ԿարևորՀասարակություն

Բանակին պատրաստվել մանկապարտեզից․ Փաշինյանը նոր քննարկում է սկսել

Հանրապետության գլխավոր դատախազի՝ 2024 թվականի հաշվետվության մեջ առանձին անդրադարձ կա բանակին և այնտեղ առկա խնդիրներին։ Առաջիկայում գլխավոր դատախազը այդ հաշվետվությունը կներկայացնի խորհրդարանին, իսկ մինչ այդ՝ բանակում առկա խնդիրներին անդրադարձել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց՝ փոքր-ինչ այլ դիտանկյունից։ Փաշինյանն առաջարկել է բանակում առկա խնդիրներից խոսելիս նախ դիտարկել դրանց արմատներն ու այն, թե ինչպես են հասարակական կյանքում առկա երևույթներն արտացոլվում բանակում։

Բանակում, այո, կան խնդիրներ, բայց դրանց մեծ մասի հիմքը մանկապարտեզում է, դպրոցում և բուհում․ այս համոզմանն է Հայաստանի վարչապետը։ Փաշինյանը կառավարության վերջին նիստին անհրաժեշտ էր համարել  անկեղծ խոսել այն մասին, թե ինչպես են հասարակությունից խնդիրները հասնում բանակ։  

«Ինչքա՞ն կլինի չասել սա։ Դեպքեր են լինում, ուզում ենք հասկանալ՝ լավ, ինչի՞ է այդ ամեն ինչը տեղի ունեցել, և հասկանում ես, որ մեր երեխաները դպրոցից դուրս են գալիս, կյանք են մտնում հոգեբանական պատրաստություն չունենալով, հոգեբանորեն թույլ լինելով, թույլ կամքով։ Դա էլ հընթացս ես հասկանում։ Բանակում ինչ լինում է, բոլորս հարձակվում ենք պաշտպանության նախարարության վրա։ Մեկ, երկու, երեք, չորս, տասը, հետո, երբ  ուսումնասիրում ես, կարդում ես, հետազոտություն ես պատվիրում, հարցնում ես, մեկ էլ ասում ես՝ մի րոպե, բայց այս պրոբլեմներից ոչ մեկը բանակում չի ձևավորվել։ Այդ բոլոր պրոբլեմները քաղաքացիական կյանքից այդպես կտոր-կտոր գալիս են, հավաքվում են, և փազլը հավաքվում է։ Ու մենք սա չենք հասկանում, գնում ենք, ասում ենք՝ սա անենք բանակում։ Բանակում անելն արդեն շատ ուշ է, ժողովուրդ ջան, բանակում էլ չենք կարող բան անենք։ Մանկապարտեզում, դպրոցում, բուհում պետք է անենք։ Բանակում էլ՝ իր հերթին, սա չի նշանակում որ նորմալ է այնտեղ։ Բայց իրականում այդպես է»։  

Բանակում տիրող իրավիճակին առնչվող մի շարք ուշագրավ ցուցանիշներ ու թվեր ներկայացված են ՀՀ դատախազության 2024-ի տարեկան հաշվետվության մեջ։ Ամփոփված տվյալներով՝ անցյալ տարի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք։ Նախորդ տարվա համեմատ կա մոտ 11%-ով նվազում:  Այդ դեպքերի 63%–ից ավելին  բաժին է ընկել հանցագործություններին։

Առանձնապես ծանր հանցագործության 39 դեպքից 3-ը հակառակորդի կողմից  սպանության, 11-ը` հակառակորդի կողմից  սպանության փորձի, 9-ը` սպանության, 3-ը` սպանության փորձի, 6-ը՝ մի խումբ անձանց կողմից  խոշտանգման, 4-ը՝ առանձնապես խոշոր չափով թմրամիջոցի իրացման, 2-ը՝ անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու և 1-ը՝ 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքեր են:

Դատախազությունն իր հաշվետվության մեջ հիմնավորել է, մեջբերում․ «2024-ին դեպքերի նվազումը, ի թիվս այլնի, պայմանավորված է զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացմամբ, ինչպես նաև սահմանային լարվածության հարաբերական թուլացմամբ»:

Վերլուծությունը ցույց է տվել, որ 2024-ին առերևույթ հանցագործություն կատարած զինծառայողներից ժամկետայինները կազմել են 52%, պայմանագրային զինծառայողները՝ մոտ 31%, սպաները՝ 15%, ենթասպաները՝ 2%։

Արատավոր երևույթներ բանակում  արձանագրվել են  այս տարի ևս։ Արդեն այս տարվա աշխատանքների մասին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել է․

«Վերջին մի քանի ամիսներին ռազմական ոստիկանության ակտիվ աշխատանքի բերումով բազմաթիվ դեպքեր են բացահայտվել և կանխվել, որոնք կարող էին բերել ցավալի հետևանքների։ Բայց հետևողական աշխատանքը չպիտի դանդաղի, և գործընկեր–կառուցների համագործակցությունը շատ մեծ նշանակություն ունի, որպեսզի բանակն օր առաջ դառնա ավելի կարգապահ»։

Իրավապաշտպան կազմակերպությունները մշտապես մատնացույց են արել բանակում համակարգային խնդիրները, ինչից էլ բխում են ոչ կանոնադրական հարաբերությունները։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ընդգծում է՝ զինված ուժերում գործում է հատուկ կանոնակարգ, կան վերադասներ, որոնց վատ վերահսկողությունն իր հերթին կարող է հանգեցնել ողբերգությունների: Իրավապաշտպանները դժգոհ են նաև իրավապահների աշխատանքից, քանի որ  օրինաչափություն են արձանագրում․ զինված ուժերում սպանությունների կամ ինքնասպանությունների դեպքերում իրավապահները սահմանափակվում են բացառապես հանցագործությունը կատարողներով, ու պատասխանատվությունից դուրս է մնում բանակի ղեկավար կազմը, որին հանձնված է զինվորների կյանքն ու առողջությունը:

Որպես մտահոգիչ այս պատկերը փոխելու քայլ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարևորում է վարպետաց դասերի անցկացումը բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունում։ 

«Մեր նպատակը մեկն է, որպեսզի ենթամշակութային դրսևորումները նվազեն բանակում, և սպայական ու հրամանատարական առաջնորդությունը լինի մեր և ձեր համատեղ աշխատանքի արդյունքը մեր բարեփոխվող բանակում»։ 

Սրան զուգահեռ, Հայաստանի կառավարությունը զինված ուժերին առնչվող նոր որոշում է մշակել, ըստ որի՝ նախատեսում է խստացնել զինվորական ծառայությունից խուսափելու համար նախատեսվող պատիժը։

Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու համար նախատեսված 2-ից 5 տարի պատիժը կառավարությունն առաջարկում է դարձնել 3-ից 6 տարի։ Վարժական հավաքից խուսափելու համար տուգանք էր սահմանված առավելագույնը նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամսով  կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարով։ Կառավարությունն առաջարկում է տուգանքը դարձնել նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափ կամ սահմանել կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամսով  կամ ազատազրկում՝ 1-ից 3 տարով:

Կառավարությունը որոշման հիմնավորման մեջ նշում է, որ այս խստացումները զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերը նվազեցնելու համար են։

Կարդացեք նաև

Back to top button