
ԱՄՆ Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը չեն վնասի ամերիկացի սպառողներին, ինչպես պնդում են քննադատները։
Հասեթի խոսքով՝ մաքսատուրքերի բեռը հիմնականում կրում են այլ երկրները, որոնք արդեն իսկ սկսել են բանակցությունների առաջարկներ ներկայացնել Վաշինգտոնին։ Նրա տվյալներով՝ ավելի քան 50 երկիր դիմել է նախագահին՝ մաքսատուրքերի շուրջ բանակցելու համար։
Թրամփը չորեքշաբթի հայտարարել էր համընդհանուր 10% մաքսատուրքի մասին բոլոր ներմուծումների համար, ինչպես նաև սահմանել էր բարձր մաքսատուրքեր որոշ երկրներից ներկրվող ապրանքների վրա։ Այս քայլը շուկաներում առաջացրել է անկում, իսկ մի շարք երկրներ պատասխան մաքսատուրքեր են սահմանել։
Ընդդիմադիրներն ու տնտեսագետներն ահազանգում են դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացման մասին։
Նոր սակագներն ուժի մեջ են մտել շաբաթ օրը, իսկ որոշ երկրների նկատմամբ հատուկ մաքսատուրքեր կգործեն չորեքշաբթի օրվանից։




