Իրանը ցուցադրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքներից» մեկը։ Միջազգային մամուլում հրապարակված կադրերում երևում են «Խեյբար Շեկան», «Հաջ Քասեմ», «Էմադ», «Սեջիլ», «Քադար-Ն» և «Պավե» թևավոր հրթիռները։ Փորձագետները կարծում են, որ Թեհրանն այդ քայլին է դիմել Իրանի դեմ ամերիկաիսրայելական հնարավոր ագրեսիան զսպելու համար։
Թեհրանը ծանուցագրեր է ուղարկել Իրաք, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, Թուրքիա և Բահրեյն՝ տեղեկացնելով, որ թշնամական գործողություն կհամարի այդ երկրների յուրաքանչյուր աջակցություն Միացյալ Նահանգներին, այդ թվում՝ օդային ու ցամաքային տարածքի տրամադրումը այն դեպքում, եթե ԱՄՆ–ն հարձակվի Իրանի վրա։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Գործակալության աղբյուր իրանցի պաշտոնյան ասել է, որ այդ երկրների՝ Իրանի դեմ ուղղված ամեն քայլ լուրջ հետևանքներ կունենա։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին կարգադրել է երկրի զինված ուժերը բերել բարձր պատրաստվածության վիճակի՝ ասել պաշտոնյան:
Այս հայտարարություններին զուգահեռ՝ միջազգային մամուլը հեղեղված է Իրանի ստորգետնյա «հրթիռային քաղաքի» մասին հրապարակումներով։ Ընդ որում՝ հրապարակված կադրերում Իրանի ստորգետնյա բազմաթիվ բունկերներից միայն մեկն է ցուցադրված։ Եթե ամեն շաբաթ մեկ «հրթիռային քաղաք» ներկայացվի, ողջ զինանոցի ցուցադրման համար անգամ երկու տարին չի բավարարի՝ Reuters-ի փոխանցմամբ՝ վստահեցնում է իրանական կողմը։
«Ռադիոլուր»–ի հետ զրույցի ժամանակ Իրանագետ Էմմա Բեգիջանյանն ուժի ցուցադրում է որակել «հրթիռային քաղաքի» կադրերը հրապարակելը․
«Հրթիռների պահպանման կենտրոն է, որը գետնի տակ է։ Իհարկե, ուժի ցուցադրում է, որ Իրանը կարող է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները Կատարում, Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում և այլն․․․, նրանց նախազգուշացրել է․․․Իրանցիները ասում են, որ ԱՄՆ տարածաշրջանում ապակյա տան մեջ է, և պետք չէ քար գցել իրար վրա։ Այսինքն, իրանցիների կողմից սա ուժի ցուցադրում է։ Այդ քաղաքը, որ ցույց են տալիս, ոչ ոք չի կարող ասել՝ որտեղ է գտնվում։ Նրանք պարզապես ներսն են ցույց տալիս»։
BBC-ն գրում է, որ Իրանը սպառնում է ռմբակոծել Դիեգո Գարսիա կղզում տեղակայված ամերիկաբրիտանական ռազմաբազան: Իրանը նախկինում երբեք չի ակնարկել, որ նման հեռահարության հրթիռներ ունի։ Թեհրանը միշտ հայտարարել է, որ կարող է խոցել մինչև 2․000 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներ: Սակայն այժմ վստահեցնում է, որ մինչև 3․500- 4․000 կմ հեռահարության անօդաչու թռչող սարքեր ունի՝ ակնարկելով Դիեգո Գարսիա կղզու ամերիկաբրիտանական ռազմաբազան։
Որքանո՞վ է հավանական իրադարձությունների նման փոփոխությունը։
Իրանագետ Էմմա Բեգիջանյան․ «Թրամփը չի ցանկանում բախումներ, դա հիմնականում Նեթանյահուի բուռն ցանկությունն է։ Ենթադրելով, որ ինքը Իրանի պրոքսի ուժերը տարածաշրջանում թուլացրել է, համարյա ոչնչացրել է, մտածում է, որ առիթ է, հատկապես, որ Թրամփը անվերապահորեն պաշտպանում է Նեթանյահուի դիրքորոշումներն ու բոլոր ծրագրերը»։
Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն այժմ Վաշինգտոնում է։ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ քննարկվող հարցերի թվում նաև Իրանի շուրջ հետագա փոփոխություններն են։
Թել Ավիվում կարծում են, որ Թեհրանին թուլացնելու քայլերը զգալի ազդեցություն են ունեցել։ Շարքից հանվել է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերի զգալի մասը, որ տեղակայված էր Սիրիայում և Իրաքում, ուստի այժմ պետք է շարունակել այդ գործողությունները։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով Իրանի շուրջ լարվածությանը, սոցցանցում գրում է, որ լայնածավալ պատերազմի մասին խոսելը դեռ վաղ է։
«Սպիտակ տան անանուն աղբյուրների վրա հղմամբ՝ արևմտյան ԶԼՄ-ներում արտահոսքեր են տեղի ունենում առ այն, որ նախագահ Թրամփը լրջորեն է մոտենում անուղղակի բանակցություններ սկսելու Իրանի պաշտոնական դիրքորոշմանը, ուստի նման գործընթացը բացառելն անհնար է։ Սրան զուգահեռ, սակայն, կողմերը կոշտացրել են հռետորաբանությունը և ավելացրել ռազմական պատրաստությունները, որոնք, այդուամենայնիվ, ցուցիչ չեն, որ ամեն ինչ հենց այս պահին վստահաբար ընթանում է Իրան-ԱՄՆ լայնածավալ ռազմական բախման հանգեցնելու սցենարով։ Ակնհայտ է, որ նման պատերազմը ձեռնտու չէ ո՛չ Թեհրանին, ո՛չ Վաշինգտոնին, սակայն այդպիսի պատերազմի շահառու, այսուհանդերձ, կա՝ Նեթանյահուի վարչակարգը, ուստի չպետք է ամբողջությամբ բացառել, որ վերջինիս հնարավոր սադրիչ գործողությունները կարող են դառնալ այն կայծը, որից կբռնկվի մերձավորարևելյան «վառոդի տակառը»:
Իրանագետն առճակատումը զսպող հանգամանք է համարում նաև Սիրայում թուրքական զորքերի ներկայությունն ու ՀՕՊ համակարգերի տեղակայումը, ինչը զգալիորեն ավելացնում է հենց սիրիական հողի վրա կամ օդում թուրք-իսրայելական բախման վտանգը։ Ըստ այդմ՝ Ոսկանյանը նկատում է, որ Մերձավոր Արևելքում, ինչպես գրեթե միշտ, իրավիճակը շատ բարդ է, իսկ այժմ՝ նաև չափազանց դինամիկ։
Առայժմ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն ներկայացնում է ստորգետնյա «հրթիռային քաղաքը»:
Տեսանյութում երևում են բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Իրանցի զինվորականների խոսքով՝ հրթիռային այդ «քաղաքները» սոսկ զինապահեստներ չեն․ դրանք նաև գործարաններ են հրթիռներ արտադրելու և փորձարկելու համար։




