
Այսօր անցկացվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող «Կրոնական և ազգային ինքնության հիմքով հանդուրժողականության և խաղաղ համակեցության» թեմայով լավագույն լրագրողական նյութերի մրցանակաբաշխությունը։
Լրագրողական ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվում է արդեն ութերորդ անգամ և նպատակ ունի խրախուսելու Հայաստանում կրոնական հանդուրժողականության և խաղաղ համակեցության վերաբերյալ հավասարակշռված ու նրբանկատ լրագրողական լուսաբանումը։
Այս տարի, ավելի քան 40 նյութերից, ընտրող հանձնաժողովն առանձնացրել է և պարգևատրել նաև Հայաստանի հանրային ռադիոյի ավագ լրագրող Արմինե Գևորգյանին՝ «Կյանքը՝ յուղի կաթսա նշանակող անվամբ հայ-հունական համայնքում․ Յաղդանը կանվանափոխվի՞» ռադիոհաղորդման համար։
Մրցանակները հանձնել են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ պարոն Արմեն Ղազարյանը։
***
Առաջին մրցանակը ստացել է Շուշանե Սաքունցը (Խիրատ մեդիա)՝ Եզդիական համայնքը և ՏԻՄ-երում նրանց մասնակցության մարտահրավերները տեսանյութի համար։ Երկրորդ մրցանակը՝ Քնար Խուդոյանը (Epress մեդիա)՝ «Հնդկաստանում հնդիկի գործ չկա» ֆոտոպատմության համար։
Երկու խրախուսական մրցանակ ևս շնորհվել է, մեկը Համլետ Սմոյանին՝ «Թլիկ․ուրվականների գյուղ» տեսանյութի համար, մյուսը՝ Անի Թադևոսյանին՝ «Բացի մարդաբանները, կգան նաև տուրիստներ» հոդվածի համար։
Տարիների ընթացքում ԵՀՀ-ն պարգևատրել է բազմաթիվ լրագրողների, մրցանակների են արժանացել հեռուստատեսային հաղորդումներ և հրապարակումներ, որոնք կարևոր նշանակություն են ունեցել այս թեմաների շուրջ հասարակության կարծիքի ձևավորման հարցում:




