
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 3-ի նիստում հայտարարել է, որ Հայաստանում բոլոր ոլորտներում առկա է կադրային խորը ճգնաժամ։
«Կարծում եմ, որ պետք է ի վերջո անենք քաղաքական արձանագրում՝ մեր փորձի վրա հիմնվելով, որ ՀՀ-ում ընդհանուր առմամբ բոլոր ոլորտներում կա կադրային ճգնաժամ»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ միայն խոսելու կարողությունը դեռ գիտելիք չի նշանակում, և քննադատությունը կադրային քաղաքականության նկատմամբ տեղին է՝ հաշվի առնելով երկրում մարդկային ռեսուրսի ընդհանուր սղությունը։
Նրա խոսքով՝ կադրային ճգնաժամը պայմանավորված է կրթական և սոցիալական խորը խնդիրներով՝ օրինակ բերելով, որ բնակավայրերի 70%-ում մանկապարտեզ չկա, իսկ դպրոցների մեծ մասը կիսավեր վիճակում է։
Փաշինյանը նաև նշել է, որ լավ մասնագետներ կան, սակայն նրանցից շատերն աշխատում են մասնավոր հատվածում կամ արտերկրում՝ 1-10 մլն դրամ աշխատավարձով, և չեն ցանկանա գալ կառավարություն։




