
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն խոստացել է ներկա գտնվել Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՈւԵՖԱ-ի պատվավոր անդամ և Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը։
ՖԻՖԱ-ի նախագահը հայտարարել է իր մտադրության մասին ապրիլի 3-ին Բելգրադում կայացած ՈւԵՖԱ-ի համագումարի շրջանակում։
«Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանն ինձ խնդրեց հիշեցնել Ինֆանտինոյին, որ նա խոստացել է գալ իր 100-ամյակին: Ինֆանտինոն հաստատեց իր մտադրությունը և ասաց՝ այո, այո, ես կգամ», ասել է Կոլոսկովը:
2026 թվականի հոկտեմբերի 12-ին օլիմպիական չեմպիոն, Մոսկվայի «Սպարտակի» լավագույն ռմբարկու, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը կդառնա 100 տարեկան: Ֆուտբոլիստը հանդես է եկել Սուխումի «Դինամոյում», Մոսկվայի «Կռիլյա Սովետովում» և «Սպարտակում», ութ անգամ ընդգրկվել է ԽՍՀՄ առաջնության 33 լավագույն խաղացողների ցուցակում։ ԽՍՀՄ հավաքականի կազմում հաղթել է Մելբուրնի օլիմպիական խաղերում։ Որպես մարզիչ գլխավորել է «Սպարտակը», Երեւանի «Արարատը», ԽՍՀՄ հավաքականը եւ Օդեսայի Չեռնոմորեցը։
2011 թ. մարտի 21-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ուղղված գործունեության, ինչպես նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով։
2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։




