
ԵՄ փորձագիտական առաքելությունը երկրորդ անգամ է Երևան ժամանել՝ գնահատելու վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի առաջընթացը՝ ասում է ՆԳ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Փորձագետները երկու այցերի արդյունքներով զեկույցներ են կազմելու, որոնց հիման վրա մինչև հունիս մշակվելու է վիզաների ազատականացման գործողությունների պլանը։
«Այս երկու զեկույցներն այն փաստաթղթերն են, որոնք մենք մեկնաբանելու հնարավորություն ենք ունենալու։ Ինչ-որ շտկումներ, ուղղումներ կատարելու առաջարկներ կկարողանանք ներկայացնել, բայց դրանց հիման վրա մինչև հունիս մշակվի գործողությունների ծրագիրը, որն այլևս բանակցելի չի լինի»։
Որքան էլ հայ մասնագետներն այլ պետությունների օրինակով կանխատեսումներ են անում վիզաների ազատականացման ժամկետի, հիմնական պահանջների մասին, Նելլի Դավթյանը պնդում է, որ մինչև գործողությունների պլանի վերջնական հաստատումը դժվար է հստակ ժամկետներ նշել։ Այնուամենայնիվ, հայտնի է, որ Հայաստանը չորս հիմնաքարային ուղղություններով կարևոր անելիք ունի։ Դրանցից ամենաբարդն ու ժամանակատարը կենսաչափական համակարգի ներդրումն է։ Երկար փնտրտուքից հետո հայտնի է համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը։ Դա ֆրանսիական առաջատար «IDEMIA» կոնսորցիումն է․ ընկերության և կառավարության միջև պայմանագիրը կկնքվի ապրիլին։ Նելլի Դավթյանի խոսքով՝ կենսաչափական համակարգը լիարժեքորեն կներդրվի հաջորդ տարվա երկրորդ կեսին։
«Վերահաստատեմ մեր այն հանձնառությունը, որ որակավորման փուլից ի վեր մենք կրկնում ենք․ 2026-ի երկրորդ կիսամյակում արդեն կունենանք ներդրված կենսաչափական համակարգ, փաստաթղթերը կլինեն շրջանառաության մեջ, և կսկսենք տրամադրել քաղաքացիներին»։
Համակարգը հասանելի կլինի բացառապես էլեկտրոնային եղանակով, կգործեն 23 գրասենյակներ, որոնցից 2-3-ը Երևանում, մնացածը՝ մարզերում։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետն ասում է, որ հանրության շրջանում որոշակի դժգոհություններ կան գրասենյակների թվի նվազման պատճառով։
«Մենք նախկինում ունեինք 63 գրասենյակ, 2023-ին, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հիմնադրմամբ, թիվը դարձավ 47, սա արդեն իսկ ի հայտ բերեց մեր որոշ համաքաղաքացիների դժգոհությունը, հիմա էլ դառնում է 23, բայց պետք է նշեմ, որ ծառայությունները մատուցվելու են թվայնացված եղանակով, և ըստ էության՝ գրասենյակ այցելելու անհրաժեշտություն լինելու է մի քանի տարին մեկ անգամ»։

Գրասենյակներում գործելու է «բոլորը՝ մեկում» տեխնիկական լուծումը, ինչը նշանակում է, որ անձը մեկ սարքի միջոցով փոխանցելու է իր մատնահետքը և լուսանկարը։ Գրասենյակների կրճատմամբ պայմանավորված կկրճատվի նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների թիվը, սակայն նրանք հնարավորություն կունենան աշխատելու կենսաչափական համակարգը ներդրող ֆրանսիական ընկերությունում։ Ամենաքննարված հարցերից մեկն էլ վերաբերում է անձնական տվյալների պաշտպանությանը։
«Ես ուզում եմ հավաստիացնել, որ անձի իրավական ինքնության պաշտպանության, անձի իրավական ինքնությունը գողանալու կանխարգելման իմաստով մենք մի քանի անգամ բարձրացրել ենք ենթակառուցվածքի պաշտպանության մակարդակը։ Դա նաև վիզաների ազատականացման համատեքստում մեր եվրոպացի գործընկերների սահմանած թիրախն է»։
Կենսաչափական համակարգի ներդրումը նաև վիզաների ազատականացման կարևոր բաղադրիչ է, բայց միայն դրա գործարկումը չի նշանկում, թե Հայաստանը մոտ է վերջնակետին։ Նելլի Դավթյան․
«Մեկ ուրիշ թիրախ էլ էնտեղ, օրինակ, լինելու է ապաստան հայցող՝ Հայաստանի քաղաքացիների թիվը։ Խոսքը ԵՄ անդամ պետություններում ապաստան հայցելու մասին է։ Օրինակ՝ 2022-2023-ին 5 հազարը գերազանցող ցուցանիշ ենք ունեցել, 2024-ին՝ 6 հազարը գերազանցող։ Գուցե մեզ պահանջ առաջադրվի այդ թիվը հասցնելու, օրինակ, տարեկան 2000-ի»։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի կոնխատեսմամբ՝ ամբողջ գործընթացն ընդհանուր առմամբ 4-5 տարի կպահանջի։
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսութունը մեկնարկեց նախորդ սեպտեմբերին, երբ Երևան ժամանաեց Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։ Արդեն դեկտեմբերին այն գործնական փուլ մտավ, իսկ փետրվարին ԵՄ փորձագետներն առաջին անգամ Հայաստան եկան։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ օրերս ստորագրեց «ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որը ԱԺ էր հասել արտախորհրդարանական «Եվրաքվե» նախաձեռնության ջանքերով։
Նախագծի հեղինակներն ասում են, որ օրինագիծը ԵՄ անդամակցության հարցով հանրավքե չի ենթադրում․ այն պարզապես քաղաքական որոշման ամրագրում է։




