
Երևանում 3-րդ տարին անընդմեջ անցկացվում է Doing Digital ֆորումը, որի առանցքում օր-օրի փոփոխվող փող է ու նոր ի հայտ եկող ու զարգացող թվային արժույթները։ Աշխարհի ավելի քան 15 երկրի 20-ից ավելի բանախոսներ են եկել Հայաստան՝ քննարկելու փողի էվոլյուցիան, ապագայի փողի և արհեստական բանականության տնտեսական ազդեցություններն ու Հայաստանի հնարավորությունները նոր, փոփոխվող աշխարհում:
Ո՞րը կլինի ապագայի փողը, ինչպիսի՞ն կլինի փողի ապագան․ այս հարցերը քննարկելու համար Երևան են ժամանել աշխարհի 15 երկրների 20–ից ավելի բանախոսներ ու 2000-ից ավելի մասնակիցներ։ Doing Digital Forum-ը իր շուրջ է հավաքել պետական կառույցների, գործարար համայնքի ներկայացուցիչների, ոլորտի միջազգային ու տեղական առաջատար փորձն ու գիտելիքները կրող փորձագետների ու կազմակերպությունների։ Ապագան շատ արագ է փոխվում, ու այդ փոփոխություններին պատրաստ լինելու համար մշտապես պետք է հետևել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին ու փոխանակել կուտակված փորձը՝ շեշտում է Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։
«Բոլորը հավաքվել են քննարկելու՝ ինչ անենք, որպես երկիր, որ այս տեխնոլոգիական ցունամիի դարաշրջանում առաջնորդենք այդ փոփոխությունները, ոչ թե լինենք դրա սպառողը։ Ունենք շատ մասնակիցներ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր ժամանել են Հայաստան, որպեսզի լսեն տեխնոլոգիական նորությունները, հասկանան, թե ուր է գնում աշխարհը, և ինչպիսին է լինելու ապագայի փողը կամ փողի ապագան, և իհարկե, քննարկելու, թե ինչպես են այդ փոփոխությունները ազդում տնտեսության ու տնտեսության վերափոխման վրա»։

Այս տարի ֆորումի առանցքում օր օրի փոփոխվող փողն է ու ի հայտ եկող թվային արժույթները, ֆիզիկական փողի կողքին՝ վերացական «թվային թղթադրամը», կաշվե դրամապանակի կողքին՝ թվայինն ու վճարային տեխնոլոգիաների զարգացման միտումները։
Ֆորումի բանախոս, կրիպտոարժույթի ոլորտը ներկայացնող Nine Blocks Capital Management ընկերության համահիմնադիր Հենրի Արսլանյանը 21-րդ դարի այս տասնամյակը ամենահետաքրքրիր ժամանակաշրջաններից մեկն է համարում․
«Մեր երեխաներն ու թոռները դեռ խոսելու են այն ժամանակահատվածի մասին, որը մենք այսօր ապրում ենք․․․ մենք այսօր կանգնած ենք ֆինանսների ու առհասարակ փողի հիմնովին փոփոխության հիմքերում, բիթքոինի գոյությունը, ընդունումը, ընդհանրապես, կրիպտոարժույթների ներդնումը լրջագույն փոփոխություններ է բերելու ֆինանսական աշխարհում»։
Հենրի Արսլանյանը վստահ է՝ Հայաստանը պատրաստ է այս մարտահրավերներին, հիմա ժամանակն է ֆինանսական ոլորտն ու օրենսդրական դաշտը հարմարեցնել նաև թվային արտարժույթին։ Այս հարցում ևս գործարարը Հայաստանում առաջընթաց է նկատել։ Ասում է՝ կգա մի օր, երբ առօրյայում՝ մեր ֆինանսները հաշվելիս, մեզ համար սովորական դարձած փողի կողքին նաև կրիպտոարժույթները կներառենք։
«Թվային արժույթներն ու կրիպտոարժույթները չեն փոխարինելու ֆիզիկական փողն ամբողջությամբ։ Ինչպես մարդիկ ժամանակին օգտագործում էին ոսկի և սովորական արժույթ, նույն կերպ, որոշ ժամանակ անց, մարդիկ կունենան կրիպտոարժույթներ, սովորական ֆիզիկական փող ու ինչու չէ նաև ոսկի»։

Ոլորտում սրընթաց զարգացմանը ու փոփոխություններին զուգահեռ քիչ չեն նաև մարտահրավերներն ու ռիսկերը։ Փողի փոխակերպմանը զուգահեռ անելիքներ կան նաև ֆինանսական նոր գրագիտության ոլորտում՝ արձանագրում են բանախոսները։ Թվային արժույթն իր հետ նոր հնարավորություններ է բերում պետությունների ու տնտեսության համար։ Շվեյցարական The Futures Agency ընկերության գործադիր տնօրեն Գերդ Լեոնհարդը կարծում է, որ ապագայում կշահեն այն պետությունները, որոնք այսօր ներդրումներ կանեն թվային դրամապանակում։
«Կարծում եմ, որ փոքր երկրների համար շատ կարևոր է փորձ ձեռք բերելը, հատկապես, նեղ մասնագիտացված բնագավառներում, որպեսզի ապագայում ստիպված չլինեք մրցակցելու այդ նույն բնագավառում խոշոր խաղացողների ու երկրների հետ։ Այսօր մենք ապրում ենք ներկայում, որը անցյալի արդյունքն է, բայց ապագան մենք ստեղծում ու կերտում ենք, և այդ ճանապարհին շատ կարևոր է ունենալ առաջնորդներ, որոնք գիտակցում են, թե ինչ է հնարավոր անել ապագայում»։
Doing Digital Forum–ը Հայաստանում անցկացվում է արդեն 3-րդ տարին անընդմեջ։ Ընդհանուր առմամբ, ֆորումն արդեն հյուրընկալել է 100-ից ավելի բանախոսների ու աշխարհի խոշորագույն կազմակերպությունների ներկայացուցիչների։ Ֆորումն այս տարի կրում է «Ապագայի փողը․ տնտեսական ազդեցությունը» խորագիրը։ Կազմակերպիչներն ընդգծում են՝ ամփոփումից անմիջապես հետո մտածելու են հաջորդ ֆորումի թեմայի մասին, սակայն վստահ են՝ աշխարհն այնքան արագ է զարգանում, որ գուցե հենց այդ փոփոխությունները թելադրեն, թե ինչն է լինելու հաջորդ տարվա քննարկումների առանցքում։




