակարգերում գտնվող մարդկանց համար սա կոնկրետ արդյունք է, որովհետև մենք նախկինում նույնիսկ զրկված ենք եղել միմյանց տեսակետներն իրարից ճշտելու հնարավորությունից։ Մենք, որպես կանոն, երրորդ երկրների միջոցով ենք իմացել՝ իսկ ի՞նչ են մտածում Անկարայում։ Անկարան, ըստ էության, երրորդ երկրների միջոցով է իմացել, թե ինչ են մտածում Երևանում։ Հիմա  նույնիսկ այնպիսի իրադրություններ կան, երբ, բառիս բուն իմաստով, մեր տարբեր ներկայացուցիչներ կարող են ուղղակի զանգել և հարցնել՝ իսկ դուք այս հարցի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք,։ Եւ սա էական փոփոխություն է, որը շատ կարևոր է։ Ես համոզված եմ, որ դա բերելու է արդյունքների»։

Ապրիլի 11-13-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում դիվանագետները, փորձագետներն ու քաղաքականություն մշակողները քննարկում կծավալեն «Վերականգնել դիվանագիտությունը մասնատված աշխարհում» խորագրի ներքո։ Ըստ կազմակերպիչների՝ թեման արտացոլում է գլոբալ զարգացումների համատեքստում դիվանագիտական նոր մոտեցումների հրատապ անհրաժեշտությունը։   

Թուրքիայի արտգործնախարարությունը, որպես ֆորումի ընդունող կողմ և կազմակերպիչ,  պաշտոնական ուղերձում նշում է․ մեջբերում․

«Աշխարհաքաղաքական ավելացող ճեղքերը, խորացող  անհավասարությունները, բռնության աճը, որն ուղղված է նաև խաղաղ բնակչության դեմ, տարբեր տեսակետների նկատմամբ անհանդուրժողականությունը, անորոշությունները սասանել են արդարադատության ընդհանուր զգացումը և քայքայել միջազգային կառույցների նկատմամբ վստահությունը: Ժամանակակից այս  մարտահրավերներին լուծումներ գտնելու ներկայիս միջազգային համակարգի անկարողությունը պահանջում է ավելի մեծացնել համագործակցության ջանքերը»։

Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումը նպատակ ունի գնահատել համակարգային խնդիրները և խթանել դիվանագիտության վերականգնման շուրջ երկխոսությունը:

Իսկ մինչ Թուրքիան խոսում է համագործակցության անհրաժեշտության և   արդյունքների մասին, Հայաստանում հենց Թուրքիայից են սպասում կառուցողական մոտեցումների և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։ Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Թուրքիայի հետ Հայաստանի համագործակցության բանաձևը նաև այսպես ասած աշխարհագրորեն է բացատրում։  

«Հայաստանի Հանրապետությունը չի կարող փոխել իր աշխարհագրությունը։ Հայաստանի Հանրապետությունը պիտի հավերժ լինի, և հավերժ լինի այս տարածաշրջանում, և որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հավերժ լինի այս տարածաշրջանում, Հայաստանի Հանրապետությունը պիտի կարողանա համակեցության որևէ ֆորմուլա ձևավորել այս հարևանության շրջանակներում։ Դրա համար խաղաղության գործընթացն այլընտրանք չունի։ Մենք պիտի  ջանք չխնայենք, որպեսզի խաղաղություն հաստատենք մեր հարևանների հետ, նորմալացնենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ»։ 

Ի դեպ, նախորդ տարի նույն այդ դիվանագիտական ֆորումի շրջանակում պանելային քննարկմանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորել էր թուրք բանագնաց Սերդար Քըլըչին՝ կյանքի կոչել հայ-թուրքական բոլոր համաձայնությունները, բացել սահմանը, քանի որ, Ռուբինյանի ձևակերպմամբ, դրա փակ լինելու համար որևէ պատճառ չկա։ Դրանից մեկ տարի անց ոչինչ չի փոխվել․   Թուրքիան Հայաստանի հանդեպ իր դիվանագիտությունը պայմանավորում է ադրբեջանական նախապայմանների կատարմամբ։  

Վերջին տարիներին Թուրքիայի հետ Հայաստանի ուղիղ բանակցությունները որոշակի արդյունք տվել են, բայց դրանք սպասվածից պակաս են։ Օրինակ, մինչեւ այժմ կյանքի չի կոչվել դեռևս 2022 թվականին հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի կողմից ձեռքբերված պայմանավորվածությունը, ըստ որի՝  հնարավոր ամենասեղմ ժամկետում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն պետք է ապահովվեր Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։

Հայկական կողմը Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետը վերանորոգել է և վերազինել այնպես, որ ցանկացած պահի այն կարող է աշխատել, բայց այդ անցակետը երկու անգամ է բացվել ընդամենը, այն էլ՝ ժամանակավոր, երբ Հայաստանն օգնություն էր տրամադրում երկրաշարժից տուժած Թուրքիային և կարիքի մեջ հայտնված Սիրիային։

Կարդացեք նաև

Back to top button