
Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Ակունք և Գառնի, Շիրակի մարզի Ամասիա համայնքներում հողի հայտարարված աճուրդները չեղարկվել են։
Նման որոշման համար հիմք են դարձել Պետական վերահսկողական ծառայության իրականացրած մշտադիտարկումները։
Վարչապետի հանձնարարությամբ ՊՎԾ-ի վերահսկողական այս գործառույթին ներգրավվել են նաեւ ոլորտի լիազոր մարմիններն ու մարդպետների աշխատակազմները։
Մշտադիտարկման շրջանակում արդեն իսկ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը համայնքների կողմից օտարվել են առանց պատշաճ մրցակցային պայմանների ապահովման:
«Աճուրդների մասին տեղեկատվությունը հաճախ զետեղված է այնպիսի հատվածներում, որ թվային տեխնոլոգիաներին առանձնապես չտիրապետող քաղաքացիները կդժվարանան գտնել այն»,- նշված է ՊՎԾ հաղորդագրության մեջ։
Վերահսկողության արդյունքում պարզվել է նաև, որ որոշ համայնքներում հողատարածքներն աճուրդների արդյունքում օտարվել են հիմնականում մեկնարկային արժեքներով։
Արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ մեկնարկային արժեքներով ձեռք բերված հողամասերը կարճ ժամանակ անց վերավաճառվել են մի քանի անգամ գերազանցող արժեքներով։
Առկա են դեպքեր, երբ աճուրդային եղանակով ձեռք բերված հողամասերը հետագայում անկախ գնահատող կազմակերպությունների կողմից գնահատվել են ձեռք բերման արժեքից մի քանի անգամ բարձր և գրավադրվել ՀՀ առևտրային բանկերում ու ֆինանսական այլ կազմակերպություններում։
«Մշտադիտարկումները այս պահին շարունակվում են ՊՎԾ Ռիսկերի գնահատման և վերլուծության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության, ինչպես նաև Տնտեսական ոլորտի վերահսկողության վարչությունների ներգրավմամբ»,- ասված է Պետական վերահսկողության ծառայության տարածած հաղորդագրության մեջ:




