ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայաստանը պատրաստ է կնքելու «Խաղաղության պայմանագիրը»․ արդարադատության նախարարը Բաքվից հնչող մտքերը նախապայման չի համարում

Չնայած Երևանն ու Բաքուն արդեն հայտարարել են, որ ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները, ստորագրման հարցում դեռ անորոշություն կա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր նախապայմաններ է առաջ քաշում, պահանջելով, որ Հայաստանի Սահմանադրությունից դուրս բերվի Անկախության հռչակագրին հղումը և լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Ալիևը հայտարարում է, որ «գնդակը Հայաստանի դաշտում է», մինչդեռ Երևանը շեշտում է, որ Սահմանադրության փոփոխությունը երկրի ներքին գործն է, իսկ Մինսկի խմբի լուծարումը կարող է դիտարկվել միայն համաձայնագրի ստորագրումից հետո։ Այս պայմաններում արդյոք մո՞տ է խաղաղության պայմանագրի ստորագրումը, թե՞ գործընթացը կրկին հայտնվել է անորոշության մեջ։ Կառավարության այսօրվա նիստից հետո այս թեմայի շուրջ լրագրողները հարցեր են ուղղել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։  

Հայաստանը միարժեքորեն պատրաստ է կնքելու «Խաղաղության պայմանագիրը», և Ադրբեջանի կողմից հնչեցված մտքերը որպես նախապայման չեմ դիտարկում՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ արձագանքելով դիտարկում-հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին նախապայմաններ է առաջ քաշում խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Ալիևը, մասնավորապես, պահանջում է Մինսկի խմբի լուծարում և ՀՀ Սահմանադրության փոփոխություն:

«Հայաստանը միարժեքորեն պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը, ընդ որում, այդ հնչեցված մտքերը որպես նախապայմաններ չեմ դիտարկում և կարծում եմ, որ կառավարությունն էլ չի դիտարկում: Խաղաղությունն այլընտրանք չունի, և մեր գործողությունները պետք է միտված լինեն խաղաղության վերջնական հաստատմանը: Թե ինչ կոնցեպտով պետք է առաջ շարժվենք դեպի խաղաղության պայմանգրի կնքումը, կարծում եմ՝ շատ շուտով հանրությանը հայտնի կլինի»։

Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխություններին, ապա Գալյանն ասաց, որ բազմիցս է նշել, որ աշխատում են Սահմանադրության նոր տեքստի վրա, այս պահին մանրամասներ ասել չի կարող.

«Ինչ-որ պահի հանրայնացվելու է և յուրաքանչյուր կետ, յուրաքանչյուր նորմ քննարկվելու է մեր հասարակության ներկայացուցիչների հետ»:

Արձագանքելով ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀ իշխանությունն արագացնի Սահմանադրության փոփոխության գործընթացը, արդարադատության նախարարն ասաց.

«Եթե խոսքը նոր Սահմանադրության մասին է, ապա դա պարզ առաջադրանք չէ, որ կարելի է կատարել 1, 2 կամ 3  ամիսների ընթացքում։ Դա մասնագետների տևական աշխատանք է պահանջում, խոսքը 8-10 ամսվա մասին  է»:

Հարցին, թե արդյոք հասե՞լ են Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելուն կամ  թողնելուն, նախարարը բացասական պատասխան տվեց։

Խաղաղության պայմանագրին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ապրիլի 2-ին անդրադարձել էր նաև ԱԺ ՔՊ խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։   

«Ես վստահ եմ, որ Հայաստանը խաղաղության գործընթացն առաջ է տանում  և անում  է քայլեր, որոնք կառուցողական են, և որոնք նպաստում են գործընթացի առաջխաղացմանը և դրա չլճացմանը։  Նման քայլերից ամենացցունը, ամենավառը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ  համաձայնության գալն էր և առաջարկը՝ բանակցություններ սկսել ստորագրման շուրջ։ Ես կարծում եմ՝ պետք է շարունակել այս տրամադրվածությամբ աշխատել, իհարկե, միակողմանի գործընթաց չէ, բայց, ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, մենք որոշ արդյունքերի հասել ենք»։   

Կառավարության նիստից հետո լրագրողները հարցեր ուղղեցին նաև առողջապահության նախարարին։ Նրանք, մասնավորապես, հետաքրքրվեցին, թե ի՞նչ տեղեկություններ ունի Անահիտ Ավանեսյանը Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին, և ի՞նչ է անում այդ ուղղությամբ նախարարությունը.

«Միանշանակ, մեր գործառույթների և մեր հնարավոր աշխատանքային խողովակների միջոցով անում ենք մեր հնարավոր անելիքները։ Այսքանը կարող եմ ասել»։

Ավանեսյանը նախընտրեց այլ մանրամասներ չհայտնել՝ ասելով, որ թե՛ վարչապետը, թե՛ արտգործնախարարն ԱԺ-ում և ամեն պատեհ առիթի տալիս են հնարավորինս չվնասող, ընդգրկուն պատասխաններ։

Կարդացեք նաև

Back to top button